Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա. Փաշինյան


Լեռնային Ղարաբաղի հայության ելքը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների հետևանքով շարունակվում է, այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ վերլուծությունների համաձայն առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա:

«Սա էթնիկ զտման ու հայրենազրկման ուղղակի ակտ է և այն ինչի մասին մենք ահազանգում էինք միջազգային հանրությանը: Միջազգային տարբեր խաղացողների կողմից էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարությունները պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ իրենց այս հանցագործությունից ֆորմալ առումով տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով մենք դaտապարտել ենք», ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ դատապարտումներին կոնրետ իրավական ու քաղաքական որոշումներ պետք է հետևեն, եթե ոչ, ապա «դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայնվելու լուռ ակտեր»:

Այսօր առավոտվա 10-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել 66 հազար 500 բնակիչ:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ բոլորը չէ, որ սեփական ավտոմեքենաներ ունեն, «հետևաբար երբ հոսքը փոքր ինչ թեթևանա, կկազմակերպեն այն անձանց տեղահանում, որոնք դեռ Ստեփանակերտում են»:

XS
SM
MD
LG