Մատչելիության հղումներ

Որոշ երկրներ փորձում են խաթարել իրավիճակը ԱՊՀ երկրներում․ Պուտին


Որոշ երկրներ փորձում են խաթարել լեգիտիմ իշխանությունը, ավանդական արժեքները և, ընդհանուր առմամբ, իրավիճակը ԱՊՀ երկրներում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

Գլոբալ անկայունությունը ներազդում է նաև Եվրասիայի վրա, ըստ ՏԱՍՍ-ի, ընդգծել է Պուտինը՝ շեշտելով՝ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում սոցիալական կայունությունը, ավանդական արժեքները, համագործակցության և մշակութային կապերը խաթարելուն։

Պուտինի խոսքով՝ ԱՊՀ երկրների համար սովորական սպառնալիքները մնում են՝ ահաբեկչությունն ու կազմակերպված հանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և անօրինական միգրացիան, արմատականությունն ու ծայրահեղականությունը, ինչպես նաև ռիսկերը տնտեսական, տեղեկատվական, տեխնոլոգիական և կենսաբանական անվտանգության ոլորտում։

«Այս ամենը պահանջում է ոչ միայն համակարգված կոլեկտիվ արձագանք, այլ նաև մեծ կանխարգելիչ աշխատանք: Մասնավորապես, կարևոր է լիարժեք օգտագործել անվտանգության խորհուրդների կանխատեսումը, տեղեկատվական և վերլուծական ներուժը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ վստահություն հայտնելով, ո Անվտանգության խորհուրդների միջև համագործակցությունը կշարունակի ծառայել ԱՊՀ երկրների կայունության և անվտանգության ամրապնդմանը։

Մոսկվայում այսօր հանդիպում են ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարները։ ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակը երեկ հաղորդեց, որ Արմեն Գրիգորյանը չի մասնակցի այդ հանդիպմանն՝ առանց պատճառները նշելու։ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Գևորգ Պապոյանը երեկ կարծիք էր հայտնել, թե Արմեն Գրիգորյանի՝ Մոսկվա չմեկնելու որոշումը դեմարշ չէ։

«Եթե չկա Հայաստանին վերաբերող օրակարգ կամ հարցեր, որոնք Հայաստանը բարձրացնում է, և այնտեղ քննարկման չպիտի դառնան, ենթադրում եմ, որ նման մասնակցությունը ուղղակի զուտ տեխնիկական պատճառներով կարող է ոչ նպատակահարմար համարվել», - ասել էր Գևորգյանը։

XS
SM
MD
LG