Մատչելիության հղումներ

Նախագահ Շահրամանյանը դեռ Արցախում է. հայտնի չէ՝ որտեղ են ԼՂ-ի նախկին նախագահները


Ադրբեջանի զինուժի հարձակումից երկու շաբաթ անց՝ այսօր արդեն, ըստ արցախցի պաշտոնյաների, Ղարաբաղը գրեթե ամբողջությամբ հայաթափված է։ Արցախում այս պահին Արտակարգ իրավիճակների պետական ծառայության շուրջ երկու տասնյակ փրկարարներն են, որոնք շարունակում են զոհվածներին ու անհետ կորածներին որոնել։

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ մինչև որոնողական աշխատանքների ավարտն Արցախում կմնա նաև նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները», - երեկ հաղորդել էր շտաբը։

Արցախի տեղեկատվական շտաբից, որն այս օրերին Արցախի պաշտոնական տեղեկատվության միակ հարթակն է, երեկ չէին բացառել՝ հնարավոր է դեռ մարդիկ կան, որ չեն կարողացել դուրս գալ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ավելի քան հարյուր հազար արցախցի է հատել Հակարիի կամուրջը։ Թե մինչև Ադրբեջանի ռազմական հարձակումը որքան հայ է եղել Արցախում, պաշտոնապես չի հստակեցվում։

Մինչև 2020 թվականի պատերազմը, պաշտոնական տվյալների համաձայն, Արցախում 150 հազար հայ է ապրել։ Նրանց մի մասը՝ 30 հազարը, տեղահանվել են պատերազմի ժամանակ գրավված Հադրութից, Շուշիից ու մյուս բնակավայրերից։ 44-օրյայից հետո՝ մինչև շրջափակումը, պաշտոնապես հայտարարվում էր արդեն 120 հազար բնակչության մասին։

Երևանից վերջին օրերին տեղահանվող արցախցիների նվազող վիճակագրություն են ներկայացնում՝ 100 հազար 520 բռնի տեղահանված է ժամանել ՀՀ։

«Երեկոյից ցուցանիշը գրեթե չի փոփոխվել, սա նշանակում է, որ հիմնական մարդկային հոսքը դադարել է, և առավելապես Լեռնային Ղարաբաղում մնացել են պաշտոնատար անձինք և, իհարկե, բնակչության որոշ՝ ավելի քիչ զանգվածը», - ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկ տեսանյութ էր տեղադրել ու հայտնել, որ Արցախից վերջին ավտոբուսը Գորիս է հասել 15 ուղևորով:

«Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար:

Եթե Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին դեռևս ունեք հստակ տեղեկություն, պետք է դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե, կամ էլ տրամադրել տեղեկությունները մեզ ԿԽՄԿ փոխանցելու համար», - գրել էր Ստեփանյանը։

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունից հայտնում են, որ շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղում ու պատրաստ են Հայաստան տեղափոխել անօգնական վիճակում գտնվող քաղաքացիներին, եթե կան այդպիսի մարդիկ։

«Ինչ վերաբերում է մարդկանց, որոնք դեռևս մնացել են և ցանկություն ունեն տեղափոխվելու, բայց չեն կարող ինչ-ինչ պատճառներով, օրինակ, դա կարող է լինել հաշմադամություն կամ այլ իրավիճակ, որում իրենք գտնվում են և անօգնական, մեր կազմակերպությունը դեռևս մնալով և թիմով աշխատելով տեղում, փորձում է այդ հատուկ դեպքերով, հետքերով գնալ և փորձել մարդկանց օգնել տեղափոխվել Հայաստան», - «Ազատությանն» ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին։

Միջազգային մարդասիրական կազմակերպությունից, սակայն, չեն հստակեցնում, թե նման քանի ահազանգ են ստացել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նաև Արցախից աճյունների դուրսբերմամբ է զբաղվում։ Զառա Ամատունին հայտնեց, որ կազմակերպությունը երեկ 33 աճյուն է տեղափոխել Հայաստան։ Կարմիր խաչը վերջին օրերին հարյուրավոր զանգեր է ստանում նաև արցախցիներից, որոնք հարազատներին են փնտրում. - «Հարազատները, որոնք բաժանվել են, թե ճանապարհին և թե այս պահին ունեն որևէ մեկը, որը մնացել է, բնականաբար գալիս են մեզ մոտ, մենք բոլոր դեպքերը գրանցում ենք, փորձում ենք տեղում հարցերը ճշտել»։

Պաշտոնապես չի հստակեցվում՝ սեպտեմբերի 19-ից հետո քանի զինվորական ու խաղաղ բնակիչ է զոհվել, քանիսն են անհետ կորած համարվում։ Անհայտ է նաև ձերբակալված զինվորականների թիվը։

Բաքվի կողմից Արցախի չորս պաշտոնյաների ձերբակալություններից հետո առայժմ պարզ չէ՝ որտեղ են Արցախի նախկին ղեկավարները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը։

Մինչև պաշտոնական աղբյուրները լռում են, լրատվամիջոցներում հակասական տեղեկություններ են շրջանառվում նրանց Արցախում գտնվելու ու հակառակը դուրս գալու վերաբերյալ։ Ռուսական ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ երեք նախկին նախագահները կեսօրի դրությամբ չէին լքել Ստեփանակերտը, և նրանց վերաբերյալ բանակցություններ են ընթանում։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր Ստեփանակերտում հանդիպել են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։ Սակայն, պաշտոնապես չի հաղորդվում, թե ինչն է եղել բանակցությունների թեման։

Բաքուն երեկ հայտնեց 300 հոգու նկատմամբ միջազգային հետախուզման մասին՝ նրանց թվում՝ նշելով նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի անունները։ Արդեն կալանավորել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Չորսին էլ ծանր մեղադրանքներ են առաջադրվել։

XS
SM
MD
LG