Մատչելիության հղումներ

ԲԴԽ նախագահը վեթինգն 80 տոկոսով կատարված է համարում. իրավապաշտպանները համաձայն չեն


Դատական վեթինգը 80 տոկոսով կատարված է, այսօր Ֆեյսբուքի իր էջում ազդարարել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահը։ Կարեն Անդրեասյանը պարզաբանել է՝ վեթինգ ասելով նկատի ունի դատավորների բարեվարքության ստուգումն ու դատավորների կազմի նորացումը:

Դատավորների անկախությունը երաշխավորող կառույցի նախագահն ընդգծել է՝ վերջին տարիներին նոր նշանակված, ինչպես նաև առաջխաղացում ունեցած դատավորները, որոնք գործող դատավորների 60 տոկոսից ավելին են, անցել են բարեվարքության ստուգում:

«Բառացի թարգմանությունը ստուգում է, բայց իմաստն այն է, որ պիտի ունենար զտում, այսինքն՝ պիտի պարզվեին բոլոր այն դատավորները, որոնք վնաս են տվել Հայաստանի Հանրապետության արդարադատությանը, և իրենք պիտի հեռացվեին համակարգից», - ասում է 2018-ի հեղափոխությունից հետո դատական և իրավապահ համակարգի բարեփոխման ջատագով Լևոն Բարսեղյանը, որը մյուս իրավապաշտպանների հետ մեկ անգամ չէ Փաշինյանի թիմին առաջարկել ազատվել կոռուպցիոն գործելաոճով հայտնի քննիչներից, դատախազներից ու դատավորներից։ Մանիպուլացիա է, շտապում է հայտարարել նա. - «Հանձնարարի, ասի՝ հիմա գործող 309 դատավորներից քանի՞սն ունեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված գործեր»։

ԲԴԽ նախագահը վեթինգի օրինակ է համարում այն, որ գործող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո, նրանք բոլորն անցնել են բարեվարքության ստուգումը, իսկ 2018-2023-ին համակարգից տարբեր պատճառներով հեռացվել է 97 դատավոր։

Մինչ Անդրեասյանն այս ցուցանիշները համարում է դատական համակարգի բարեփոխման ցուցիչ, Լևոն Բարսեղյանը անուններ է տալիս, որոնք, իրավապաշտպանի կարծիքով, վաղուց պետք է հեռացված լինեին դատական համակարգից, բայց շարունակում են պաշտոնավարել։

«Խունդկարյան ու Մացո եք նշանակել, Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյան եք նշանակել, սե՞նց էր քննազտված դատավորները, պարո՛ն Անդրեասյան», - հարցնում է նա։

Այս դատավորների վճիռների պատճառով Եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի որոշումներ է կայացրել, ընդգծում է Բարսեղյանը՝ հիշեցնելով, որ տարիներ առաջ հենց ինքը՝ վարչապետ Փաշինյանն էր հայտարարել նման դատավորներից համակարգը ազատելու մասին։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Արաքս Մելքոնյանը միանում է գործընկերոջ քննադատությանը՝ այդ դատավորները ոչ միայն մնացին, ոմանք նույնիսկ առաջխաղաղում ստացան. Մնացական Մարտիրոսյանն այժմ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահն է, իսկ Երվանդ Խունդկարյանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր։

Դատական համակարգի փոփոխություններն ուսումնասիրած Արաքս Մելքոնյանը կարծում է՝ Հայաստանում տեղի ունեցածն իրականում վեթինգ չէ. - «Պետք է լիներ մեկանգամյա գործիք առանց որևէ ժամկետային սահմանափակումների, հստակ օրենսդրական կարգավորումներով, որ այդպես էլ մենք չունեցանք, սահմանադրական հստակ մարմնի կողմից իրականացվող, անկախ այն չափանիշներով, որին պետք էր հետևել, և իհարկե, պետք է ունենար դատավորը նաև վերաքննության հնարավորություն։ Սա մենք չունենք, և այդ բարեվարքության գնահատումը վեթինգ կոչվել չի կարող»։

Վեթինգի պետք է ենթարկվեին բոլոր դատավորները, և եթե նրանք բացասական գնահատական ստանան, պետք է ազատվեին պաշտոնից, ասում է Մելքոնյանը։ Մինչդեռ օրենքով այդ ստուգումն անցնում են դատավորների թեկնածուները կամ առաջխաղացման հայտ ներկայացրածները։ Նման հայտ չներկայացրած դատավորը մնում է լուսանցքում, ասում է Մելքոնյանը, ընդ որում՝ եթե առաջխաղացման հայտ ներկայացրած դատավորը բարեվարքության բացասական եզրակացություն է ստանում ու առաջխաղացում չի ունենում, նա, միևնույն է, շարունակում է պաշտոնավարել։

Նույն կերպ, բացասական բարեվարքության եզրակացություն ստացածները համալրում կամ ընտրվում են դատավորի պաշտոնում։ Օրինակ՝ միայն այս տարի հատուկ կարգով ընտրված առաջին ատյանի դատավորների 28 թեկնածուներից 3-ը բարեվարքության բացասական եզրակացություն են ստացել, բայց ընտրվել են դատավորի պաշտոնում նույն ԲԴԽ-ի կողմից։

«Մենք ունենք Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր և ընդամենը ընտրությունից մեկ-երկու շաբաթ առաջ էր դուրս եկել կուսակցությունից։ Մենք ունենք առաջին ատյանի դատարանում այս տարի ընտրված դատավորներ, որ դարձյալ ՔՊ անդամ էր, կամ մեկ այլ դատավոր էլ շատ խիստ … ուներ այլ կուսակցության հետ», - ասաց նա։

Մելքոնյանը նաև այլ օրինակ է բերում՝ գործող որոշ դատավորներ, նախքան այս պաշտոնը ստանձնելը, իշխողի ուժի թիմից էին, աչք ծակող օրինակը հենց վեթինգը կայացած համարող Կարեն Անդրեասյանն է, որը Փաշինյանի կաբինետում զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG