Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը շարունակում է  համագործակցել Բաքվի հետ կոչ անելով նրանց՝ ձգտել Երևանի հետ կայուն խաղաղության․ Միլլեր


Եթե Վաշինգտոնը պարզապես դադարեցնի իր դիվանագիտական բոլոր հարաբերությունները Ադրբեջանի հետ, դա կհակասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահերին, լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պարզաբանելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանի այցը Բաքու։

Ջեյմս Օ՛Բրայան այսօր այցելում է Բաքու։ Նա կհանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն աջակցելու օրակարգով։

Շեշտելով, որ Վաշինգտոնը երբեք չի հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին՝ Միլլերն ընդգծել է՝ դա կհակասեր Միացյալ Նահանգների շահերին։

«Մենք շարունակում ենք անմիջականորեն համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնենք, օրինակ, Ադրբեջանի դեպքում, թե որտեղ կան մտահոգություններ: Մեզ անհանգստացրել է վերջին շրջանում լրագրողներին կալանավորելու միտումները։ Մենք շարունակում ենք կոչ անել նրանց՝ հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչի մասին ես խոսել եմ այս ամբիոնից անցյալում», - հայտարարել է Միլլերը միևնույն ժամանակ ընդգծելով՝ Վաշինգտոնը նաև շարունակում է համագործակցել Բաքվի հետ՝ կոչ անելով նրանց ձգտել կայուն խաղաղության Երևանի հետ։

«Դա կշարունակի մնալ մեր դիվանագիտական ջանքերի առանցքում», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը։

Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Ադրբեջան կատարած այցի ընթացքում կբարձրաձայնի անկախ լրագրողների դեմ շարունակվող բռնաճնշումների մասին, Միլլերը պատասխանել է, թե չի ցանկանում կանխատեսող մեկնաբանություններ անել։

«Կարծում եմ՝ նա այնտեղ է այս գիշեր, վաղը հանդիպումներ կունենա։ Ես չպետք է կանխատեսեմ մասնավոր դիվանագիտական խոսակցությունները նախքան դրանց տեղի ունենալը: Բայց ես կասեմ, որ մարդու իրավունքները միշտ սեղանի վրա են Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, երբ մենք ունենք նման տեսակի դիվանագիտական ներգրավվածություններ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG