Մատչելիության հղումներ

Ադրբեջանի սահմանապահները Լաչինի միջանցքում ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին. Երևանը դիմել է ՄԻԵԴ


Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ժամեր անց Հայաստանի կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Երևանը Բաքվից պահանջում է տեղեկություններ տրամադրել Վարդանյանի ձերբակալության, նրա գտնվելու վայրի վերաբերյալ։

Բաքուն դեռևս չի հստակեցնում՝ ինչն է Արցախի նախկին պետնախարարի ձերբակալության պատճառը, արդյոք նրան Ադրբեջանի իրավապահները մեղադրանք են առաջադրել։ Միայն հաստատել են ձերբակալման հանգամանքը։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը շեշտում է. «Սեպտեմբերի 27-ին Լաչինի սահմանային անցակետում պետական սահմանապահ ծառայության զինծառայողների զգոնության արդյունքում ձերբակալվել է ապօրինի կերպով հանրապետություն ժամանած Ռուբեն Կառլենովի Վարդանյանը, ով զբաղեցրել է, այսպես կոչված, «պետական նախարար պաշտոնը»»։

Ըստ գերատեսչության՝ 53-ամյա Վարդանյանը տեղափոխվել է Բաքու։

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև լուսանկար ու տեսանյութեր են հրապարակել, որոնցում ադրբեջանցի իրավապահներն են ու Վարդանյանը՝ ենթադրաբար ձեռնաշղթայով։ APA գործակալությունը լուսանկարում նախկին պետնախարարի ձեռքերի հատվածը քողարկել է։

Գործարարը պաշտոնանկությունից հետո Ադրբեջանին մեղադրել էր արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու համար։ Նա սեպտեմբերի 19-ին՝ նույն ընթացքում, երբ Ադրբեջանը սկսել էր ռազմական գործողությունները, կոչ էր արել միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

Վարդանյանի ձերբակալության մասին առաջինն ահազանգեց նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը՝ հանդես գալով հայտարարությամբ. - «Ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ այսօր առավոտյան, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում»:

Մինչ ձերբակալությունն էլ Ադրբեջանը Վարդանյանին վերագրվող որևէ մեղադրանքի մասին չի հայտնել, միայն անցած տարվա նոյեմբերից, երբ նա պետնախարար նշանակվեց, Բաքուն պահանջում էր նրա հրաժարականը՝ գործարարին համարելով «Մոսկվայից գործուղված, անգամ քրեական օլիգարխ»։ Վարդանյանը պաշտոնից ազատվեց ուղիղ 4 ամիս անց՝ փետրվարին, այդ ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով։

Այս պաշտոնանկությունից ուղիղ հինգ օր առաջ Մյունխենում նման պահանջ էր դրել Արդբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բաքուն պատրաստ է քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պայմանով, որ բանակցողը չպետք է լինի Ռուբեն Վարդանյանը։

55-ամյա գործարարը մինչ Ստեփանակերտ տեղափոխվելը հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից։ Նա վերջին ամիսներին ևս չէր լքել Արցախը՝ զբաղվելով հասարակական գործունեությամբ, մասնակցում էր ներքաղաքական քննարկումներին։

Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից առաջ Լաչինի միջանցքով անարգել Հայաստան էր եկել Արցախի պաշտպանության նախկին նախարար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։ Նախկին բարձրաստիճան զինվորականը երեկ պնդել էր, թե ադրբեջանցի երիտասարդ սահմանապահները չեն ճանաչել իրեն։

Ռուբեն Վարդանյանն Արցախի առաջին պաշտոնյան է, որին Բաքուն ձերբակալում է ռազմական հարձակումից հետո, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղը զինաթափվեց։ Հայտնի չէ, թե ինչ է սպասվում Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաներին, որոնցից ոմանց նկատմամբ Բաքուն հետախուզում է հայտարարել։

Շաբաթասկզբին պաշտոնական Բաքուն հայտարարել էր, թե սեպտեմբերի 19-ից 20-ը իրականացրած «հակահաբեկչական միջոցառումների» շրջանակներում զինաթափվել և ձերբակալվել են անձինք, ովքեր կասկածվում են «ահաբեկչական գործողություններ» կատարելու, այդ թվում՝ «սեպտեմբերի 19-ին պայթյունների հետևանքով զոհված ադրբեջանցի 2 քաղաքացիական անձանց և 4 ոստիկանների մահվան մեջ»։ Ադրբեջանական կողմն անուններ չէր հրապարակել։ Ստեփանակերտից էլ դեռ չեն հստակեցրել՝ ովքեր են ձրեբակալվածները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG