Մատչելիության հղումներ

Խաղաղապահներն ամբողջ զինտեխնիկան Ղարաբաղից «նորոգման համար» ուղարկել են Ռուսաստան


ՌԴ խաղաղապահներն Արցախում, 7-ը հոկտեմբերի, 2023թ․
ՌԴ խաղաղապահներն Արցախում, 7-ը հոկտեմբերի, 2023թ․

Ռուս խաղաղապահներն ավարտել են Լեռնային Ղարաբաղից սպառազինության առաքումը Ռուսաստանի Դաշնություն «վերանորոգման համար»։

«Ավարտվել է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը Ռուսաստան պլանային նորոգման համար», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Դրանում տեղակայման վայրը նշվում է որպես «Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջան»: Հաղորդագրության համաձայն՝ «անընդմեջ փոխգործողություն է պահպանվում Բաքվի հետ՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը»:

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակում Շուշիի շրջանում փակվել է 1 դիտակետ: Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից փակվել է 10 մշտական և 16 ժամանակավոր դիտակետ:

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։

Թեև հայտարարությամբ ռուս խաղաղապահները պիտի Ղարաբաղում մնան մինչև 2025 թվականը, սակայն սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո, երբ ավելի քան 100 հազար բնակիչներ լքեցին Արցախը, հարցականի տակ դրվեց այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը: Հայաստանի ղեկավարությունը քննադատում է ռուսական կողմին Ադրբեջանի ռազմական գործողությունը չկանխելու կամ չդադարեցնելու համար: Պաշտոնական Մոսկվան, սակայն, մերժում է այդ քննադատությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք ճանաչելուց հետո ռուսական խաղաղապահ զորախումբն արդեն առանց կասկածի հայտնվել է Ադրբեջանի տարածքում։

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ իր հերթին նշել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Հարցը քննարկվեց Բիշքեկում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ, սակայն, որևէ հայտարարություն չարվեց հնարավոր համաձայնության վերաբերյալ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG