Մատչելիության հղումներ

Չեխիայում այսօր սգո օր է


Չեխիայում այսօր սգո օր է։ Պրահայի Կարլի համալսարանի մասնաշենքի մոտ որտեղ հինգշաբթի օրը կրակոցների հետևանքով 14 մարդ զոհվեց, ի հիշատակ նրանց, մոմեր են վառվում, ծաղիկներ դրվում։

Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլը, այս վայրում հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին, լրագողներին ասել է․ - «Մենք պետք է մտածենք ինչ անել նման իրադարձություններից խուսափելու համար։ Սա կախված է մեզանից` յուրաքանչյուրիցս, ոչ միայն քաղաքական գործիչներից, կամ թե ինչպես են ապահոված համալսարանների անվտանգությունը, սա կապված է նաև մամուլից, նաև թե ինչպես ենք դաստիարակում մեր երեխաներին, թոռներին։ Կրածում եմ` բոլորն են դա այսօր գիտակցում, երբ Սուրբ Ծննդյան տոնին Չեխիան ծածկված է սև կտորով»։

Նա ասել է, որ այս պահին ամենակարևորը առավելագույն աջակցություն հայտնելն է հարազատներ կորցած սգավորներին։

«Հասկանալի է՝ դա չի կարող մեղմել նրանց ցավը, բայց նրանք կարող են զգալ, որ մենք փորձում ենք կիսել նրանց վիշտը»,- ասել է նա։

Չեխիայի նախագահ Պետր Պավելը ներկա է գտնվել Պրահայի տաճարում զոհերի հիշատակին նվիրված պատարագին։

Դեկտեմբերի 21-ին Պրահայի կետրոնում, Կարլի համալսարանի մասնաշենքում արձակված կրակոցների հետևանքով, վերջին տվյալներով, 14 մարդ է զոհվել, ներառյալ կրակ բացած 24-ամյա ուսանողը։

Չեխիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 27 մարդ է տեղափոխվել Պրահայի հիվանդանոցներ, մեծ մասը հրզենային վիրավորումով։ Վիրավորներից 12-ի վիճակը շարունակում է ծանր մնալ, իսկ մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Չեխիայի իշխանությունները ասել են, որ տեղի ունեցածը միջազգային ահաբեկչություն չէ, հանցագործը միայնակ է գործել։

Այսօր ուղիղ կեսօրին Չեխիայում լռության րոպե էր։

XS
SM
MD
LG