Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. Փաշինյան


Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա, կառավարության նիստին այսօր հայտարարեց վարչապետ Փաշինյանը։ Ժամը 14-ի դրությամբ բռնի տեղահանված մարդկանց թիվը ավելի քան 70 հազար է՝ Արցախի բնակչության կեսից ավելին։

«Լեռնային Ղարաբաղի հայության ելքն Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է: Վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա: Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը», - ասաց վարչապետը:

Ընդ որում, ըստ Փաշինյանի, այս օրերին միջազգային տարբեր խաղացողներ էթնիկ զտումները դատապարտող հայտարարություններ են անում, սակայն եթե դրանց չհետևեն քաղաքական ու իրավական կոնկրետ գործողություններ, այդ հայտարարությունները արժեք չեն ունենա։

Մինչ այդ Հայաստանի կառավարությունը զբաղված է հազարավոր առանց տանիքի մարդկանց տեղավորելու ու հրատապ կարիքները հոգալու հարցերով, նրանք նախ գրանցում են Կոռնիձորում, Վայքում և Գորիսում, ապա ժամանակավոր կացարաններ են առաջարկվում։

«Բաշխվածությունը մարզերի միջև գրեթե նույնն է, եթե որոշ քանակով ավելի են, օրինակ, Կոտայքում, Սյունիքում օթևան գտած անձանց քանակը, նրանք այլ մարզերում բաշխված են առավել հավասարապես», - ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Մարդկանց մոտ 80 տոկոսը հրաժարվել է պետության առաջարկած կացարաններից

Փոխվարչապետը դիմեց տեղահանվածներին՝ խնդրելով ընդունեն իրենց կողմից առաջարկվող կացարանները՝ հիշեցնելով, որ դրանք ժամանակավոր են։ Այնուամենայնիվ, Հայաստան ժամանած մարդկանց մոտ 80 տոկոսը հրաժարվել է այդ կացարաններից՝ նշելով, որ գնալու տեղ ունեն։

«Այդ մարդկանց հետ կապը պահում ենք, որպեսզի հետագա սոցիալական ու հետագա խնդիրները կառավարենք, որովհետև հիմա հնարավոր է՝ մարդիկ գնան իրենց որևէ հարազատի տանն, օրինակ, մի շաբաթ մնան, մի շաբաթ հետո ավելի հարմար գտնեն չշարունակել այնտեղ մնալ», - ընդգծեց Փաշինյանը:

Ինչո՞ւ են Արցախից տեղահանվածների մեծ մասը հրաժարվում կառավարության առաջարկած կացարաններից, գլխավոր պատճառը, նրանց խոսքով, սահմանին շատ մոտ լինելն է, ասում են՝ «չենք ուզում նորից պատերազմ տեսնել, նորից փախչել»։

Շատերն էլ հարազատներ ունեն որևէ կոնկրետ մարզում կամ մայրաքաղաքում, անգամ հույս են փայփայում, թե կարող է Ղարաբաղ վերադառնան։ Ոմանք էլ կատակում են, թե Հայաստանում բնակավայր չկա, որ սահմանից հեռու է, ամեն տեղ էլ պատրաստ են գնալ։

Արցախից մեծ հոսքի պատճառով ճանապարհին սարսափելի խցանումներ են։ Հազարավոր մարդիկ այս պահին էլ մեքենաների հոսքի մեջ են, Ստեփանակերտից Կոռնիձոր հասնելը միջինը տևում է մոտ 30-35 ժամ, մեքենաները գերբեռնված են, մարդիկ հաճախ մի կերպ տեղավորված։ Ստեփանակերտում էլ կան մարդկ, որոնք սեփական փոխադրամիջոց չունեն Հայաստան գալու համար, նրանց համար կառավարությունը պատրաստվում է ավելի ուշ ավտոբուսներ ուղարկել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG