Մատչելիության հղումներ

Ի՞նչ հանգամանքներում և ինչո՞ւ ԼՂ իշխանությունները գնացին Արցախը կազմալուծելու քայլին


Արցախի կառավարության շենքը Ստեփանակերտում, արխիվ
Արցախի կառավարության շենքը Ստեփանակերտում, արխիվ

Մինչև հունվարի 1-ը Արցախի հանրապետությունը կազմալուծելու մասին նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը մի շարք հարցեր է առաջ բերել, որոնց դեռ հստակ պատասխաններ չեն տրվել, մասնավորապես՝ ի՞նչ հանգամանքերում և ինչո՞ւ Արցախի իշխանությունները գնացին այդ ծայրահեղ քայլին։

Արցախում իշխանափոխություն տեղի ունեցավ, որպեսզի երկրի լուծարման սցենարը առաջ գնար. Արմեն Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան, արխիվ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի համոզմամբ՝ հրամանագիրը ստորագրվել է ճնշումների ներքո։

«Իհարկե, Ադրբեջանը անմասն չի, բայց կարծում եմ, որ միջնորդավորված ճնշումներ է՝ Ադրբեջան և գուցեև Ռուսաստանի Դաշնություն։ Ես այդպես եմ մտածում, սա իմ անձնական կարծիքն է» , - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Խաչատրյանը՝ շարունակելով․ - «Ինչ գրվել է այնտեղ՝ կոնկրետ ձեռնտու է Ադրբեջանին։ Հիմա չեմ կարող ասել՝ սպառնալիք է եղել, անձնական շահագրգռվածություն է եղել, էլ ինչ է եղել, թե ամենը իրար հետ միասին է եղել, չեմ կարող ասել։ Իհարկե, ընթացքում էս բոլոր հարցերին պետք է անդրադառնալ, պարզել իրողությունը, բայց պարզ է, որ իշխանափոխությունը այնտեղ՝ Արցախում, տեղի ունեցավ հենց այս ակտը ստորագրելու համար, այս գործողություններին գնալու համար՝ սա ամբողջովին պարզ էր»։

Հարցին՝ իշխանափոխություն, որպեսզի լուծարվի Արցախի հանրապետությու՞նը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն արձագանքեց․ - «Այո, որպեսզի էս սցենարը առաջ գնար»։

Հարցին էլ, թե դա ո՞ւմ ծրագիրն է, ինչո՞ւ պետք է ղարաբաղցիների ղեկավարությունն իր ձեռքով աներ, Խաչատրյանը պատասխանեց․ - «Բայց արեց, չէ՞։ Հիմա էդ ղարաբաղցիներին օրը կգա, և հարցը կտաք՝ ինչո՞ւ արեցիք։ Արեցին, չէ՞։ Երկիրը լուծարման տարան հերիք չէ, նաև Հայաստանի Հանրապետության գլխին մի հատ էլ սենց վտանգ և թուր կախեցին՝ արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետությունը այնտեղ ունեցել է զինված ուժեր։ Բա սա՞ ինչի համար են արել։ Պարզ չի՞, որ դրսից կառավարվող, դրսից թելադրվող փաստաթուղթ է դրվել իրենց դեմ, իրենք էլ ստորագրել են»։


Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հակադարձում է՝ Արցախում իշխանափոխություն չի եղել նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ընդդիմադիր պատգամավորի խոսքով, պարզապես փախուստի է դիմել իր պաշտոնից, և որևէ մեկը պետք է նրան փոխարիներ։ Իսկ սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո պատանդի կարգավիճակում գտնվող Արցախի իշխանությունն այլ ելք չուներ։

Պատկերացեք իրավիճակ, երբ սենյակում ահաբեկիչը զենքով նստած է, և նրա առաջ ձեռքերը կապված մարդիկ են. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան, արխիվ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան, արխիվ

«Չստորագրելը այդ պահին, ադրբեջանական ճնշումների, շանտաժի և սպառնալիքի ներքո, նշանակելու էր պարզապես թույլ տալ, որ ադրբեջանական զորքերը այդքան խաղաղ բնակիչների պայմաններում պարզապես ներխուժեին Ստեփանակերտ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Աբրահամյանը՝ շարունակելով․ - «Բայց երկրորդը, որը ուզում են նշել, գիտե՞ք, իրողությունը ստեղ լրիվ այլ բանի մեջ է․ այն, ինչ որ ստորագրվել է, կամ էդ հրամանագիրը, ինչ որ տարածվել է, դա այդ պահին եղել է ոչ միայն ադրբեջանական կողմի ճնշումների և սպառնալիքի տակ, զոհասեղանին եղել է 100 հազարի հասնող մարդկանց կյանք, այլ հենց այդ պահին էլ արդեն Ադրբեջանը վերահսկողություն ունեցել է Արցախի նկատմամբ, դա եղել է նրա համար ուղղակի քարոզչական փաստաթուղթ, որը նա պետք է տարբեր փուլերում օգտագործի»։

Հակադարձելով հնչող մեղադրանքներին, թե ինչու Արցախի իշխանությունները հանձնեցին մեծ քանակությամբ զենք-զինամթերք, Արցախի նախագահի նախկին խորհրդականն ասում է՝ Ադրբեջանի զինված ուժերն ամբողջությամբ վերահսկողության տակ էին վերցրել Արցախը, հնարավոր չէր զենքի հարցում որևէ բան պայմանավորվել Բաքվի հետ։ Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ 9 ամիս բլոկադայի մեջ գտնվող Արցախը երկար դիմադրելու որևէ ռեսուրս չուներ։

«Խնդիրը այն է, որ Հայաստանի իշխանությունը իր անգործությամբ, իր քաղաքական հայտարարությունների հետևանքով, բերել էր Արցախը հանգեցրել էր աղետի շեմին, հիմա այդ աղետը որպես այդպիսին կայացել է, և հիմա նա, ինչպես մնացած դեպքերում է եղել, փորձում է տարբեր մեղավորներ նշանակել, ամեն ինչ անել ինքը իրեն փրկելու համար», - պնդեց Տիգրան Աբրահամյանը։

Բաքուն դեռ սեպտեմբերի 19-ի հարձակումից առաջ էր պահանջում լուծարել Ղարաբաղի Պաշտպանության բանակն ու պետական կառույցները, ինչին Արցախի ոչ մի իշխանություն չհամաձայնեց։
Սեպտեմբերի 20-ի հրադադարի օրը արդեն, երբ Արցախի իշխանությունը համաձայնեց բանակը լուծարել և զինաթափել, նաև պարտավորվեց Լեռնային Ղարաբաղից հանել «Հայաստանի Զինված ուժերի մնացած ստորաբաժանումները»՝ մի բան, որ պաշտոնական Երևանը անդադար հերքում էր, Բաքուն՝ պնդում։ Ինչո՞ւ Արցախի իշխանությունը համաձայնեց այդ ձևակերպմանը։

«Պատկերացրեք իրավիճակ, երբ սենյակում ահաբեկիչը զենքով նստած է, և նրա առաջ ձեռքերը կապված մարդիկ են, ի՞նչ ակնկալել ձեռքերը կապված մարդուց», - ասաց Աբրահամյանը։

Սեպտեմբերի 19-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակումից հետո Արցախի ոչ ներկայիս, ոչ էլ նախկին նախագահները հստակ չեն պարզաբանել, թե ինչու և ինչ պայմաններում կայացվեց բանակը լուծարելու և զենքերը հանձնելու որոշումը։ Այդ որոշումը կայացնելուց առաջ սեպտեմբերի 20 -ին նախագահ Սամվել Շահրամանյանը Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որին մասնակցել էին նաև Արցախի քաղաքական բոլոր ուժերը և նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։ Որոշումը հրապարակելուց առաջ Շահրամանյանն ակնարկել էր, որ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը:

Բանակը լուծարելու որոշումից 8 օր անց արդեն՝ սեպտեմբերի 28-ին Շահրամանյանը ստորագրեց նաև Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։

Սեպտեմբերի 24 -ից սկսած Ադրբեջանը թույլ տվեց Հակարիի կամրջով արցախցիների տեղափոխումը դեպի Հայաստան։ 100 հազարից ավելի արցախցիներ 9-ամսյա ծանր բոլոկադայից ու ռազմական հարձակումից հետո բռնեցին գաղթի ճանապարհն ու լքեցին հայրենիքը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG