Մատչելիության հղումներ

Սկոպյեում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ


Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Անի Բադալյանը:

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում է նաև Ադրբեջանի դիվանագիտության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։

Տասը օր առաջ Բաքուն չեղարկեց արևմտյան միջնորդությամբ Վաշինգտոնում ծրագրված արտգործնախարարների բանակցությունները՝ ամերիկացի դիվանագետներին, ըստ էության, մեղադրելով կողմնակալության մեջ։ Ենթադրվում էր, որ Սկոպյեում են հնարավոր ամերիկյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցություններ. ԱՄՆ պետքարտուղարը 2 օր առաջ հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, Ալիևի հետ նաև բարձր մակարդակով հանդիպումների անցկացման կարևորությունից խոսել։

Երեկ էլ Միացյալ Նահանգների և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներն էին հանդիպել։

Արցախի դեմ ադրբեջանական հարձակումից հետո Բաքուն արևմտյան հարթակում տապալել է նաև ղեկավարների 2 հանդիպում։ Այս պայմաններում Երևանը էսկալացիայի հնարավորությունը չի բացառում, իսկ արտգործնախարար Միրզոյանը երեկ Սկոպյեի համաժողովի կուլիսային հանդիպումներում Հայաստանի նկատմամբ նկրտումները զսպելու հարց է բարձրացրել, մասնավորապես ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ զրուցում։

«Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ որևէ նկրտումների զսպման, տարածաշրջանային ներառական ծրագրերի իրագործման և հարատև կայունության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերի կարևորությունը», - փոխանցեց պաշտոնական Երևանը։

Իսկ Բլինքենի հետ հանդիպմանը Միրզոյանն Ադրբեջանի կեցվածքը «ոչ կառուցողական» է գնահատել, պատմել Ադրբեջանին վերջերս փոխանցած խաղաղության պայմանագրի հայկական նախագծի մասին ու ասել՝ եթե Ադրբեջանը հանձն առնի, հնարավոր կլինի էական առաջընթաց արձանագրել փաստաթղթի համաձայնեցման ուղղությամբ։

Տեղի է ունեցել Միրզոյան-Լավրով հանդիպում

Այսօր Սկոպյեում նաև Միրզոյան-Լավրով դռնփակ հանդիպում է տեղի ունեցել: Ուկրաինայի վրա ռուսական հարձակումից ու Արևմուտքի կոշտ հակազդեցությունից հետո սա Լավրովի առաջին եվրոպական այցն է, որը ուղեկցվում է մեծ դժգոհությամբ՝ մասնավորապես, Ուկրաինայի, Լեհաստանի ու Բալթյան երկրների կողմից։

Հանդիպման մասին վերջին շրջանում անթաքույց լարված հարաբերություններ ունեցող Երևանն ու Մոսկվան, շատ փակագծեր չեն բացել։

Երկկողմ հարաբերությունների մասին առավելապես շեշտադրում արել է պաշտոնական Երևանը։ Նշվում է, որ նախարար Միրզոյանը ռուս գործընկերոջը ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները ինչպես երկկողմ, այնպես էլ՝ տարածաշրջանային օրակարգի շուրջ Ռուսաստանի «քաղաքականության և քայլերի վերաբերյալ»։

Ռուսական կողմը, ըստ Մոսկվայի, պատրաստակամություն է հայտնել նպաստելու Երևանի ու Բաքվի միջև խաղաղութան պայմանագրի կնքմանը, բացի այդ անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությանը։

Բայց այսօրվա հանդիպումից հետո սառույցը, կարծես թե չի կոտրվել։ Ռուսաստանի նկատմամբ մեծ քննադատության ֆոնին այսօր Սկոպյեում հավաքվել են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները, ինչպես փոխանցել է պաշտոնական Մոսկվան, ԵԱՀԿ նախարարների հավաքի օրակարգի առանցքային խնդիրների շուրջ մոտեցումները ճշգրտելու համար։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցել այդ հավաքին՝ չհայտնելով հավելյալ մանրամասներ։ Համենայնդեպս Ռուսաստանի ԱԳՆ-ն ՀԱՊԿ ներկայացուցիչների հանդիպման մասին հաղորդեց Միրզոյան-Լավրով հանդիպումից հետո։

Չնայած այս դեպքում Երևանը չմասնակցելու պատճառները չի բացահայտում, բայց ամիսներ շարունակ Հայաստանը ձեռնպահ է մնում ներկա լինել Մոսկվայի առաջնորդած կառույցների՝ ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի նիստերին, ինչպես վարչապետ Փաշինյանն էր ասել՝ ռազմական դաշինքի գործողություններն այս պահին չեն համապատասխանում Հայաստանի պետական շահերին։

Եթե Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների մասին Երևանի ձևակերպումները կցկտուր էին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի ու Արարատ Միրզոյանի հանդիպումից հետո հաղորդվեց, թե կողմերը քննարկել են երկկողմ գործընկերությունը զարգացնելու հարցը։

XS
SM
MD
LG