Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով մեր պետական ​​շահը. Փաշինյան


ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով մեր պետական շահը, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով քաղաքացու հարցին, թե ի՞նչն է խանգարում Հայաստանին լքել ռազմական դաշինքը, եթե արդեն իսկ չի մասնակցում դրա ոչ մի միջոցառման:

«Մենք կողմնորոշվելու ենք Հայաստանի պետական շահերից և եթե այս պահին որևէ որոշում կայացրել կամ չենք կայացրել, մեր ուղենիշը, որի նկատմամբ կողմնորոշվում ենք, Հայաստանի պետական շահն է: Այս պահին մեր արձանագրումներն ասում են, որ ՀԱՊԿ-ի դե ֆակտո գործողությունները կամ անգործությունը չեն հասցեագրում Հայաստանի Հանրապետության նկատմամբ նրա ունեցած պարտավորությունները, այսինքն, այս իմաստով ՀԱՊԿ-ի գործողությունները համապատասխան չեն Հայաստանի շահերին: Եվ մենք էս հարցը բարձրացնում ենք թափանցիկ ձևով», - նշեց Փաշինյանը:

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու հարցը կրկին ավելի ակտիվ սկսեց քննարկվել վերջին երկու օրերին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի կոնտեքստում, երբ Երևանի ու դաշինքի լարված հարաբերություններին ֆոնին ՀԱՊԿ երկրների ղեկավարների, արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հավաքին ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ մյուս պաշտոնյաները չմասնակցեցին:

Քաղաքագետ. սա դեռ ՀԱՊԿ-ից դուրս գալ չէ, սակայն նախապատրաստություն է

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը կարծում է՝ սա դեռ ՀԱՊԿ-ից դուրս գալ չէ, սակայն նախապատրաստություն է:

«Կարծում եմ՝ պետք չի գերագնահատել, իսկ էս վերջերս մեր հասարակական կարծիքի և մեր մամուլի մեջ անընդհատ տեսնում եմ գերագնահատումներ Հայաստանի էս բոյկոտի շարժմանը: Նույնիսկ բառեր են հնչում՝ դեինտեգրացիա կամ փաստացի դուրս ենք եկել ՀԱՊԿ-ից, նման որակումներ եմ ես անգամ լսում: Իհարկե, սա ըստ էության դեպի փոփոխության ճանապարհ է, սա ըստ էության պատրաստության ճանապարհն է, Հայաստանի անվտանգային ճարտարապետության մեջ բավականին որակական փոփոխություններ անելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու, բայց սա դեռևս ՀԱՊԿ-ից դուրս գալը չէ: ՀԱՊԿ-ից դուրս գալը շատ կոնկրետ իրավաբանական կատեգորիա է, դա շատ կոնկրետ գործընթաց է, որը տևում է վեց ամիս, որը մինչև չի ստորագրվում և չի վավերացվում չի կարելի դրա մասին խոսել»:

Երկօրյա նիստերի ընթացքում ընդունվել են տասից ավելի փաստաթղթեր և հռչակագիր՝ առանց Հայաստանի: Բելառուսի արտգործնախարարը երեկ տեղեկացրել է, որ բոլոր որոշումները, որոնք ընդունվել են գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների բացակայությամբ, «բացարձակապես օրինական են», առաջիկայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և հայկական կողմին կփոխանցի դրանք, որպեսզի Հայաստանը ևս դրանց միանա:

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը չպետք է միանա ՀԱՊԿ ընդունված որոշումներին

Երբ կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և արդյոք պատրաստվում է Հայաստանը ընդունված որոշումներին միանալ, պաշտոնական Երևանը դեռ չի մանրամասնում: Արտգործնախարարությունից հայտնում են միայն, որ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը:

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը կարծում է Հայաստանը չպետք է միանա ՀԱՊԿ ընդունված որոշումներին. - «Հիմա այդ քաղաքական գիծը պետք է շարունակել և Երևանը եկող փաստաթղթերին չպետք է միանալ: Մենք հիմա ունենք հնարավորություն ասելու՝ ոչ, բայց միևնույն ժամանակ նաև վետո չկիրառելու, որովհետև ես ճիշտն ասած վետոյի իմաստը մի քիչ չեմ տեսնում այդ պահի դրությամբ, որ ասեմ՝ եկեք վետո անենք, իրենց աշխատանքները խափանենք: Միևնույն ժամանակ մենք պետք է նաև ֆիքսենք ինքներս մեզ համար, թե սա քաղաքականություն է դեպի ուր և սա ինչ ժամկետների մասին է խոսքը: Սա նույնպես պետք է արդեն կոմունիկացնել հասարակության հետ, գործընկերների հետ, որովհետև բավականին տևական ժամանակ է, համարյա մի տարի է ինչ Հայաստանն այդ քաղաքականությունը վարում է և ես կարծում եմ արդեն պետք է խոսել սրա արդյունքների մասին ու նպատակների մասին»:

Հայաստանի բացակայությունը ռուսական և բելառուսական կողմերը քննադատեցին, սակայն միևնույն ժամանակ նշվեց, որ Երևանը մտադիր չէ արգելափակել ՀԱՊԿ մարմինների աշխատանքը կամ խոչընդոտել արդեն համաձայնեցված փաստաթղթերի հաստատումը:

ՀԱՊԿ բոլոր որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսով, սա է պահանջում կանոնադրությունը: Սակայն ավելի քան տասը տարի առաջ կանոնադրությունում կատարվել է լրացում, որի համաձայն Խորհուրդն իրավունք ունի որոշումներ կայացնել նաև սահմանափակ ձևաչափով, եթե որևէ մեկը դեմ չէ այդ ընթացակարգին: Այսինքն՝ Հայաստանի բացակայությամբ ընդունված ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումները համարվում են ընդունված, իսկ Հայաստանը փաստորեն, ըստ ԱԳՆ խոսնակի, դիտարկում են դրանց միանալ-չմիանալու հարցը: ՀԱՊԿ կանոնադրությունը նշում է նաև, որ եթե ՀԱՊԿ անդամը, որը սահմանափակ ձևաչափով կողմ չի քվեարկում որոշմանը, պատասխանատվություն չի կրում ընդունված որոշման հետևանքների համար:

Հարց Փաշինյանին՝ «Ի՞նչն է խանգարում ՀՀ-ին լքել ՀԱՊԿ-ը»
please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG