Մատչելիության հղումներ

Իշխանությունը հաշտվեց հներով յոլա գնալու բանաձևին. Լևոն Բարսեղյան


Իշխանությունը հաշտվեց հներով յոլա գնալու բանաձևին, «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով արդարադատության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ հարցին, հայտարարեց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Վարչապետն ասաց, որ արդեն անկախության հետ կապված խնդիր չկա, հիմա խնդիրը արդարադատության գործնական իրացումն է՝ սկսած ձգձգումներից և այլն:

Բարսեղյան. - Խոսում ենք երևի թե երկու տասնամյակից ավելի՝ այն, որ դատարաններում արդարադատություն չկա, կա պայմանական, հարաբերական, ամուսնալուծության վեճեր, չգիտեմ, ալիմենտի վեճ, նույնիսկ այդտեղ կարելի է հազար ու մի աղտոտ բան գտնել, դատավորների մի մասը՝ կոռումպացված: Ես երկար ժամանակ համարել եմ, որ երևի թե մարդավարի զտելիս դատավորների 30 տոկոսը պիտի հեռացվի այդ համակարգից կամ հեռանա: Վերջին երկու տարում զրուցել եմ շատ փաստաբանների հետ, այդ մարդիկ այդպիսի ընկալում ունեն, որ դատավորների 50-60 տոկոսը դատավոր չպիտի աշխատի և այս խնդիրների հանրագումարը ում-ում վարչապետին հանրածանոթ էր, գոնե իր դեմ կեղծ մեղադրանքներով սարքած դատերից ինքը տեղյակ էր նույնիսկ մինչև հեղափոխությունը և բարեբախտաբար, երկու անգամ շատ կոշտ հայտարարություն արեց, որ պիտի այդ համակարգը մաքրվի:

Ոստիկանական համակարգին ոչինչ, Քննչականին ոչինչ, դատախազականին ծպտուն չէին հանում և չեն հանում մինչև հիմա, բայց ներողություն, Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասած քրեական գործերը, որտեղ Հայաստանը պարտվել է, ի վերջո, չի կարող բարդվել միայն դատավորի վրա, այդտեղ պետական մեղադրող է եղել, կեղծ բաներ են սարքվել, ինչ-որ կեղծ ապացույցներ և այլն, էդ ո՞նց կարող էիք հայտարարել, որ միայն դատավորների վեթինգով այդ հարցը կարող է լուծվել: Ոչ, այդ վեթինգ կոչվածը, զտում, քննազտում կոչվածը պիտի վերաբերվեր այդ բոլոր չորս օղակներին, ինչը ոչ խոստացվել է, ոչ էլ արվել է:

Խոստացվել է դատավորների մասով քննազտում, որը չի արվել, որը հետո փոխեցին թեթև տարբերակի, այսպես ասած, թե ԲԴԽ-ն կորոշին, ԲԴԽ-ն էլ որոշում է, որ Մնացական Մարտիրոսյանը պիտի մնա դատավոր, պիտի լինի նույնիսկ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր: Այսինքն՝ ԲԴԽ-ն վարկաբեկված է թեկուզ միայն այդ որոշումով, մարդիկ հավատ չունեն, ես հավատ չունեմ, չգիտեմ, ո՞վ է հավատում ԲԴԽ-ին: Ով էլ ուզում է այնտեղ նստած լինի, իմ նախկին գործընկերներից են այնտեղ նստած, նախարար է նստած նախկին, որը խոստանում էր, որ վեթինգը իսկապես կոշտ ու մարդավարի լինելու է: 9 հոգով կողմ են քվեարկում, մի դատավորի պաշտոնավարման հետ կապված դրական որոշում են կայացնում, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ վճռի մեղավոր է: Այսինքն՝ սուտ էին բոլոր այն խոստումները, որոնք տրվեցին և՛ վարչապետի կողմից, և՛ նախարար Կարեն Անդրեասյանի կողմից:

«Ազատություն». - Բարձրագույն դատական խորհուրդը ղեկավարող Կարեն Անդրեասյանի այսօրվա խոսքերից մեջբերեմ, որ նախկինում՝ փող, ցուցումներ, հետո՝ կախվածություն նախկին իշխանությունից, հիմա արդեն տեխնիկական հարցերի փուլն է, և այս շրջափուլը նշանակում է բարեփոխում արդեն:

Բարսեղյան. - Ես համաձայն չեմ, որ կախվածություն նախկին իշխանություններից, էդ փուլն անցյալում է: Փորձեք պատկերացնել մարդու, որը 20 տարի ինչ-որ մի պաշտոնյայի հետ եղբայր է եղել, սեղան է նստել, քավոր-սանիկ է եղել, զանգով վճիռներ է կայացրել, մեկ էլ եղել է հեղափոխություն, ու ինքը ի՞նչ է անում, ասում է՝ ես տուն չեմ գնալու, դիմում է նոր իշխանությանը, ասում է՝ ոնց նրանց եմ ծառայել, հիմա նենց էլ քեզ կծառայեմ: Եվ այդ մանրուքները, որ կաշառք չեն վերցնում, բան չեն անում, դրանք իսկապես մանրուք են: Դատավորը պիտի այնպիսին լինի, որ հանրությունը կասկած, տարակուսանք չունեն: Այն քննությունը, որ պետք է արվեր բազմաճյուղ, բազմակողմանի չի արվել:

Հույսեր չեմ կապում ես այս իշխանության հետ, որ արդարադատության համակարգը կնորոգեն, կարգի կբերեն, որովհետև դա պետք է արվեր արագ, կոշտ, օրինական և հեղափոխական տեմպով, ոչ թե այսպես ծամծմելով, մեկի պոչը մյուսի ոտքի տակ է: Շարունակաբար մենք տեսնում ենք ինչ-որ խայտառակ կերպարներ շարունակում են պաշտոնավարել որպես դատավորներ: Մյուս երեք համակարգերի մասին ընդհանրապես լռություն է:

Դատախազություն. մաքրե՞լ եք դատախազությունը: Պարոն Փաշինյան, Ձեր դեմ կեղծ մեղադրանք են գրել, բայց ի՞նչ արեցիք էդ մարդկանց, ազատեցի՞ք իրենց գործից, առաջարկեցի՞ք մի հատ հրապարակային ներողություն խնդրել, չէ, այսինքն իշխանությունը ըստ էության հաշտվեց հներով յոլա գնալու մոդուլին կամ բանաձևին:

XS
SM
MD
LG