Այսօր Թայվանում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է իշխող Դեմոկրատական-առաջադիմական կուսակցության թեկնածու Լայ Ցինդեն։
Քվեների նախնական հաշվարկի համաձայն, Ցինդեն ստացել է թայվանցի ընտրողների ավելի քան 40 տոկոսի քվեն։
Նրա գլխավոր հակառակորդի՝ «Գոմինդան» կուսակցության կողմից առաջադրված Խոու Յուիի օգտին քվեարկել է ընտրողների մոտ մեկ երրորդը։
65-ամյա Ցինդեն Չինաստանի հետ կապերի խորացման սկզբունքային հակառակորդներից է։ Նախընտրական արշավի ընթացքում հաղթած թեկնածուն բազմիցս հայտարարել է, որ Պեկինի հետ հարաբերություններում պատրաստվում է պահպանել ստատուս-քվոն՝ կղզու ֆորմալ անկախությունը չհռչակելով և չսերտացնելով կապերը ՉԺՀ հետ։
Ցինդեն նաև կողմ է արտահայտվում Վաշինգտոնի հետ կապերի խորացմանը։