Մատչելիության հղումներ

«Վճիռները կկայացվեն ադրբեջանական դատարաններում»․ Քեմրան Ալիևը՝ Բաքվում ձերբակալված ԼՂ նախկին ղեկավարների մասին


Քեմրան Ալիև
Քեմրան Ալիև

«Անջատականները, որոնք երկար տարիներ Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի դեմ հանցագործություններ են կատարել, ձերբակալվել են տեղական հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում», - այսօր հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը՝ Գլխավոր դատախազության ընդլայնված կոլեգիայի նիստում։

«Անջատականների նկատմամբ դատավճիռները կկայացվեն ադրբեջանական դատարաններում», - ասել է Քեմրան Ալիևը։

Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։ Երեկ Բաքվի դատարանը 4 ամսով երկարաձգեց նրանց կալանքը։

Քեմրան Ալիևը նաև հայտարարել է, որ 2023 թվականին «Հայաստանի ականային ահաբեկչության» հետևանքով տուժել է 58 մարդ՝ 19 զոհ, 39 վիրավոր։

Երեկ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց ականապատ դաշտերի քարտեզների ութ նոր տեղեկամատյանների ի հայտ գալու և դրանք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով ադրբեջանական կողմին փոխանցելու մասին։ Արձագանքելով՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը նշել է, թե ակնկալում են, որ «Հայաստանը կներկայացնի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք դեռ ամբողջությամբ չեն ներկայացվել Ադրբեջանին»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG