Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն ու Բրյուսելը համոզում են Երևանին դուրս գալ ՀԱՊԿ-ից, ստորագրել խաղաղության պայմանագիրն առանց ՌԴ միջնորդության. Զախարովա


Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը Լաչինում ռուսական թոփ նորությունների շարքում է այսօր։ Թեմային անդրադարձել են գրեթե բոլոր առաջատար լրատավամիջոցները։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, մինչդեռ, մեկնաբանելով Արցախի նախկին պետնախարարի ձերբակալությունը, ասել է, որ ինքը նման տեղեկություն չունի և չի կարող ոչինչ ասել դրա վերաբերյալ։

«Ինձ հայտնի չէ նրա ձերբակալության մասին, ես չգիտեմ, թե ում կողմից է նա ձերբակալվել, ձերբակալվե՞լ է արդյոք, թե՞ ոչ, ունի՞ նա ՌԴ քաղաքացիություն»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ եթե Վարդանյանը ունի ՌԴ քաղաքացիություն, ապա Ռուսաստանը կպաշտպանի նրա իրավունքները։

Արցախ մեկնելիս Ռուբեն Վարդանյանը, որ Ռուսաստանի թերևս ամենահայտնի գործարարներից մեկն էր տասնամյակներ շարունակ, հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից։ Իսկ Ռուսաստանի արտգործնախարարությանն այսօրվա ասուլիսում ավելի շատ հարցեր են տվել հայ-ռուսական հարաբերությունների ու Լեռնային Ղարաբաղի, քան ուկրաինական պատերազմի վերաբերյալ։

Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, և բոլոր հարցերը պետք է կարգավորվեն այս տրամաբանության շրջանակներում, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին պատասխանելիս ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։ Մարիա Զախարովան չի օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը, այլ խոսել է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, ռուսների միջնորդությամբ։

«Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդրի լուծումը կարող է և պետք է գտնվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Միևնույն ժամանակ այն պետք է երաշխավորի այն երկրի ինքնիշխանությունն ու իրավասությունը, որի տարածքով անցնելու են երթուղիները», - ասել է նա։

Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Թուրքիայի նախագահի հայտարարությունը, թե անցած դարի քսանականներին Զանգեզուրը Ադրբեջանից վերցրել և տվել են Հայաստանին։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է, թե իրավիճակն այսօր այնքան արագ է փոխվում, որ պատմական հարցեր մեկնաբանելու ժամանակը չէ։

Վերջին մի քանի օրերին պաշտոնական Մոսկվան քննադատում է Հայաստանի իշխանություններին և անձամբ վարչապետ Փաշինյանին հակառուսական հայտարարությունների և քայլերի համար, հորդորում չշրջվել Ռուսաստանից դեպի Արևմուտք, նույնիսկ անուղղակի սպառնում:

Կրեմլի խոսնակը երեկ հիշել է, որ Հայաստանը լուրջ կախվածության մեջ է Ռուսաստանից, ընդգծել, թե էժան գազ ՀՀ-ին հենց Ռուսաստանն է տալիս։ Միևնույն ժամանակ Մոսկվան այս օրերին նաև շեշտում է, որ շարունակում է շփումները Երևանի հետ։ Այսօր սա կրկնել է Զախարովան. - «Մոսկվան ուշադրությամբ է վերաբերվելու Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, և երբեք չի լինի այդ հարաբերությունները փչացնելու պատճառը կամ նախաձեռնողը»։

Զախարովան այսօր հայ- ռուսական հարաբերությունները փչացնելու փորձի մեջ մեղադրել է Միացյալ Նահանգներին և Բրյուսելին. - «Ստացվող տեղեկության համաձայն՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը համոզում են Երևանին դուրս գալ ՀԱՊԿ-ից, խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և ստորագրել խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ առանց Ռուսաստանի միջնորդության և առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները»։

Պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական հարցերին։ Պնդելով, թե Մոսկվան դա դիտարկելու է որպես Հայաստանի ներքին գործ և չի ուզում միջամտել, Մարիա Զախարովան նշել է. - «Վաշինգտոնը, օրինակ, նկատում է բռնությունները Թեհրանում և չի նկատում դրանք Երևանի փողոցներում»։

Նա նույն մեղադրանքներն է հնչեցրել նաև Ֆրանսիայի և այդ երկրի նախագահի հասցեին՝ Էմանյուել Մակրոնին անվանելով «ֆանտազյոր» և պնդելով, թե հայերի շահերը տարածաշրջանում ռուսներն են պաշտպանում։ Ավելին՝ չնայած մի քանի օրում Արցախից Հայաստան է տեղափոխվել բնակչության արդեն գրեթե կեսը, Զախարովան շարունակում է պնդել, թե ռուս խաղաղապահները պաշտպանում են հայերին Ղարաբաղում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG