Հակակոռուպցիոն դատարանը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին երկու ամսով կալանավորեց:
Ձերբակալությունից մեկ օր առաջ «Հրապարակին» տված հարցազրույցում Գալստյանը խոսել էր իշխանության կողմից ճնշումների ու ընտրակաշառք բաժանելու մասին: Թե կոնկրետ ինչ գումարների մասին է խոսքը, Հակակոռուպցիոն կոմիտեն չի մանրամասնում: Մեղադրյալների փաստաբաններն էլ նախաքննության փուլում իրավունք չունեն փակագծերը բացել:
Այսօր արդեն Հակակոռուպցիոնը նրան մեղադրեց ընտրակաշառք տալու համար: Գալստյանին ձերբակալել էին նախօրեին: Գալստյանի հետ ձերբակալված է նաև Վաղարշապատի ընտրություններում կուսակցության ցուցակի երկրորդ համարը զբաղեցրած Արամ Քոչարյանը: Երկուսի բնակարանն էլ իրավապահները խուզարկել էին, ու Արթուր Վանեցյանի խոսքով՝ անօրինական ոչինչ չեն առգրավել, միայն հեռախոսներ: Վանեցյանը քաղաքական է որակում այս քրեական գործը:
Բացի «Հայրենիք» կուսակցության երկու անդամից, այս գործով ճաղերի հետևում է ևս վեց հոգի: Նրանց շարքում է նաև Արմավիրի մարզպետի նախկին տեղակալ Մովսես Քարտաշյանը: Թե ինչ առնչություն է ունեցել նախկին բարձրաստիճան պաշտոնյան Արթուր Վանեցյանի թիմի հետ, Հակակոռուպցիոնը չի մանրամասնում: Մյուսների անուններն իրավապահները չեն հայտնում, իսկ ընդդիմադիր «Հայրենիքից» պնդում են, թե Արմավիրի նախկին փոխմարզպետը իրենց կուսակցությունից չէ: