Մատչելիության հղումներ

ԱԺ-ն ընդունեց 27 տարին լրացած և բանակից խուսափածների վերաբերյալ օրինագիծը


Խորհրդարանն այսօր ձայների 61 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 27 տարին լրացած և չծառայած քաղաքացիներին պատասխանատվությունից ազատելու հնարավորություն տվող՝ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրինագիծը։

Ըստ այդմ, զինծառայությունից խուսափած 27-ից 37 տարեկան քաղաքացիները 5 տարվա ազատազրկման փոխարեն կարող են կա՛մ ծառայել բանակում`2 տարվա փոխարեն 2,5 տարի, կա՛մ ազատվել ծառայությունից 15 միլիոն դրամի՝ շուրջ 37 հազար դոլարի դիմաց։ Փոփոխությունում նաև ամրագրվում է, որ հետախուզվող քաղաքացիները կարող են քրեական հետապնդումից ազատվել նաև 2.5 միլիոն դրամ վճարելով ու 12 ամիս ծառայելով, 5 միլիոն դրամի դիմաց էլ 6 ամիս ծառայելով։

Հայկ Սարգսյանի տվյալներով՝ պարտադիր զինվորական զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած շուրջ 5000 Հայաստանի քաղաքացիների դեմ այս պահին քրեական հետապնդում է հարուցված։

«Մեր գործող օրենսդրությամբ զինապարտ են համարվում 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները մինչև 27 տարին լրանալը: Այսինքն, գործող կարգավորումներով 27 տարեկան տղաները չեն կարող ծառայել և ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով՝ մինչև 5 տարի ժամկետով», - նախագիծն ԱԺ-ում ներկայացնելիս ասել էր Սարգսյանը՝ նշելով, որ մինչև 5 տարվա ազատազրկման դատապարտելու փոխարեն առաջարկում են հազարավոր տղամարդկանց հայրենիք վերադառնալու և քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն տալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG