Մատչելիության հղումներ

Աշխարհում ոչ մի խնդիր չի կարող լուծվել առանց Մոսկվայի մասնակցության․ Տոկաև


Աշխարհում ոչ մի խնդիր չի կարող լուծվել առանց Մոսկվայի մասնակցության, ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Egemen Qazaqstan («Ինքնիշխան Ղազախստան») ազգային թերթին տված հարցազրույցում՝ շեշտելով՝ Ռուսաստանի նման հսկա երկրում նախագահական ընտրությունները միջազգային նշանակություն կունենան։

«Պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանը մեծ դեր ունի համաշխարհային քաղաքականության մեջ և հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թե՛ խոսքով, թե՛ գործով մեծ ազդեցություն ունի գլոբալ մթնոլորտի վրա։ Գաղտնիք չէ՝ ողջ աշխարհը հաշվի է նստում Ռուսաստանի դիրքորոշման հետ։ Աշխարհում ոչ մի խնդիր չի կարող լուծվել առանց այս պետության մասնակցության», - ասել է Տոկաևը։

Ղազախստանի ղեկավարը հիշեցրել է, որ անցյալ տարի Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով եղել է Ղազախստանում։

«Հասկանալի է, որ սա երկկողմ հարաբերությունները աշխուժացնող գլխավոր իրադարձություններից մեկն էր», - ասել է Տոկաևը՝ շեշտելով՝ Մոսկվայի և Աստանայի միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունները «չեն շեղվելու իրական բարեկամական հունից»։

«Ռուսաստանը Ղազախստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի առաջին 10 ամիսներին կազմել է 21,4 մլրդ դոլար», - ասել է Ղազախստանի նախագահը՝ ընդգծելով՝ Ռուսաստանը Ղազախստանի գլխավոր գործընկերն ու դաշնակիցն է։

XS
SM
MD
LG