Մատչելիության հղումներ

Իշխանական պատգամավորը բանակից խուսափած 5000 տղամարդկանց «հայրենիք վերադարձնելու» նախագիծ է առաջարկում


Պարտադիր զինվորական զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած շուրջ 5000 Հայաստանի քաղաքացիների դեմ այս պահին քրեական հետապնդում է հարուցված։ Այս տվյալներն այսօր հրապարակեց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ընդգծելով, որ այդ անձինք ենթադրաբար Հայաստանից հեռացել են մինչև 18 տարի լրանալը և Հայաստան վերադառնալու դեպքում նրանց ազատազրկում է սպառնում։

«Մեր գործող օրենսդրությամբ զինապարտ են համարվում 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները մինչև 27 տարին լրանալը: Այսինքն, գործող կարգավորումներով 27 տարեկան տղաները չեն կարող ծառայել և ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով՝ մինչև 5 տարի ժամկետով», - ներկայացրեց Սարգսյանը:

Մինչև 5 տարվա ազատազրկման դատապարտելու փոխարեն, սակայն, ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է հազարավոր տղամարդկանց հայրենիք վերադառնալու և քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն տալ։

Արդեն շրջանառության մեջ դրված օրինագծով զինապարտության տարիքը լրացած անձանց 5 տարբերակ է առաջարկվում. Զինծառայությունից խուսափած 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են պարզապես վերադառնալ և 2 տարի ծառայել հայկական բանակում։ Մեկ տարի ծառայելու դեպքում պետք է պետական բյուջե վճարեն ավելի քան 2 միլիոն դրամ, կես տարվա դեպքում՝ հինգ միլիոն դրամ, և ընդամենը 1 ամսվա համար՝ 10 միլիոն։ Եթե հետախուզվող անձինք ընդհանրապես չեն ցանկանում ծառայել, ապա պարզապես կարող են պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ, շուրջ 40 հազար դոլար և ազատվել քրեական հետապնդումից։

«Մենք նրանց հնարավորություն ենք տալիս դատապարտվելու փոխարեն վճարելու և չծառայելու, այսինքն, մի կողմից եթե նրանք բոլորը հայտնաբերվեն կամ ներկայանան, մենք կունենանք 5000 դատապարտյալ, իսկ եթե օրենքը ընդունվի և նրանք բոլորը ներկայանան, մենք կունենանք այդ քանակությամբ ավելի զինծառայող կամ հավասարացված գումարներ: Այսինքն՝ մենք պետք է ընտրություն կատարենք՝ ուզում ենք այդ քաղաքացիները դատապարտվեն կամ վաղեմության հիմքով նրանց քրեական գործը կառճվի, թե նրանք գան ծառայեն, սա է մեր ընտրությունը, որը պետք է անենք», - նշեց Հայկ Սարգսյանը:

«9 տարվա ընթացքում զորակոչիկների թիվը 44 հազարից դարձել է 24 հազար»

Իշխանական պատգամավորի խոսքով՝ զորակոչիկների թվի վերաբերյալ առկա վիճակագրությունը արդեն իսկ խիստ մտահոգիչ է։ Վերջին 15 տարիների ընթացքում բանակում ծառայողների թիվը տարեց տարի նվազում է։ Եվ խնդիրը միայն ցածր ծնելիությունը չէ։ Ծնողները հաճախ իրենց երեխաներին պարզապես մանուկ հասակում տեղափոխում են արտերկիր, նրանք մինչև հաշվառվելը ստանում են այլ երկրի քաղաքացիություն և ազատվում ծառայությունից։

Հայկ Սարգսյանի տվյալներով՝ միայն 9 տարվա ընթացքում զորակոչիկների թիվը գրեթե կիսով չափ կրճատվել է. - «2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, և 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով, այսինքն, 44 հազարից դարձել է 24 հազար»:

Իշխանական պատգամավորը մեկ այլ մտահոգիչ վիճակագրություն էլ ներկայացրեց՝ զորակոչի ենթակա Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին ուղղակի չեն ծառայում բանակում. - «2003 թվականից 2019 թվականների ընթացքում բանակում չի ծառայել ավելի քան 82 հազար քաղաքացի: Այս նույն ժամանակահատվածում չծառայելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել ու դատապարտվել է ընդամենը 143 քաղաքացի»:

Պետական մարմինները նման թվեր սովորաբար չեն հրապարակում, բայց պատգամավորը պնդեց, թե իր հրապարակած տեղեկությունները պետական գաղտնիք չեն։ Պաշտպանության նախարարությունից առայժմ չեն արձագանքել։

Բանակից խուսափածների համար նման մի կարգավորում գործում էր նաև նախկինում։ Դեռևս 2004 թվականին ընդունված օրենքով 27 տարին լրացած անձինք 3.6 միլիոն դրամ էին վճարում և ազատվում քրեական պատասխանատվությունից։

Դեռ 2017 -ին Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը այսպես էր հիմնավորում օրենքի երկարացումը. - «Բարի գործ ենք ուզեցել անել, որովհետև իրականում այդ երեխաները, ովքեր լքել են Հայաստանի Հանրապետությունը, շատ տարբեր պատճառներով են հեռացել, և դռները նրանց առջև փակել, կարծում եմ, այնքան էլ տրամաբանական չէ»:

Ըստ Սարգսյանի՝ «առաջիկա մեկ տարվա ընթացքում օրենքից կօգտվի մոտ 500-1000 քաղաքացի»

Շուրջ 8 անգամ փոփոխված այդ օրենքը, որը դադարեց գործել 2019-ի դեկտեմբերին, բանակում ծառայելու հնարավորություն, սակայն, չէր նախատեսում։

Այսպիսով, եթե մոտ 6 տարի առաջ իշխող Հանրապետականի առաջարկով բանակից խուսափածները վճարում էին 3.6 միլիոն դրամ, այսինքն մոտ 9 հազար դոլար, ապա այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիրը առաջարկում է այդ վճարը հասցնել մոտ 39 հազարի դոլարի։

Արդյո՞ք կա վերլուծություն, թե արտերկրում գտնվող քանի տղամարդ կցանկանա կամ կկարողանա այսչափ գումար վճարել՝ հայրենիք վերադառնալու և քրեական հետապնդումից ազատվելու համար։

«Իմ կանխատեսումներով առաջիկա մեկ տարվա ընթացքում օրենքից կօգտվի մոտ 500-1000 քաղաքացի», - ասաց Հայկ Սարգսյանը:

Իշխանական պատգամավորի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարությունը նախնական քննարկումների արդյունքում կողմ է արտահատվել իր հեղինակած օրինագծին, բայց պաշտոնական կարծիքներն ու առաջարկները դեռ չեն ստացել։

Օրինագիծն առաջիկայում պետք է քննարկվի կառավարությունում, որից հետո այն կուղարկվի խորհրդարան։

Պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն առայժմ ձեռնպահ են մնում կարծիք հայտնելուց, «Ազատությանը» փոխանցեցին, որ օրինագծին կանդրադառնան առաջիկայում։

XS
SM
MD
LG