Մատչելիության հղումներ

«Ռուբեն Վարդանյան պրոյեկտը» չաշխատեց». Բաքուն կրկին խոսում է արցախահայերին ինտեգրելու մասին


Ռուբեն Վարդանյան և Ջեյհուն Բայրամով
Ռուբեն Վարդանյան և Ջեյհուն Բայրամով

Արցախի հետ երկխոսելու Ալիևի նախապայմանն, ըստ էության, կատարվեց։ Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ արվեց, որից անմիջապես հետո Արցախի նախագահը ներկայացրեց Բաքվի հետ երկխոսելու Ստեփանակերտի նախապայմանները, կամ ինչպես Արայիկ Հարությունյանը ձևակերպեց՝ սկզբունքներն ու կարմիր գծերը։

«Հարևան Ադրբեջանի հետ ինտեգրացիայի մասին խոսք լինել չի կարող»

«Արցախը երբեք չի հրաժարվելու իր ինքնիշխանությունից և չի կարող որևէ խոսք լինել հարևան Ադրբեջանի հետ ինտեգրացիայի մասին», - ընդգծեց Արցախի նախագահը: ​

Հարությունյանը վստահեցրեց՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ, և դրա միջազգային ճանաչման տրամաբանությունից դուրս որևէ այլ գործընթաց կամ լուծում անընդունելի է, քանի որ այն հանգեցնելու է Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության էթնիկ բնաջնջման։ Անդրադառնալով Բաքվի հետ հնարավոր երկխոսությանը՝ Արայիկ Հարությունյանը շեշտեց՝ այն կարող է կայանալ միջազգային ձևաչափի շրջանակներում՝ հիմնված փոխընդունելի սկզբունքների, միջազգային իրավունքի նորմերի և իրավահավասարության վրա։

Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյան

«Բանակցային պատվիրակությունների կազմերը պետք է որոշվեն բացառապես կողմերի կողմից, ինչը նշանակում է նաև, որ Ադրբեջանը չի կարող միջամտել արցախյան պատվիրակության կազմի ձևավորման հարցում, և նույն տրամաբանությունը վերաբերում է նաև ադրբեջանական պատվիրակության ձևավորմանը», - ասաց նա:

«Շրջափակումը պետք է վերացվի, ամբողջությամբ պետք է վերականգնվի գազի և հոսանքի մատակարարումը»

Վերահաստատելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից չհրաժարվելու հանձնառությունը՝ Արայիկ Հարությունյանը միաժամանակ շեշտեց, որ Ադրբեջանի հետ քննարկումներ սկսելու համար նախևառաջ անհրաժեշտ է ստեղծել փոխվստահելի միջավայր՝ բացառելով սադրանքները, ուժի կիրառումն ու հոգեբանական բռնությունը։

«Նաև շրջափակումը պետք է վերացվի և Արցախը պետք է ունենա անխափան ու անսահմանափակ ցամաքային հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության հետ՝ առանց ադրբեջանական կողմի որևէ ներգրավվածության», - նշեց Արցախի նախագահը:

Շրջափակումը վերացնելուց բացի, Արցախը պահանջում է ամբողջությամբ վերականգնել գազի և հոսանքի մատակարարումը՝ բացառելով խափանման նոր դեպքերը։

Բաքուն կրկին խոսել է արցախահայերին ինտեգրելու մասին և արձագանքել Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը

Բաքուն արդեն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը: Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ պատրաստ են Ղարաբաղում բնակվող հայերի ինտեգրացիային՝ ադրբեջանական հասարակությանը:

«Ադրբեջանն այսօր խոսում է խաղաղության օրակարգի մասին, և դա նշանակում է, որ մենք շրջել ենք պատմության սև էջերը հանուն պայծառ ապագայի։ Այդ կոնտեքստում մենք հայտարարել ենք Ղարաբաղի ծագումով հայերի սոցիալական, քաղաքական և տնտեսական վերաինտեգրման պատրաստակամության մասին», - ասել է Բայրամովը։

Ջեյհուն Բայրաով
Ջեյհուն Բայրաով

Նրա խոսքով՝ Ադրբեջանն առաջին իսկ օրից նշել է, որ պատրաստ է խոսել Ղարաբաղի հայերի հետ, կային նաև դրական արդյունքներ։

«Սակայն Ռուբեն Վարդանյանը, որ դրսից Ղարաբաղ եկավ կամ ուղարկվեց, խաղալով ինչ-որ խաղեր, Բաքվի համար չի կարող լինել բանակցությունների կողմ։ Նրա ետևում կանգնած մարդիկ հասկացան, որ «Ռուբեն Վարդանյան պրոյեկտը» չի աշխատի», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Ուշագրավ է, որ Վարդանյանի պաշտոնանկությունից հետո, Արայիկ Հարությունյանը որոշել է նոր պետնախարարին զրկել Արտաքին գործերի նախարարությունը համակարգելու գործառույթներից։ Այսինքն, Բաքվի հետ հնարավոր երկխոսությունն այլևս չի լինի պետնախարարի գործունեության շրջանակներում։

«Նոր պետական նախարարի համակարգման ոլորտներում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային կառույցների և Արտաքին գործերի նախարարության», - հայտարարել է Արցախի նախագահը:

Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովին և նոր պաշտոնում կնշանակվի առաջիկա օրերին:

«Ընտրել եմ պարոն Ներսիսյանի թեկնածությունը հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները», - ասել է Արայիկ Հարությունյանը:

«Նոր պետնախարարը բացարձակապես համեմատելի չէ Ռուբեն Վարդանյանի հետ»

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Արայիկ Հարությունյանը զրկեց պետնախարարին՝ արտաքին գերատեսչությունը համակարգելու լիազորությունից, այդ գործառույթը վերադարձնելով նախագահի ենթակայության ներքո։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ պատճառն այն է, որ նոր պետնախարարն իր հանրային ազդեցությամբ և ընկալմամբ համեմատելի չէ Ռուբեն Վարդանյանի հետ։

Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյան

«Ակնառու է, որ մենք գործ ունենք առավելապես ֆունկցիոներ պետնախարարի հետ՝ ի տարբերություն Ռուբեն Վարդանյանի, որն անշուշտ քաղաքական տրամաչափ էր նաև ենթադրում իր պաշտոնավարումով», - նշեց Բադալյանը:

Վերլուծաբանը նաև անիրատեսական է համարում, որ Բաքուն Արցախի ներկայացրած սկզբունքները հաշվի առնելով երկխոսություն սկսի։ Մյուս կողմից, սակայն, ըստ Հակոբ Բադալյանի, Ստեփանակերտը պետք է բարձրաձայնի իր կարմիր գծերի մասին։

«Առանց փակագծեր բացելու, բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից, որևէ մեկը չի կարող ավելի մեծ ցավ ապրել այս որոշումից, քան ես», - ընդգծել է Արցախի նախագահը:

Ռուբեն Վարդանյանը և Գուրգեն Ներսիսյանը
Ռուբեն Վարդանյանը և Գուրգեն Ներսիսյանը

Ինքը Վարդանյանը երեկ իր պաշտոնանկությունից հետո խոսեց դրսից գործադրված մեծ ճնշումների մասին. - «Դրսի ճնշումը մեծ էր, և իսկապես պարոն նախագահն ավելի շատ ունի և՛ տեղեկություն, և՛ հասկանում է իրավիճակը: Գիտեմ, որ ճնշում կա իմ գնալու հետ կապված: Ես ասեմ՝ ոչ մի տեղ չեմ գնալու և չեմ տեսնում ինձ Արցախից դուրս»:

100 օրից մի փոքր ավելի պաշտոնավարած Ռուբեն Վարդանյանը միաժամանակ զգուշացրեց՝ Ադրբեջանը վարում է փոքր քայլերով մեծ զիջումներ կորզելու՝ սալյամիի քաղաքականություն։

«Ես վստահ եմ, որ մենք այս սայլամիի քաղաքականությունը, որ ադրբեջանցիներն անում են, կարանք հաղթահարենք, որովհետև դա շատ վտանգավոր մոտեցում է», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG