Նախկին ոստիկան Դերեկ Շովինին, ով Ջորջ Ֆլոյդի սպանության համար 22,5 տարվա ազատազրկման է դատապարտված, դանակահարել են:
Ամերիկացի սևամորթ Ֆլոյդի սպանության համար ազատազրկված Շովինի դեմ մահափորձ է կատարվել կալանավայրում։ Associated Press-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Շովինին դանակներով հարվածներ են հասցրել:
ԱՄՆ-ի բանտային բյուրոն հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ ուրբաթ օրը տեղի ունեցած միջադեպի ընթացքում բանտի աշխատակիցներին հաջողվել է բանտարկյալի «կյանքը փրկելու քայլեր ձեռնարկել», ինչից հետո տուժածը հոսպիտալացվել է:
Ավելի վաղ Շովինի փաստաբանը պնդում էր, որ իր պաշտպանյալն ազատազրկման պատիժը չպետք է կրի ընդհանուր խցում, քանի որ նա կարող է «թիրախ» դառնալ:
Ֆլոյդի սպանությունը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսին։ Ոստիկանները նրան կասկածելով անօրինական հանցավոր արարքների մեջ՝ բերման ենթարկելու ժամանակ գետնին էին պառկեցրել, Շովինը ծնկով սեղմել էր նրա կոկորդը և ութ րոպե պահել այդ վիճակում, չնայած Ֆլոյդը մի քանի անգամ ասել էր՝ շնչահեղձ է լինում։
Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ-ով մեկ բողոքի հուժկու ակցիաները մի քանի ամիս չէին դադարում։