Մատչելիության հղումներ

16 գերիների առողջական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին


Արցախի գերեվարված նախկին նախագահներ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան և Արայիկ Հարությունյան
Արցախի գերեվարված նախկին նախագահներ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան և Արայիկ Հարությունյան

Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների և խաղաղ բնակիչների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ, նաև նրանց լուսանկարները։

Այդ տվյալները Հայաստանի ներկայացուցիչը ստացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) միջոցով։ Միջազգային դատարանը Հայաստանի խնդրանքով դիմել է Ադրբեջանին, Բաքուն էլ գերեվարված անձանց վերաբերյալ տվյալները փոխանցել է ՄԻԵԴ-ին։

Թե արդյոք 16 գերիները խոշտանգվել են, արդյոք նրանց իրավունքները պաշտպանվում են, առողջական խնդիրներ ունեն, թե ոչ՝ այս հարցերի շուրջ տեղեկություններ դեռևս չեն տրամադրվում։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանն ասաց, որ այժմ առարկությունների փուլն է։ Այսինքն, եթե հայկական կողմը գերիների վերաբերյալ ստացված տվյաների հիման մարդու իրավունքների խախտումներ արձանագրի, ապա առարակությունները կներկայացնի միջազգային դատարանին։

Գերիների ընտանիքների անդամները «Ազատության» հետ զրույցում հաստատեցին՝ կառավարությունն իրենց է փոխանցել տվյալներ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հարազատների վերաբերյալ։ Սակայն նրանք խուսափեցին ասել՝ արդյոք մտահոգիչ տեղեկություններ ստացել են նրանց պահման պայմանների կամ առողջական վիճակի վերաբերյալ։

Հարազատները մտավախություն ունեն, որ իրենց ցանկացած խոսք կարող է վնասել բանտերում պահվող անձանց։ Նրանք միայն տեղեկացրեցին, որ Կարմիր Խաչը վերջապես տեսակցել է իրենց հարազատներին և բանավոր փոխանցել նրանց կարիքների մասին տեղեկություն: Ոմանք տաք հագուստ են խնդրել, ոմանք՝ ծխախոտ...

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից հաստատեցին՝ անցած ամիս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 անդամներին տեսակցելուց հետո, այս ամիս տեսակցել են սեպտեմբերի 19-ին և հետո գերեվարված այլ անձանց:

Բաքուն փորձում է ճնշումներ բանեցնել թե՛ Հայաստանի և թե՛ այլ դերակատարների վրա. Արցախի նախկին պետնախարար

Ինչո՞ւ Բաքուն գերիներին ետ չի վերադարձնում, ի՞նչ խնդիր է փորձում լուծել։ Արդյո՞ք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս գերիների նկատմամբ համաներում կիրառելու հնարավորություն Բաքուն տեսնում է:

Սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայից երեք օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, թե դիտարկում են զենքը վայր դրած ղարաբաղցիների հանդեպ համաներման որոշում կայացնելու հնարավորությունը: Չնայած Հաջիևը պնդել էր, թե այս երաշխիքները տալիս են ամենաբարձր մակարդակով, այնուամենայնիվ առայսօր սեպտեմբերին և հոկտեմբերին գերեվարված ու ադրբեջանական բանտերում պահվող որևէ զինվորական համաներման չի ենթարկվել։ Ավելին, Բաքուն երեկ 15 տարվա ազատազրկման դատապարտեց Լաչինի միջանցքից առևանգված առաջին արցախցուն՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։

Գուրգեն Ներսիսյանը Արցախի պետնախարարի պաշտոնում, արխիվ
Գուրգեն Ներսիսյանը Արցախի պետնախարարի պաշտոնում, արխիվ

Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ գերի պահելով 16 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահներին, Բաքուն փորձում է ճնշումներ բանեցնել թե՛ Հայաստանի և թե՛ այլ դերակատարների վրա։

«Նպատակը դա է՝ որպես գործիք օգտագործում են, ինչ-որ տեղ նաև հնարավոր քայլերից, գործողություններից, այդ թվում նաև՝ քաղաքական ու միջազգային հարթակներում որոշակի գործողություններից, քայլերից զերծ պահելու նպատակով», - նշեց Ներսիսյանը:

«Ազատություն». - Այսինքն՝ ճնշում Հայաստանի իշխանությունների վրա, որ նրանք քայլեր չձեռնարկեն:

Գուրգեն Ներսիսյան. - Բոլոր հնարավոր դերակատարների նկատմամբ, որոնք որ այս իրադարձությունների հետ կապված կարող են ինչ-որ գործողություններ նախատեսել, գործընթացներ նախաձեռնել:

«Ազատություն». - Այդ դեպքում ինչո՞վ բացատրել քաղաքացիական անձանց գերի պահել շարունակելը, շարքային զինվորականներ կան գերիների մեջ...

Ներսիսյան. - Գուցե արժեքի և նշանակության առումով տարբեր են, բայց նրանք տարբեր են նաև որպես գործիքներ: Եթե նրանք պահվում են, նրանց վերադարձնելու ուղղությամբ քայլեր, չէ՞, պետք է ձեռնարկվեն՝ միջնորդություններ լինեն, և այլն, ամենատարբեր հարթակներից, ոչ միայն Հայաստանի Հանրապետության: Ի վերջո, և՛ քաղաքական կշռի, և՛ քաղաքական նշանակության վրա դա ազդեցություն ունի, և եթե դիմում են ամենատարբեր հարթակներից՝ խնդրանքի, միջնորդությունների նման հայցերով, Ադրբեջանին դա միջազգային հարթակում և քաղաքական հարթակներում ի վերջո նշանակություն ունենում է:

Նախկին պետնախարարը չբացառեց, որ դրա դիմաց ևս Բաքուն որոշ բաներ է ակնկալելու:

Արցախցիների համաներման հնարավորության մասին ավելի վաղ՝ մինչև սեպտեմբերյան ռազմական գործղությունները խոսել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ ԱՄՆ Պետդեպարտամենտն էլ ողջունել էր Ալիևի՝ համաներումը քննարկելու պատրաստակամությունը։

XS
SM
MD
LG