Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի տալու, պաշտոնանկության դեպքում Արցախից չի հեռանա. Մեսրոպ Առաքելյան


Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի տալու, պաշտոնանկության դեպքում Արցախից չի հեռանալու, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ Ռուբեն Վարդանյանի ակտիվության դեմ, ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը, ոչ համաձայնեցված, բայց համընկնում է։

Անցած շաբաթ Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց՝ պատրաստ է խոսել Ղարաբաղի հայ բնակչության հետ, եթե Ռուբեն Վարդանյանը հեռանա «իրենց հողից»։ Հայաստանի Ազգային ժողովի Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էլ «Ազատության» հետ զրույցում չթաքցրեց՝ կողմ են, որ Վարդանյանը հեռանա։

«Հիմա ասենք Ալիևը պահանջում է՝ «Զանգեզուրի միջանցքը տաք, նոր բացեմ», հիմա «Զանգեզուրի միջանցք» սարքենք տանք իրանց, լավ ա, թե՞ Ռուբեն Վարդանյանին ասենք՝ «Ռուբեն ջան, գնա որտեղից եկել ես»: Իհարկե, եթե ամբողջ խնդիրը կապված է Ռուբենի այնտեղ չլինելուն, իհարկե, Ղարաբաղի իշխանությունները պետք է Ռուբենին ասեն՝ «դու արի էս պաշտոնից դուրս արի», - ասաց պատգամավորը:

Թեև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը շարունակում է պաշտոնավարել, նախագահ Արայիկ Հարությունյանը պետնախարարի պաշտոնն արդեն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։

Ռուբեն Վարդանյան, Գուրգեն Ներսիսյան
Ռուբեն Վարդանյան, Գուրգեն Ներսիսյան

Առաքելյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ պաշտոնի հնարավոր բացակայությունը Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի համար աշխատելու նպատակներն ու ուղղությունները չի չեղարկում։

«Պայքարը պետք է, ինչպես Ռուբեն Վարդանյանն է կոչ անում, իրականացնել ոչ միայն կառավարության շրջանակներում, այլ համայն հայության, և ամենևին այդ կոչի շրջանակներում չէր ակնկալվում, որ բոլորը պետք է պետական պաշտոն զբաղեցնեն։ Սա բոլորիս խնդիրն է, և պետք է գիտակցենք և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում, որ Արցախը դա ոչ թե զուտ տարածքի կամ անվտանգային խնդիր է, այլ հայկական աշխարհի արժանապատվության խնդիրն է», - ասաց Վարդանյանի խորհրդականը՝ շեշտելով Ռուբեն Վարդանյանն Արցախից չի հեռանալու և նրա ծրագրերը չեն փոխվել։

Հարցին, թե Վարդանյանը չի՞ հավակնում Հայաստանում զբաղվել քաղաքական գործունեությամբ, Առաքելյանը պատասխանեց՝ այս պահին նման օրակարգ չկա։

Ռուբեն Վարդանյանն անկուսակցական է։ Առաքելյանն ասաց, որ Վարդանյանի՝ «Ապրելու երկիր» կուսակցությանն անդամակցելու հարց օրակարգում ևս չկա, կուսակցությունն ուղղակի ակտիվ համագործակցում է նրա հետ և ստվերային որևէ համագործակցություն չկա, այժմ էլ պատրաստվում են Երևանի քաղաքապետի ընտրություններին, սակայն քննարկվող թեկնածուների թվում Վարդանյանը չկա։

Մեսրոպ Առաքելյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG