Մատչելիության հղումներ

«Խաղաղապահները բարեխիղճ կատարել են իրենց առաքելությունը լիազորությունների շրջանակում». Պուտին


Ռուսաստանի նախագահն այսօր հայտարարել է, թե երեկ Ադրբեջանի ղեկավարի հետ փակ դռների ետևում ղարաբաղյան խնդիրն է քննարկել։ Թե ի՞նչ եզրակացության են եկել կողմերն այդ քննարկումների արդյունքում, կմնան արդյոք ռուս խաղաղապահները Ղարաբաղում՝ Պուտինը չի հստակեցրել։

«Ինչպես հայտնի է, այս երեք տարիների ընթացքում ռուսական կողմը մեծ ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և նոր էսկալացիա թույլ չտալու համար։ Մեր աջակցությամբ պատրաստվել էին համապատասխան եռակողմ փաստաթղթեր։ Իլհամ Հեյդարովիչը կարող է հաստատել, որ այս ողջ ընթացքում հարաբերությունները կարգավորելուն ուղղված քրտնաջան աշխատանք է տարվել, իսկ ռուս խաղաղապահները բարեխիղճ կատարել են իրենց առաքելությունը իրենց լիազորությունների շրջանակում», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտին-Ալիև հանդիպումը կայացել է ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում, որին Հայաստանի վարչապետը չի մասնակցում։ Չնայած Փաշինյանի բացակայությանը՝ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, թե այսօր օրակարգում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է։ Ռուսական կողմը պատրաստ է հնարավորինս օգնել այս հարցում, ընդգծել է Պուտինը, հավելելով՝ Մոսկվան պատրաստ է ցանկացած մակարդակի բանակցություններ կազմակերպել:

Ռուսական «Կոմերսանտ»-ը երեկ ծավալուն հոդված է հրապարակել հայ-ադրբեջանական բանակցությունների թեմայով, շեշտելով, թե «Հայաստանի վարչապետի համար առավել հարմար է Ադրբեջանի հետ խաղաղության հարցը քննարկել Ռուսաստանից հեռու հարթակներում»:

Պուտինն իր այսօրվա խոսքում հիշատակել է հետխորհրդային մի շարք պետություններ, որոնք ԱՊՀ հավաքներին չեն մասնակցում և ունեն մի շարք խնդիրներ։ Խոսքը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի մասին է, ասել է Պուտինը։ Հայաստանն այս՝ ոչ բարեկամական պետությունների շարքում նա չի նշել։

Բելառուսի նախագահը, մինչդեռ, հրապարակավ նշել է, որ Երևանից դժգոհություններ կան դաշնակից կառույցներում։

«Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում ԱՊՀ երկրների հետ հարաբերություններում», - ասել է Լուկաշենկոն՝ առանց փաստեր ու հավելյալ մանրամասներ ներկայացնելու։

XS
SM
MD
LG