Մատչելիության հղումներ

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Արգենտինայի նորընտիր նախագահին, Իսպանիայի և Լյուքսեմբուրգի վարչապետներին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, պաշտոնական լուսանկար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, պաշտոնական լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խավիեր Միլեյին Արգենտինայի նախագահ ընտրվելու առիթով:

Հայաստանի կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում, հաջողությամբ հաղթահարելով բոլոր առկա մարտահրավերները, Դուք և Ձեր քաղաքական թիմը կկարողանաք ամրապնդել Արգենտինայի Հանրապետության դիրքերը միջազգային ասպարեզում, իսկ Արգենտինայի հայ համայնքը կշարունակի իր ավանդն ունենալ երկրի հզորացման գործում։ Մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն առնչվող հարցերում և ազատ տնտեսական հարաբերությունների կառուցման գործում Հայաստանը վստահելի գործընկեր է Արգենտինայի համար։ Վստահ եմ, որ մեր երկրների միջև ջերմ հարաբերություններն ունեն դեռևս չբացահայտված մեծ ներուժ»:

Փաշինյանը Միլեյին հրավիրում է պաշտոնական այց կատարել Հայաստան։

Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին պաշտոնում վերընտրվելու առիթով հղած շնորհավորական ուղերձում Հայաստանի վարչապետը մասնավորապես գրել է. - «Մեծապես կարևորում եմ Իսպանիայի հետ փոխադարձ հարգանքի, վստահության և ժողովրդավարական արժեքների վրա խարսխված բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումն ու խորացումը: Հայաստանը պատրաստակամ է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ փոխգործակցության զգալի ներուժն իրացնելու և երկկողմ օրակարգում առկա ծրագրերը կյանքի կոչելու համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև փոխշահավետ գործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների»:

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդենին պաշտոնը ստանձնելու առիթով հղած ուղերձում Փաշինյանը մասնավորապես գրել է. - «Ուրախ եմ ընդգծել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև գերազանց հարաբերությունները՝ արտահայտված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և տարբեր ոլորտներում մեր ջանքերն առարկայացնելու փոխադարձ հանձնառությամբ: Դրա վկայությունն է Լյուքսեմբուրգում մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Հայաստանի քայլը: Ցանկանում եմ նաև երախտագիտություն հայտնել դժվարին ժամանակներում Ձեր կուսակցության կողմից Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերված սկզբունքային, աներկբա և հետևողական աջակցության համար, ինչը փաստում է ժողովրդավարական արժեքներին մեր ընդհանուր հավատարմությունը և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կամրապնդի մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG