Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները վեթինգը ուշացած, բայց անհրաժեշտ են համարում


Իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանը (Ձ), Սեդա Սաֆարյանը և Արթուր Սաքունցը:

«Համաձայն եմ, բայց ուշացած է», - դատական համակարգում վեթինգ (զտում) իրականացնելու վերաբերյալ վարչապետի հայտարարությանն այսպես է արձագանքում փաստաբան, Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը:

«2008 թվականին բոլորս տեսել ենք, թե դատական համակարգը ինչպես է ծառայում իշխանությանը, և ինչ կարգի բռնության են ենթարկվում մարդիկ», - նշեց Սաֆարյանը:

Նա ասում է, թե դատական համակարգի մաքրումը պետք է սկսվեր հեղափոխությունից անմիջապես հետո:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը համաձայն է, որ դատական իշխանությունը անկախ չէ, ավելին՝ իշխանության հպատակն է, և դա 1995-ից եկող ավանդույթ է․ - «Պիտի ժամանակացույցը ճիշտը ընդունենք»:

«Ես 2008 թվականը ընդգծեցի հատկապես, որովհետև 2008 թվականին, կարելի է ասել, 37 թվականի կանոններով մարդիկ դատվեցին: Դատարանը անկախ չի եղել, և այդ դատարանի անկախ չլինելը պայմանավորված է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին ձևավորված ավանդական կապերով»:

Ավետիք Իշխանյանը չի կարծում, որ այսօրվա իրադարձություններն ուղղված էին անկախ դատական համակարգի ձևավորմանը: Նրա կարծիքով, դա դատավորներին հնազանդեցնելու փորձ է․ - «Այդ ո՞նց եղավ, որ երբ որ Ազարյանը ազատ արձակեց Քոչարյանին, այդ ժամանակ առաջին անգամ հանկարծի հիշվեց անցումային արդարադատության մասին: Եվ մեկ էլ հիմա, երբ որ այս դատավորը նույնպես խափանման միջոցը փոխեց»:

Որոշ դատավորներ էլ, Իշխանյանի տպավորությամբ, գիտեն, թե ինչ պետք է անել․ - «Մի դատավոր, որը դատել է «Պապլավոկի» դեպքը, հետո դատել է Շանթ Հարությունյանին, դատել է Մարտի 1-ի գործերով, այսօր դատում է Մանվել Գրիգորյանին, նա շատ լավն է: Որովհետև հլու-հնազանդ կատարում է պարտականությունը»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը չէր ցանկանա, որ անցումային արդարադատությունը, դատական համակարգի փոփոխությունները կապվեին Քոչարյանի կամ որևէ այլ կոնկրետ գործի հետ․ - «Փոփոխությունները պետք է կատարվեն ոչ թե պահի կամ ինչ-որ խնդրի հետ կապված, այլ դա պետք է լինի ի սկզբանե ինստիտուցիոնալ»:

Սաքունցը չի կարծում, թե դատարանների մուտքերը փակելու ակցիաների կարիքը կար։ Ասաց՝ դատական համակարգը բարեփոխելու պահանջը շոշափելի էր և այն էլ՝ վաղուց. - «Դրանք տարիներ շարունակ այդպես էլ դատաքննություն չտեսած սպանված զինվորներն են և նրանց հարազատները: Պահանջը շուտվանից կար՝ հանձինս ապօրինի սեփականազրկվածների, որոնցով Եվրոպական դատարանը արդեն որոշումներ է կայացնում: Պահանջը քաղաքական հետապնդման զոհերն են, որոնք հանիրավի ազատազրկվել են»:

Նա առաջարկում է մաքրման դաշտը մեծացնել․ ինչո՞ւ մաքրել միայն դատավորների շարքերը․ - «Դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, քննչական մարմինները: Բազմիցս դրա մասին ասել ենք»:

Ավետիք Իշխանյանը համաձայն է և հատուկ հստակեցում ուներ․ - «Գլխավոր դատախազը՝ նախորդ ռեժիմի կարկառուն ներկայացուցիչ, որը քրեական գործ էր հարուցում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ անձեռնամխելիություն զրկեր, այսօր հասարակության հերոսն է, որովհետև նա կարողացել է հասկանալ ամեն ինչը»:


Վեթինգի իրականացման մասով սպասելու են անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական քննարկմանը:

Արթուր Սաքունցի կարծիքով, դատավորների ցուցակներ կազմելն առանձնապես բարդ չէ․ - «Եվրոպական դատարանի կողմից բոլոր էն վճիռները, որոնց մասնակցել են դատավորները, և այդ վճիռներով ճանաչվել է Հայաստանի Հանրապետությունը որպես իրավունքի խախտում՝ էդ մի ցանկ»:

Փաստաբան Սեդա Սաֆարյանը հավելում է, որ կան դատավորներ, որոնցից հարյուրավոր փաստաբաններ են բողոքել՝ խնդրելով նրանց գործեր չմակագրել․ մի ցուցակում էլ նրանք կարող են լինել․ - «Հայաստանի նման երկրում շատ հեշտությամբ կարելի է գտնել դատավորներին: Բոլոր գործերը արխիվներում կենտրոնացված են»:

Ռաֆայել Իշխանյանը վարչապետի այսօրվա ելույթից արագ ու կտրուկ գործողությունների տպավորություն է ստացել: Նրա խոսքով, վեթինգը բարդ գործ է, դրան պետք է գնալ հանգիստ ու առանց կուսակցական նպատակների․ - «Մեկ թրի հարվածով անելու հարց չի: Անհանգստացնում է այսօրվա բավականին բուռն ելույթը վարչապետի, որ շատ հավանական է, որ գնան այդ ուղղությամբ»:

Դատավորների զտումից բացի, կարևոր է նաև, թե ովքեր են փոխարինելու նրանց․ Արթուր Սաքունցը սա էլ է խնդիր համարում, բայց՝ լուծելի․ - «Սա հնարավոր է, բայց ինչքան շուտ, այնքան լավ»:

XS
SM
MD
LG