Մատչելիության հղումներ

Իսրայելցի գեներալ. «Բանակը Գազայում է՝ ահաբեկիչների սրտում»


Իսրայելի բանակը մտել է Գազա, 8-ը նոյեմբերի, 2023թ.
Իսրայելի բանակը մտել է Գազա, 8-ը նոյեմբերի, 2023թ.

Գազայում փողոցային մարտեր են

Գազայի հատվածի նույնանուն քաղաքն ամբողջությամբ շրջապատված է, Գազան հրթիռակոծվում և ռմբահարվում է, իսկ իսրայելական ստորաբաժանումները ցամաքային գրոհներ են իրականացնում:

Օդուժի և հետևակի նպատակն է չեզոքացնել «Համաս»-ի զինյալներին և ոչնչացնել նրանց բազմաթիվ ստորգետնյա թունելները, բունկերները, զենքի պահեստներն ու թաքստոցները:

Դա բարդ խնդիր է, քանի որ քաղաքն ունի մոտ 45 քառակուսի կիլոմետր տարածք, և վերջին պատերազմից առաջ այնտեղ բնակվել է մոտ 600 հազար մարդ:

«Համաս»-ը տարածել է տեսանյութ, որը վկայում է, որ Գազայում փողոցային մարտեր են: Պաղեստինցիները կրակ են բացում իսրայելցիների զրահամեքենաների վրա, թե որքանով է արդյունավետ նրանց դիմադրությունը՝ դժվար է ասել, սպառազենի ու տեխնիկայի առումով ուժերն անհամեմատելի են:

Տեսանյութեր է տարածում նաև իսրայելական բանակը: Մի դրվագում իսրայելցի զինվորականները, իրար հետ համակարգելով գործողությունը, տեղորոշում և ոչնչացնում են մզկիթից հրասայլի վրա հրթիռ արձակած պաղեստինցիների խումբը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախօրեին ասել է, որ մարդասիրական հրադադար չի լինի, եթե պաղեստինցիներն ազատ չարձակեն բոլոր պատանդներին: Իսկ բանակի հրամանատարները զեկուցում են Գազա քաղաքում մարտեր վարելու մասին:

«Անցած տասնամյակներում առաջին անգամ մենք կռվում ենք Գազայի հատվածի սրտում՝ նոր վերադարձա այնտեղից, դա Գազա քաղաքն է, սա ահաբեկիչների սիրտն է: Սա բարդ և դժվար պատերազմ է, և՝ ի ցավ ինձ, այն նաև գին ունի», - ասել է Իսրայելի պաշտպանության բանակի Հարավային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Յարոն Ֆինկելմանը:

Մեկ ամսում ավելի քան 10,4 հազար մարդ է սպանվել

Հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվել է ավելի քան 1400 իսրայելցի, այս թիվը վերջին օրերին չի փոփոխվում, և հայտնի չէ, թե երբ Նեթանյահուի կառավարությունը նոր տվյալներ կհրապարակի: Կան նաև մեծ թվով վիրավորներ ու շուրջ 240 պատանդներ:

Պաղեստինցի պաշտոնյաներն էլ ասում են, որ զոհվել է ավելի քան 10 հազար մարդ, ընդ որում սպանվածների մոտ 40 տոկոսը՝ երեխաներ: Անկախ աղբյուրներն ասօրվա պայմաններում չեն կարող պարզել այդ թվերի արժանահավատությունը: Նեթանյահուն առայժմ մերժում է Գազայում մարդասիրական հրադադարի հորդորները և հայրենակիցներին հավատացնում, որ «Համաս»-ի նկատմամբ ամենակոշտ գործողությունների կողմնակից է:


Մինչդեռ, շատերն Իսրայելում չեն ներում Բենյամին Նեթանյահուին և նրա նախարարներին հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի անակնկալ և հանդուգն հարձակումները չկանխելու համար:

Պատերազմից հետո Իսրայելում հավանաբար կպահանջեն Նեթանյահուի հրաժարականը

Փորձագիտական շրջանակներում դա անվանում են իսրայելական այդքան փառաբանված հետախուզական կառույցների ամենախայտառակ ձախողումն անցած տասնամյակներում:

Նրանցից շատերը ենթադրում են, որ հանրությունը կպահանջի վարչապետի հրաժարականը, բայց այդ պահանջը կներկայացնի միայն պատերազմի ավարտից հետո, քանի որ մարդիկ գիտակցում են, որ պատերազմի ընթացքում չի կարելի քաղաքական ճգնաժամ ստեղծել:

Երեկ Թել Ավիվում՝ Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի մոտ 1400 իսրայելցիներ մասնակցել են մի ակցիայի, որի մեկնարկը քաղաքական չէր: Մարդիկ ասել են, որ պատերազմը ճիշտ մեկ ամիս առաջ է սկսվել, մոմեր են վառել և աղոթել են զոհվածների համար, ապա միջոցառումը վերաճել է Նեթանյահուի դեմ բողոքի ակցիայի:

Մաոզ Ինոնը, որի տարեց ծնողներին «Համաս»-ի զինյալներն են սպանել, և որդուն կորցրած Յակով Գոդոն վրան են տեղադրել ու հայտարարել են, թե դրանում կմնան, քանի դեռ Նեթանյահուն չի ազատի վարչապետի պաշտոնը:

«Պատերազմը միշտ պարտություն է»

Այսօր մոլորակի զինված առճակատումներին է անդրադարձել Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Նա Վատիկանում աղոթել է խաղաղության համար:

«Եկեք աղոթենք տանջված Ուկրաինայի, Պաղեստինի ժողովրդի և Իսրայելի ժողովրդի մասին: Խնդրենք Տիրոջը, որպեսզի մեզ արդար խաղաղություն բերի: Պատերազմը միշտ պարտություն է, եկեք չմոռանանք դա: Պատերազմը միշտ պարտություն է», - ասել է Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG