Մատչելիության հղումներ

Ըստ Բաքվի՝ օրերս «հայ անջատողականներ» են լքել ԼՂ-ն, Ստեփանակերտից պնդումը սուտ ու մանիպուլյացիա են որակում


Ադրբեջանցիները հայտարարում են՝ օրերս «ուսանողների» անվան տակ «հայ անջատողականներ» են լքել Լեռնային Ղարաբաղը, Ստեփանակերտից այս պնդումը սուտ ու մանիպուլյացիա են որակում՝ վստահեցնելով՝ Հայաստանի որևէ քաղաքացի Արցախի պաշտպանության բանակի զինծառայող չէ։

Baku TV-ն երկու օր առաջ հրապարակած ռեպորտաժում պատմում էր, թե իբր «ուսանողների» անվան տակ «հայ անջատողականներն» են Հակարիի ադրբեջանական անցակետով անցել Հայաստան։

«Անջատողականներ» ադրբեջանցիները համարում են Արցախի պաշտպանության բանակում ծառայողներին ու պատերազմից հետո պնդում՝ Հայաստանը դեռ դուրս չի բերել իր 10 հազար զինվորականներին Ղարաբաղից։

Ադրբեջանցիները թվեր են հրապարակել, թե ամիսի 13-ին Լեռնային Ղարաբաղը լքած 183 հոգուց 155-ը Հայաստանի քաղաքացիներ են, 26-ը՝ Ռուսաստանի, 2-ը՝ Ուկրաինայի։

«Քանիցս Արցախի իշխանություններն ու Հայաստանի իշխանությունները հստակորեն հաստատել են, հավաստիացրել են, որ Հայաստանի Հանրապետության որևէ բնակիչ Արցախում զինծառայություն չի իրականացնում», - «Ազատությանը» փոխանցեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Իշխանամերձ Baku TV-ն պնդում է, թե Ղարաբաղից Հայաստան բացառապես տղամարդիկ են գալիս, բայց կադրերում երևում է և՛ կին, և՛ երեխա։ Ի դեպ, ռեպորտաժում օգտագործվել են ոչ թե տեսանկարահանված կադրեր, այլ՝ լուսանկարներ, որոնք երկու օր է գրեթե նույնանման մեկնաբանություններով ադրբեջանական տելեգրամյան ալիքներով են տարածվում։

Արցախի պետնախարարի խորհրդականի պաշտոնից օգոստոսի 31-ին հրաժարական տված Արտակ Բեգլարյանն «Ազատությանն» ասաց՝ գոնե այն ժամանակ, երբ պաշտոնավարում էր, տեղյակ է եղել ցուցակների մասին։ Նա վերջին տեղափոխության մասին պաշտոնական մարմիններից է ճշտել՝ դուրս եկողները Արցախի լիակատար շրջափակումից հետո աշխատանքը կորցրած շինանարներ են, հանքի աշխատողներ, ուսանողներ, Ռուսաստանի քաղաքացիներ։ Ահա թե ինչու են նկարներում մեծամասամբ տղամարդիկ։

«Օգոստոսի 28-ին երեք ուսանողի առևանգումից հետո դադարեցվել են այդ տեղափոխությունները։ Հիմա վերականգնվել է, բայց մինչև վերականգնումը հերթում բավականին շատ մարդ սպասում էր, օրինակ՝ Հայաստանի հաշվառում ունեցող անձինք, որոնք աշխատանքային նպատակներով ժամանակին Արցախ էին եկել, այստեղ աշխատում էին շինարարությունում, հանքարդյունաբերությունում, տարբեր ոլորտներում, մնացել էին այստեղ ու չէին կարողանում տեղափոխվել։ Նաև Արցախի բնակիչներն, ովքեր ընտանիքի վերամիավորման խնդիր ունեն՝ ընտանիքի մի մասը Հայաստանում է, կամ հրատապ այլ հարցերով տեղափոխման խնդիր ունեն», - ասաց Բեգլարյանը։

Բեգլարյանի տեղեկություններով՝ ադրբեջանցիները տարածում են սեպտեմբերի 13-ի լուսանկարներ, այդ օրը մարդկանց ուղեկցել են ռուս խաղաղապահները։ Նախկին պաշտոնյան ասում է՝ Ադրբեջանը շարունակում է արգելել Հայաստանից Արցախ մարդկանց տեղափոխումը։

«100-ավոր մարդիկ սպասում են անմիջապես տեղափոխման, իսկ հազարավոր Արցախի բնակիչներ, որոնք Հայաստանի Հանրապետությունում են գտնվում, ուզում են գալ Արցախ, բայց չեն կարողանում։ Կարմիր խաչը միայն բուժառուներին է տանում և բերում։ Կարմիր խաչին թույլ չեն տալիս ընտանիքների վերամիավորման և այլ նպատակներով բերել, իսկ ռուս խաղաղապահներին էլ թույլ չեն տալիս ընդհանրապես մարդ բերել Հայաստանից Արցախ, և շատ հստակ է ադրբեջանական կողմի միտումը, որ ցանկանում է փոքր-փոքր քայլերով ամբողջական էթնիկ զտման և դեպոտրացիայի ենթարկել։ Փաստորեն, Արցախի բնակիչը կարող է տարբեր հիմնավորումներ հաշվի առնելով դուրս գալ Արցախից, բայց չի կարողանում վերադառնալ Արցախ», - ասաց Բեգլարյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG