Մատչելիության հղումներ

Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ-ի հերթական զորավարժությանը


ՀԱՊԿ-ի և անդամ պետությունների դրոշները, արխիվ
ՀԱՊԿ-ի և անդամ պետությունների դրոշները, արխիվ

Հայաստանը չի մասնակցելու սեպտեմբերի սկզբին Բելառուսում պլանավորված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) փրկարար ստորաբաժանումների հատուկ զորավարժություններին։ «Սկալա-2023» կոչվող այդ վարժանքում ռադիացիոն վթարի հետևանքները վերացնելու գործողություններ են կատարվելու։

«Հայաստանի մասնակցությունը «Սկալա-2023» զորավարժություններին նախատեսված չէ», - ռուսական «Ինտեֆաքս» լրատվական գործակալությանը պատասխանել են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից՝ որպես պատճառ նշելով նախարարության փրկարական ծառայությունների աշխատակիցների ծանրաբեռնվածությունը:

Այդ զորավարժությունները Բելառուսում անցկացվելու են սեպտեմբերի 1-6-ը։

ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում բազմիցս արտահայտել է իր դժգոհությունը ռազմաքաղաքական այդ դաշինքից, որի անդամը լինելով՝ որևէ աջակցություն չի ստացել Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու համար, անգամ երբ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ Չնայած ՀԱՊԿ-ի պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կողմից, ապա դա կհամարվի ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակիցների դեմ։ Անդամներից որևէ մեկի դեմ ագրեսիայի պարագայում մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն՝ ներառյալ ռազմական օգնություն։

Սակայն Հավաքական անվտանգության պայմանագրի այս դրույթները Հայաստանի պարագայում մնացին թղթի վրա։

Հայաստանը, արտահայտելով իր դժգոհությունը, չեղարկել էր իր տարածքում պլանավորված զորավարժությունները։ Անցած մայիսին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չէր մասնակցել Մինսկում կայացած ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

Սակայն մեկ ամիս անց արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մինսկում մասնակցել էր դաշինքի անդամ երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։

ՀԱՊԿ-ի անդամ է վեց երկիր՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը և Հայաստանը։ Նախկինում ևս երեք երկրներ՝ Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկստանը, անդամակցել են այդ կառույցին, բայց հետո դուրս են եկել, չեն երկարաձգել անդամակցության պայմանագրերը։ Ընդ որում, Ուզբեկստանը երկու անգամ է միացել ՀԱՊԿ-ին ու երկու անգամ դուրս եկել։

Մոսկվայի գլխավորած ռազմաքաղաքական այդ դաշինքը ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականին Տաշքենդում, փաստորեն մի երկրում՝ Ուզբեկստանում, որը վաղուցվանից այլևս ՀԱՊԿ-ի անդամ չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG