Մատչելիության հղումներ

Երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվել և հրաժարվում է դեպի Նախիջևան ճանապարհի ապահովումից․ Ալիևը՝ Ռայիսիին


Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվում և շարունակում է հրաժարվել իր պարտավորությունների կատարումից՝ դեպի Նախիջևան ճանապարհի ապահովումից, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Տաշքենդում Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ։

«Դա իրենց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ թույլ տվեցին», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով՝ Իրանը հայտարարել է Աղբենդի շրջանում Արաքս գետի վրայով կամուրջների կառուցման սկիզբը, որն ըստ Ալիևի, «մեծ հեռանկարներ ունեցող նախագիծ է։

Թեհրանն ու Բաքուն «համաձայնեցրել են Արաքսի ափով երկաթուղու և մայրուղու երթուղին»

«Ուրախ եմ, որ Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում համաձայնեցվել է Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու երթուղին», - ասել է Ալիևը՝ վստահություն հայտնելով, որ այս նախագիծը «կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն»։

«Այսինքն՝ արդյունքում կունենանք երկու երթուղի՝ մեկը Աստարայով, մեկը Աղբենդով, և երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, հասանելի կլինեն նաև այլ երկրների մեր հարևաններին և գործընկերներին», - ասել է Ադրբեջանի նախագահը:


Թեհրանը տեսնում է, որ տրանսպորտի և տարանցման վիճակը օրեցօր բարելավվում է, իր հերթին ասել է Ռայիսին՝ շեշտելով՝ «միմյանց բավարարում են ոլորտում երկու երկրների շահերը, ինչը երաշխավորում է Ադրբեջանի, Իրանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը և վերացնում այն մտահոգությունները, որոնք առկա էին այս ոլորտում»:

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցեր, նշվել է «3+3» ձևաչափի կարևորությունը։

Ի պատասխան Զանգեզուրի սուվերեն միջանցքի բացման մասին պաշտոնական Բաքվի և Անկարայի բազմաթիվ հայտարարությունների՝ Երևանը մշտապես շեշտել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում «միջանցքային տրամաբանություն չկա»։ Պաշտոնական Երևանը Ադրբեջանի իշխանությունների կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է որպես տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։

Բաքուն օրերս հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։

Բաքուն ցանկանում էր «Զանգեզուրի միջանցքով» առանց մաքսակետերի տեղադրման ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG