Ռիգայի դատարանը Լատվիայի խորհրդարանի՝ Սեյմի նախկին պատգամավոր և երկրի ներքին գործերի նախկին նախարար Յանիս Ադամսոնսին դատապարտել է 8.5 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսելու համար:
Այդ գործով երկրորդ մեղադրյալը՝ ՊԱԿ-ի նախկին սպա Գենադի Սիլոնովը, դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման:
Երկուսն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում և մտադիր են բողոքարկել դատավճիռը։
Ըստ դատարանի՝ Ադամսոնսը «դիտավորյալ հավաքել է գաղտնի տեղեկատվություն» և այն Սիլոնովի միջոցով փոխանցել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը։ Խոսքը «Լատվիայի պետական կառույցների, իրավապահ մարմինների և պետական անվտանգության մարմինների, ինչպես նաև պետական պաշտպանական համակարգի աշխատանքի մասին» տեղեկությունների մասին է։
Յանիս Ադամսոնսին մեղադրանք է առաջադրվել նաև խարդախության և ապօրինի զենք պահելու համար:
Նա կալանավորվել է 2021 թվականի ամռանը։ Դեկտեմբերին Լատվիայի Սեյմը թույլատրել է գլխավոր դատախազությանը քրեական գործ հարուցել Ադամսոնսի դեմ՝ զրկելով նրան պատգամավորի անձեռնմխելիությունից։
Խորհրդային տարիներին Ադամսոնսն աշխատել է Սախալինի ռազմածովային նավատորմում և ծառայել որպես շտաբի պետի տեղակալ հետախուզական աշխատանքների գծով: 1992 թվականին վերադարձել է Լատվիա, որտեղ ծառայել է որպես ռազմածովային ուժերի փոխհրամանատար, սահմանապահ ծառայության հրամանատար և ներքին գործերի նախարար։
Դատարանը ժամանակին ճանաչել է նրա կապը ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ, սակայն Ադամսոնսը պահպանել է խորհրդարանականի մանդատը: