Մատչելիության հղումներ

Բաքվում կալանավորված գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկանը կապ են հաստատել հարազատների հետ


Գեներալներ Լևոն Մնացականյան և Դավիթ Մանուկյան, արխիվ
Գեներալներ Լևոն Մնացականյան և Դավիթ Մանուկյան, արխիվ

Բաքվում կալանավորված գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկանը Հակարիի կամրջից երկու շաբաթ առաջ առևանգվելուց հետո օրերս վերջապես կապ են հաստատել հարազատների հետ։

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցիների կողմից ձերբակալված Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը երկու օր առաջ ընտանիքի անդամների հետ կարճատև զրույց է ունեցել։

Դավիթ Մանուկյանի եղբայրը՝ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկանն «Ազատությանը» փոխանցեց, որ շփումը տեղի է ունեցել ռուսերենով։ Մանուկյանը ենթադրում է, որ այդկերպ ադրբեջանցիները փորձում են վերահսկել խոսակցությունը։ Գեներալ- մայորի հարազատները նաև տեղյակ են, որ Կարմիր Խաչից նրան առայսօր դեռ չեն այցելել։

Պատգամավորը պատմեց, որ եղբայրը Հակարիի կամուրջն անցնելիս եղել է իր մեքենայով, որի մեջ այդ պահին գտնվել են նաև գեներալ-մայորի կինը և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Արդյո՞ք մինչև ադրբեջանական անցակետն անցնելը պամանավորվածություն ձեռք բերվել է, որ ադբեջանցիները չեն խոչընդոտելու բարձրաստիճան զինվորականի և Արցախի նախկին պետնախարարի տեղափոխմանը Հայաստան։ Դավիթ Մանուկյանի հարազատները ոչինչ չգիտեն։

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալը 2021-ից դադարեցրել էր զինվորական ծառայությունը՝ անցնելով թոշակի։ Առևանգումից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին Բաքուն նրան 4 ամսով կալանավորեց՝ Մանուկյանին մեղադրելով Ղարաբաղում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ։

«Ազատության» տեղեկություններով՝ օրերս առաջին անգամ հեռախոսով հարազատների հետ կապ է հաստատել նաև Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում պահվող գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։ Ի դեպ, կալանավորումից երկու շաբաթ է անցել , սակայն ի տարբերություն գերեվարված մյուս զինվորականների և քաղաքական գործիչների՝ Լևոն Մնացականյանի վերաբերյալ Ադրբեջանի հատուկ ծառայությունները որևէ լուսանկար կամ տեսանյութ չեն հրապարակել։ Առայսօր նրան ևս Կարմիր Խաչից չեն տեսակցել։

2015-18 թվականներին Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին ադրբեջանցիները գերեվարեցին սեպտեմբերի 29-ին՝ դարձյալ Հակարիի կամրջից։ Բաքուն նրան մեղադրանք է առաջադրել «անօրինական խմբավորմանն անդամակցելու և 2002-ին Ալխանլի գյուղում մի խումբ ադրբեջանցիների գերեվարելու ու խոշտանգելու» համար։ Ադրբեջանը պնդում է, թե Լևոն Մնացականյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել դեռ 2006-ից ։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից հաստատեցին՝ ոչ միայն բարձրաստիճան զինվորականներին, այլև Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության որևէ ներկայացուցչի կազմակերպության անդամները չեն այցելել։

Ի դեպ, «Ազատության» տեղեկություններով՝ Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր ութ անդամներն էլ, այդ թվում՝ երեք նախկին նախագահները, այս կամ այն կերպ կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ։

Ադրբեջանցիների կողմից Հակարիի Կամրջից սեպտեմբերի 27-ին առևանգված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ևս օրերս խոսել էր հարազատների հետ։ Նրա որդին news.am-ին ասել էր, որ հայրը զանգել է մորը, ասել է, որ լավ է, կարոտում է։

Հստակ չէ՝ արդյո՞ք երեկ կայացած Պուտին-Ալիև առանձնազրույցի ընթացքում Ռուսաստանի նախկին քաղաքացի Վարդանյանին ազատ արձակելու հարցը քննարկվել է։ Պուտինի խոսնակը միայն ասել է, որ տեղյակ չէ, թե առանձնազրույցի ընթացքում ինչ հարցեր են քննարկվել։

Արցախի նախագահի նախկին խորհրդական, Հայաստանի ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյան, արխիվ
Արցախի նախագահի նախկին խորհրդական, Հայաստանի ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյան, արխիվ

Ինչո՞ւ Կարմիր Խաչի ներկայացուցիչները դեռևս չեն այցելել Արցախի գերեվարված պաշտոնյաններին և զինվորականներին։ Պատճառները պարզ չեն։ Սակայն Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը խիստ հրատապ է համարում, որ միջազգային կազմակերպությունն այցելի Բաքվում անազատության մեջ գտնվող գործիչներին։

«Երկու խնդիր կա, առաջինը՝ ֆիզիկական անվտանգության, երկրորդը՝ ընդհանուր նրանց վիճակի, այդ թվում՝ առողջական վիճակի, իսկ նման բան կարող ենք իմանալ կամ համոզվել միայն այն դեպքում, երբ որ Կրամիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նման հանդիպում ունենում են։ Դրա համար եմ ասում, որ այս տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի նրանք ևս օգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները՝ շուտափույթ ձևով հանդիպումներ ունենալու բոլոր այն ապօրինի կալանքի մեջ գտնվող անձանց հետ, որոնց մինչև այս պահը չեն հանդիպել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբրահամյանը։

Ադրբեջանական բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության համար Հայաստանի կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով երաշխավորել նրանց իրավունքներն ու ազատ արձակել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG