Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն «սահմռկեցուցիչ տվյալներ ունի ադրբեջանցիների կողմից խոշտանգումների մասին»


Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյան, արխիվ
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյան, արխիվ

Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդմամբ` Ադրբեջանից կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարվել է 16 անձ, որոնցից 6-ը զինծառայողներ են, 10-ը՝ քաղաքացիական անձինք։ Ընդ որում, Ադրբեջանը 16-ից միայն 9-ի գերեվարման փաստն է հաստատել։

Գերեվարված 16 անձանց շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Գերեվարված մյուս 8 արցախցիների անունները չեն հրապարակվում։


Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր առանց փակագծեր բացելու ասաց, թե նախաքննության շրջանակներում զբաղվում են բոլոր գերեվարվածների գործերով:

«Կան նաև ոչ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր գերեվարված են, և հաստատված է այդ անձանց գերությունը: Մենք շատ ինտենսիվ զբաղվում ենք և՛ բարձրաստիճան պաշտոնյաների, և՛ մնացած մարդկանց գերեվարման և խոշտանգման, ցանկացած հարցով, որը վերաբերում է մարդկության դեմ ուղղված հանցակազմին», - հայտարարեց Քյարամյանը:

Թե ինչ վիճակում են Բաքվի բանտերում գտնվող շուրջ երկու տասնյակ անձինք, ինչ ճակատագիր է նրանց սպասում, կա արդյոք նրանց վերադարձնելու հնարավորություն, հստակ չէ։

Դավիթ Իշխանյանը Բաքվից երկու անգամ կապ է հաստատել հարազատների հետ

Գերեվարված Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվից երկու անգամ կապ է հաստատել հարազատների հետ: Նրա որդին «Ազատությանը» փոխանցեց, որ հայրն առաջին անգամ հոկտեմբերի 10-ին է զանգահարել, երկրորդ անգամ՝ հոկտեմբերի 13-ին. - «Ասաց, որ նորմալ է ամեն ինչ, այդքանը, ուրիշ ոչ մի բան: Կարմիր Խաչը 19-ին այցելել է, ասել են բանավոր, որ վիճակը նորմալ է»։

Դավիթ Իշխանյանը Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահների հետ գերեվարվեց հոկտեմբերի սկզբին։ Բաքուն նրան և մյուսներին մեղադրում է ահաբեկչության մեջ։ Իշխանյանը, ինչպես և նախկին նախագահները չորս ամսով կալանավորվել են։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հոկտեմբերի 20-ին այցելել է Ադրբեջանում պահվող արցախցի պաշտոնյաներին, այդ թվում՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Նրա առողջական վիճակի մասին, սակայն, ոչինչ հայտնի չէ։ Մինչդեռ «Մեդիահաբ»-ի փոխանցմամբ՝ Արցախի ռազմական գերատեսչության նախկին ղեկավարը Բաքվում վիրահատվել է և գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։ «Ազատությանը», այդուհանդերձ, չի հաջողվել կապ հաստատել Լևոն Մնացականյանի հարազատների հետ և ճշտել այս լուրի իսկությունը։

Ի տարբերություն գերեվարված մյուս պաշտոնյաների, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը միակն է, որի վերաբերյալ Բաքուն որևէ լուսանկար կամ տեսանյութ չի հրապարակել։

Գերեվարված 8 պաշտոնյաներից բացի, մյուս 8 անձանց վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդվում։ Կարմիր Խաչից փոխանցում են , որ այլ անձանց ձերբակալության փաստի հաստատումից հետո պատրաստ են տեսակցել նրանց՝ ըստ իրենց ընթացակարգի։

«Ազատությանը» հայտնի է դարձել 4 գերեվարված արցախցու մասին

Ի դեպ, «Ազատությանը» հայտնի է դարձել 4 գերեվարված արցախցու մասին, որոնցից 3-ի հարազատները նրանց իսկ անվտանգությունից ելնելով դեռ չեն ցանկանում հրապարակել գերիների տվյալները։

Նրանցից մեկն էլ Մելիքսեթ Փաշայանն է, ում կինն «Ազատությանը» փոխանցել էր, որ ամուսինը դեռ անցած ամիս է իրենց հետ կապ հաստատել. - «Բաքվից է զանգել, որ՝ «ես ստեղ եմ, ողջ եմ, բայց չեմ իմանում երբ եմ գալու»:

Սա միակ զանգն է եղել, Փաշայանը դրանից հետո ընտանիքի հետ կապ չի հաստատել։ Կինը տեղյակ չէ նաև՝ արդյոք Կարմիր Խաչից ամուսնուն տեսակցել են։

16 գերիներից բացի, Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդում է նաև Արցախից անհետ կորած ևս 12 քաղաքացիական անձի և 30 զինծառայողի մասին: Արդյոք չորս տասնյակից ավելի այս անձինք գերեվարված են, ողջ են, թե՝ ոչ, պարզ չէ։ Քննչական կոմիտեն շարունակում է փաստահավաք աշխատանքը:

«Ադրբեջանի հետ տարվող աշխատանքները շարունակվում են, որևէ բան բացառել հնարավոր չի: Հենց դա է պատճառներից մեկը, որ մենք չենք շտապում դեռևս անձանց տվյալներ ներկայացնել», - «Ազատությանն» ասաց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Գերիներներից և անհետ կորածներից բացի, Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդում է ադրբեջանական ագրեսիայի ժամանակ առնվազն 14 անձի խոշտանգման մասին, որոնցից 12-ը զինծառայող են, 2-ը՝ քաղաքացիական անձ։ Կոմիտեի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ «սահմռկեցուցիչ տվյալներ ունեն», և դեռ քննությամբ պետք է պարզվի՝ արդյոք այդ 14 անձինք խոշտանգման հետևանքո՞վ են մահացել, թե՞ խոշտանգվել են սպանվելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG