Մատչելիության հղումներ

Ցանկանում ենք պայմաններ ստեղծել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար. Անալենա Բերբոք


Ցանկանում ենք պայմաններ ստեղծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, անվտանգության ու կայունության համար՝ հիմք ընդունելով երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, այսօր Երևանում հայտարարեց Գերմանիայի արտգործնախարարը։

Անալենա Բերբոքը հայկական կողմի հետ բանակցություններից հետո մեկնելու է Բաքու։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության համար չկա այլ ճանապարհ, քան բանակցությունների սեղանը։ Սահմանագծման հարցում շատ տարբեր խնդիրներ են առաջանում, թե ինչպե՞ս է պետք վարվել տարբեր քարտեզների հետ։ Երևանը և Բաքուն ջանքեր են գործադրում այս ուղղությամբ, որը հույս է արթնացնում, որ դուք կարող եք հանգել խաղաղ լուծման», - նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

Անալենա Բերբոքը հավելել է. - «Այս ճանապարհից հետ դառնալը կնշանակի գործել այն դերակատարների օգտին, որոնք, գործելով այսպես կոչված «ազդեցության գոտում», փորձում են սեփական շահերը առաջ մղել։ Երկար ժամանակ ԵՄ-ը հանդես է գալիս որպես անաչառ միջնորդ այս ճանապարհին, համոզված եմ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցող բանակցությունները կհանդիսանան ամենակարճ կամուրջը դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում։ Այդ պատճառով կարևոր է, որ առաջիկայում տեղի ունենա բանակցությունների հաջորդ փուլը»:

Թեև Ադրբեջանի նախագահը վերջին ամիսներին հրաժարվում է եվրամիության միջնորդությամբ Հայաստանի հետ շարունակվող բանակցություններից, Բերբոքը հույս հայտնեց, որ Եվրոպական խորհրդի նախագահի ջանքերը զուր չեն անցնի և բանակցային գործընթացը կվերսկսվի։

Իր հերթին Հայաստանի արտգործնախարարը կարևորեց Գերմանիայի ջանքերը տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ, միևնույն ժամանակ հիշեցրեց Բերբոքի սեպտեմբերի 19-ի հայտարարությունը, թե «Բաքուն խախտել է ռազմական գործողություններից զերծ մնալու խոստումը»։

Գերմանիայի արտգործնախարարը, սակայն, այս թեմային այսօր Երևանում անգամ չանդրադարձավ։ Արևմուտքի կողմից Բաքվին պատասխանատվության կանչելու որևէ կոնկրետ գործողություն ևս դեռ չի եղել։

«Հնարավոր ոճրագործության հիմնավոր վախի պատճառով բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից, զուգահեռ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել, առկա են հումանիտար բնույթի խնդիրներ, Բաքվում անազատության մեջ են պահվում հայ ռազմագերիներ և ապօրինի պատանդառված քաղաքացիական անձինք: Ցանկանում եմ մեջբերել սեպտեմբերի 19-ին լեռնային Ղարաբաղում զարգացումների կապակցությամբ Ձեր արձագանքից՝ «ռազմական գործողություններից զերծ մնալու բաքվի խոստումը խախտվեց», այո, ցավոք, դա այդպես էր: Այս գործելաոճի մերժման ուղղությամբ անկեղծ ու գործուն ջանքերն են, որ կարող ենք իսկապես նպաստել տարածաշրջանում կայունության, խաղաղության հաստատմանը», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Միրզոյանը նորից հայտարարեց, որ չնայած բոլոր բարդություններին, Երևանն ունի քաղաքական կամք խաղաղություն հաստատելու համար։

Հայ-գերմանական հարաբերություններ, ստորջրյա հաղորդակցության ծրագիր

Արարատ Միրզոյանը խոսեց նաև հայ-գերմանական հարաբերություններից, Բեռլինը Երևանի եվրոպական թիվ մեկ առևտրային գործընկերն է։ Հայաստանի արտգործնախարարը նաև ընդգծեց՝ Երևանը պատրաստ է նպաստելու Եվրոպայի էներգետիկ անվտանգության զարգացմանը, ինչը, ըստ Միրզոյանի, հնարվոր կլինի, երբ հայաստանը միանա Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխի ծրագրին։ Այն նախատեսում է ստորջրյա էլեկտրահաղորդման գիծ ստեղծել դեպի ԵՄ երկրներ՝ Ադրբեջանի, Վրաստանի և Սև ծովի տարածքով։

Գերմանիայի արտգործնախարարը խոսեց նաև ստորջրյա հաղորդակցության մեկի այլ ծրագրի՝ Սև ծովով անցնող ինտերնետ մալուխի կառուցման մասին, որը Եվրամիությունն իրականացնում է Global Gateway ծրագրի շրջանակում։

«Ստորջրյա կապի, հաղորդակցության մալուխի հետ կապված, ենթակառուցվածքային անկախություն ձեռք բերելու մասին ևս խոսել ենք։ Շատ ավելի սերտ կարող ենք համագործակցել նաև վերականգվող էներգետիկայի ոլորտում», - ընդգծեց Բերբոքը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր՝ Երևանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ այնքան, որքան պատրաստ է Բրյուսելը։ Այս հարցում ի՞նչ սահմաններ է գծում Բեռլինը․ Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ իրենք ցանկանում են ավելի ուժեղ ու խորը հարաբերություններ՝ համագործակցելով կրթությունից մինչև էներգետիկ ոլորտ։

Երկու արտգործնախարարները խոսել են նաև վիզաների ազատականացման գործընթացի մասին, որը Բերբոքի խոսքով՝ «կարող է տեղի ունենալ ավելի անվտանգ ու խաղաղ միջավայրում»։ Գերմանիայի արտգործնախարարը նաև ընդգծեց, որ գերմանական մեծ ներդրումների համար Հայաստանը գրավիչ կդառնա խաղաղության պայմանագրի կնքումից հետո։

Սա Բերբոքի Հայաստան ու Ադրբեջան՝ առաջին, իսկ տարածաշրջան երկրորդ այցն է, գարնանը նա եղել էր Վրաստանում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG