Մատչելիության հղումներ

Անկարան ընդունեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության օրենքը


Թուրքիայի խորհրդարանը հաստատում է Շվեդիայի հայտը, Անկարա, 24-ը հունվարի, 2024թ.
Թուրքիայի խորհրդարանը հաստատում է Շվեդիայի հայտը, Անկարա, 24-ը հունվարի, 2024թ.

Հաստատումը 20 ամիս է տևել

Թուրք օրենսդիրները բավարարել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի Թագավորության անդամակցելու հայտը: Նիստին մասնակցած 346 պատգամավորներից կողմ է քվեարկել 287-ը, դեմ՝ 55-ը, 4-ը՝ ձեռնպահ։ Քվեարկության արդյունքները հրապարակել է Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի փոխնախագահ Չելալ Ադանը:

Այսպիսով, 20 ամիս տևած ձգձգումներից և քաղաքական առևտրից հետո Թուրքիան հավանություն տվեց Շվեդիայի անդամակցմանը ՆԱՏՕ-ին:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, դրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունը և հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հավանություն են տվել օրիագծին, մինչդեռ իսլամիստները և ձախակողմյանները դեմ են քվեարկել:

Ի՞նչ է փոխվել 20 ամսում

Անցած շաբաթներին արդեն պարզ էր, որ թուրքերը հակված են հանել առարկությունները: Ի՞նչն է փոխվել այս 20 ամիսների ընթացքում: Այդ մասին խոսել է «Արդարություն և զարգացում»-ից Ազգային մեծ ժողով ընտրված պատգամավոր Օգյուզ Ուչունչուն:

«20 ամսվա ընթացքում՝ եթե ուշադիր նայենք, Շվեդիան փոխեց իր Սահմանադրությունը, ստանձնեց օրինական պայմանավորվածություններ, ձերբակալեց և դատեց Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապ ունեցողներին, Շվեդիան հաշվի առավ Թուրքիայի մտահոգություններն անվտանգության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարում», - ասել է իշխող ֆրակցիայի անդամ Ուչունչուն:

Շվեդիայում վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը գովեստով է արտահայտվել թուրք օրենսդիիրների որոշման մասին: «Այսօր մենք ևս մեկ քայլով մոտեցանք ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալուն, Թուրքիայի Ազգային մեծ ժողովը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցմանը», - X-ում գրել է վարչապետը:

«Հիմա ռուսները երկու անգամ կմտածեն մի բան անելուց առաջ»

Շարքային բնակիչներն էլ հիմնականում դրական են գնահատում Անկարայից ստացված լուրը: Այդ է վկայում Մալմյո քաղաքում Reuters-ի անցկացրած հարցումը.

Ջիմի Աբերգ. - «Ժամանակն էր, իհարկե սա կարևոր է Շվեդիայի համար»:

Ջեննի Բլեյկ. - «Կարծում եմ, սա լավ բան է, վերջապես հարցը լուծվեց, Շվեդիայյի համար շատ վտանգավոր էր օդում կախված վիճակը, երբ չէին ասում «այո» կամ «ոչ»: Ուստի լավ արդյունք է»:

Ռենե անունով Մալմյո քաղաքի բնակիչ. - «Շատ ուրախ եմ, դա անվտանգություն կապահովի, ավելի լավ պաշտպանություն ռուսական ագրեսիայի դեմ, հիմա ռուսները երկու անգամ պետք է մտածեն որևէ բան անելուց առաջ»:

«Շվեդիան քաղաքական խաղում սակարկության առարկա էր»

Շվեդիայում Լունդի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Ռիկարդ Բենգտսոնի համոզմամբ՝ վավերացումը երկար է տևել, քանի որ Անկարան Շվեդիայի անդամակցության հարցը կապել է ամերիկյան կործանիչների գործարքի հետ:

«Այսպիսով, մեծ տերությունների քաղաքական խաղում Շվեդիան որոշ իմաստով օգտագործվել է որպես սակարկության առարկա, և առնվազն դա էր թուրքերի դիրքորոշման հիմքում», - ասել է պրոֆեսորը:

Նրա կարծիքով՝ հիմա իրավիճակն ավելի հստակ է դարձել: Անդամակցումն էլ դրական հանգամանք է՝ հաշվի առնելով Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ:

Մնում է Բուդապեշտը

Առաջիկա օրերին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ստորագրությամբ կվավերացնի օրենքը, և այն կմտնի ուժի մեջ: Եվ կմնա ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու ճանապարհը դեռևս խոչընդոտող ընդամենը մեկ երկիր՝ Հունգարիան:

Բուդապեշտը բազմիցս նկատել է տվել, թե իր մերժողական դիրքորոշումը կապված է Անկարայի մոտեցման հետ, բացի այդ, հունգարացիները որոշակիորեն սրտնեղած են, քանի որ Շվեդիան քննադատել է Հունգարիայի կառավարության ոչ դեմոկրատական քայլերը:

Երեկ, երբ պարզ է դարձել, որ թուրքերը կողմ կքվեարկեն, վարչապետ Վիկտոր Օրբանը, ով նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բարեկամի համբավ ունի, X-ում գրել է, թե հրավիրում է Շվեդիայի վարչապետին ՆԱՏՕ-ի և այլ հարցեր քննարկելու համար, ինչին Շվեդիայի արտգործնախարարը պատասխանել է, թե բանակցությունների կարիք չկա:

Այսօր արդեն Օրբանն X-ում տեղեկացրել է, որ խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ և հավատացրել, թե կառավարությունը խորհրդարանին կոչ է անում հնարավորինս արագ վավերացնել Շվեդիայի հայտը:

Հրաժարումը չեզոքությունից Մոսկվայի ագրեսիայի հետևանք է

Շվեդիան և Ֆինլանդիան հրաժարվել են տասնամյակներ վարած չեզոքության քաղաքականությունից և վճռել են անդամակցել ՆԱՏՕ-ին այն բանից հետո, երբ ռուսները 2022-ի փետրվարի 24-ին հարձակվել են Ուկրաինայի վրա:

Թուրքերն առարկություններ են ունեցել նաև Ֆինլանդիայի նկատմամբ, սակայն այդ երկրի անդամակցումը բարեհաջող է ընթացել, և 2023 թվականի ապրիլի 4-ին Ֆինլանդիայի դրոշը հանդիսավորությամբ բարձրացվել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մուտքի մոտ:

Ռուսաստանում քննադատել են սկանդինավյան երկու պետությունների դարակազմիկ վճիռները և սպառնացել են համապատասխան քայլեր անել ու հզորացնել ռազմական դիրքերը Հյուսիսային Եվրոպայի ուղղությամբ:

Այնուամենայնիվ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Շվեդիայի հայտի բավարարումը թուրքերի ինքնիշխան որոշումն է:

XS
SM
MD
LG