Մատչելիության հղումներ

«Սիոնիստական չարագործ ռեժիմը փորձում է թուլացնել Իրանի ու Ադրբեջանի եղբայրական հարաբերությունները»․ Խամենեի


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Թեհրանում, 5-ը մարտի, 2017թ․

Տարածաշրջանում հակամարտությունները պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ․ Իրանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում:

«Հույս ունեմ, որ ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը», - ասել է Իրանի նախագահը:

Ադրբեջանի նախագահը Թեհրան է ժամանել նախօրեին. սա Ադրբեջանի և Իրանի նախագահների թվով հինգերորդ հանդիպումն է։ Իրանի նախագահը պաշտոնավարման ընթացքում Բաքու է այցելել երկու անգամ, Ալիևն իր էլ իր հերթին երրորդ անգամ է Իրան այցելում Ռոհանիի նախագահության տարիներին։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա կարգավորման հարցում ցուցաբերած դիրքորոշման համար։ Այդ դիրքորոշումը հիմնվում է միջազգային սկզբունքների, օրենքների և արդարության վրա: Յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականություն անձեռնմխելի է», - իր հերթին հայտարարել է Ադրբեջանի նախագահը, ընդգծելով, որ Իրանի հետ քաղաքական կապերը ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում: Բաքուն ու Թեհրանը աջակցում են միմյանց բոլոր միջազգային կազմակերպություններում, շեշտել է Ալիևը:

Թեհրանում կայացած բանակցությունների օրակարգը բավական հագեցած էր: Դրանց ավարտին կողմերը ստորագրել են երկու համաձայնագիր՝ փողերի լվացման դեմ պայքարի և երկաթուղային համագործակցության ընդլայնման մասին: Այս առումով Բաքվի և Թեհրանի միջև ձեռք բերված առանցքային պայմանավորվածություններից մեկը տարանցման ոլորտում համագործակցությունը ակտիվացնելն է, այդ հարցում կողմերը կարևորում են մասնավորապես Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը։ Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը սկսել է իրանա-ադրբեջանական Ռեշտ-Աստարա երկաթուղային ճանապարհի մի հատվածի ֆինանսավորումը։ Նախատեսվում է նախագիծը շահագործման հանձնել արդեն 2018 թվականին, ինչը թույլ կտա Պարսից ծոցը կապել Ռուսաստանի, ինչպես նաև Արևելյան և Հյուսիսային Եվրոպայի հետ։

Թեև կողմերը խոսում են երկու երկրների միջև հիանալի հարաբերությունների մասին, այդուհանդերձ պաշտոնական Թեհրանի աչքից չեն վրիպել Բաքվի և Թելավիվի միջև վերջերս ակտիվացած շփումները:

«Իսրայելը փորձում է վնաս հասցնել իրանա-ադրբեջանական կապերին», - այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերով Իրանն ու Ադրբեջանը պետք է «սթափություն» դրսևորեն նման ջանքերի ֆոնին իրենց բարեկամական հարաբերությունները պաշտպանելու ուղղությամբ:

«Սիոնիստական չարագործ ռեժիմն առավել քան ուրիշ թշնամիները փորձում է թուլացնել Իրանի ու Ադրբեջանի եղբայրական հարաբերությունները և դրան ընդդիմանալով պիտի պաշտպանել ներկա անկեղծ հարաբերությունները», - ասել է Խամենեին:

Ալիևի հանդիպումը Իրանի հոգևոր առաջնորդի հետ տեղի է ունենում Ադրբեջանում շիա հոգևորականության նկատմամբ կիրառվող բռնաճնշումների ֆոնին: Բաքվից ոչ հեռու գտնվող Նարդարան ավանում տեղի ունեցած արյունալի բախումներից հետո Ադրբեջանի իշխանությունները երկարամյա ազատազրկման դատապարտեցին մի խումբ շիա հոգևորականների, ովքեր ձերբակալվեցին 2015 թվականի նոյեմբերին և մեղադրվում են մի շարք ծանր հանցագործություններում՝ սպանությունից մինչև ահաբեկչություն իրականացնելու փորձեր:

«Ադրբեջանի իշխանությունների շահերից է բխում մարդկանց կրոնական զգացմունքներին համընթաց շարժվել, սակայն այնպես գործել, որ շիաները կառավարության գործողություններից չդժգոհեն», - ընդգծել է այաթոլա Խամենեին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG