Մատչելիության հղումներ

«Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու»․ Դավիթ Բաբայանը հայտարարում է Ստեփանակերտից Շուշի մեկնելու իր որոշման մասին


Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է այսօր Ստեփանակերտից Շուշի մեկնելու իր որոշման մասին։

Իր հայտարարությունում Բաբայանը նախ շեշտել է, որ ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, ապա տեղեկացրել, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։

«Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։
Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ», - Ֆեյսբուքում գրել է Բաբայանը։

Երեկ Հաակարիի կամրջի ադրբեջանական անցակետում Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվեց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը։ Վարդանյանի կինը նաև հաստատեց իր ամուսնու ձերբակալության մասին տեղեկությունը:

Բաքուն դեռևս չի հստակեցնում՝ ինչն է Արցախի նախկին պետնախարարի ձերբակալության պատճառը, արդյոք նրան Ադրբեջանի իրավապահները մեղադրանք են առաջադրել։ Միայն հաստատել են ձերբակալման հանգամանքը։

53-ամյա Վարդանյանը տեղափոխվել է Բաքու։ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ժամեր անց Հայաստանի կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Երևանը Բաքվից պահանջում է տեղեկություններ տրամադրել Վարդանյանի ձերբակալության, նրա գտնվելու վայրի վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG