Մատչելիության հղումներ

Կառավարությունն ընդունեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու և ԱԻՆ-ի վերացման վերաբերյալ փաթեթը


Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն, եթե այսօր կառավարության ընդունած փաթեթին հավանություն տա նաև Ազգային ժողովը։ Գործադիրն այսօր հաստատեց Կառավարության կառուցվածքի և հարակից ևս 36 օրենքում փոփոխություններ։

«Այս փոփոխության ամենախորքային և ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն և նոր ստանդարտի փրկարար ծառայություն ունենալն է», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ներքին գործերի նախարարությունն իր մեջ ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանություն, փրկարար ծառայություն և միգրացիոն և քաղաքացիության հարցերով ծառայություն: Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի համոզմամբ՝ նախարարության ստեղծմամբ կմեծանա նաև ոստիկանության նկատմամբ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողությունը։

«Նախարարությունում կկենտրոնացվի ֆունկցիոնալ 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների և ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր», - ներկայացրեց Մինասյանը:

Նոր ստեղծվելիք կառույցը չի դառնա կառավարության 13-րդ նախարարությունը, քանի որ զուգահեռ կվերանա Արտակարգ իրավիճակների նախարարությունը, որի գործառույթները կանցնեն նորաստեղծ կառույցին. «Եվ որպես անցումային փուլ՝ նախատեսվել է մինչև չորս ամիս ժամկետ ԱԻՆ գործունեության դադարեցման համար, այսինքն՝ նախագծերի ընդունումից հետո որոշակի կարճ ժամանակահատված ունենալու ենք կառավարության 13 անդամ, որից հետո երբ ամբողջությամբ դադարեցվի Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը, կվերադառնանք 12 անդամով գործունեության ծավալմանը», - ասաց Գրիգորյան Մինասյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ այս փոփոխության արդյունքում աստիճանաբար պետք է ունենալ նոր որակի ոստիկանություն ու փրկարար ծառայություն։ Նախատեսվում է՝ Ներքին գործերի նախարարության ներսում ոստիկանությունից առանձին համակարգել քաղաքացիական ծառայությունները, օրինակ, անձնագրային վարչությունն այժմ ոստիկանության ստորաբաժանում է, սակայն այն կմիավորվի միգրացիոն ծառայության հետ և կդառնա մեկ ստորաբաժանում, ինչպես ընդունված է եվրոպական շատ երկրներում։

Ոստիկանապետը կլինի ներքին գրոծերի նախարարի տեղակալ, միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի անդամ, իսկ ոստիկանության զորքերը կդառանան ոստիկանական գվարդիա՝ ավելի ընդլայնված գործառույթներով։

«Ոստիկանության գվարդիան ավելի ընդլայնված գործառույթներ կունենա անվտանգության ապահովման առումով, քան այսօր ունեն ոստիկանության զորքերը: Իհարկե, շատ մեծ փոփոխություններ չեն լինի, բայց որակական էական փոփոխություններ կլինեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ստեղծվելիք ոստիկանակական գվարդիայի մասին մանրամասներ չկան այսօր ընդունված օրենսդրական փաթեթում։ Գվարդիայի մասին հետագայում կընդունվի առանձին օրենք։ Այժմ հայտնի է, որ այն պետք է ընդգրկի ոստիկանական զորքերը, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը և ճանապարհային ոստիկանության ուղեկցող գումարտակները:

Ըստ Սաքունցի՝ բարեփոխման համար պետք է լրջորեն ուշադրություն դարձնել ոստիկանությունում եղած խնդիրներին

Համակարգում կառուցվածքային այս փոփոխություններն այդպես էլ բարեփոխում չեն դառնա, եթե լրջորեն ուշադրություն չդարձվի այս պահին ոստիկանությունում եղած խնդիրներին, ասում է իրվապաշտպան Արթուր Սաքունցը։

«Ոստիկանության համակարգում որպես Ներքին գործերի նախարարության կառուցվածքային միավորում լրջորեն ներդրվի վեթինգը և բարեվարքությունը, զուգահեռ նաև պետք է անպայման կրթական կոմպոնենտը, պարբերաբար կրթական կոմպոնենտը դրվի», - շեշտում է նա:

Ներքին գործերի նախարարության ստեղծումից հետո ոստիկանական տարբեր ստորաբաժանումների աշխատողներին կտրվի հնարավորություն ստուգել գիտելիքները և բարձրացնել աշխատավարձը, սակայն որևէ խոսք չկա վեթինգի՝ զտման մասին։

XS
SM
MD
LG