Մատչելիության հղումներ

Փաշինյանը խոսում է ռազմական նոր գործողությունների հնարավորությունից, Բաքուն հերքում է


Հայաստանի ու Արցախի վերջին օրերի սահմանային աճող լարվածության պայմաններում Երևանն ու Բաքուն իրար են մեղադրում ռազմական սադրանք հրահրելու մեջ։ Կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի ռազմական նոր գործողությունների հնարավորությունից։ Բաքուն շտապեց հերքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ այն որակելով «քաղաքական մանիպուլյացիա»։

«Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է: Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը, հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում հասել է գագաթնակետին, ակնհայտ է, որ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը», - հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետն ասաց՝ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։ Երեկ նույնը արտասահմանցի դիվանագետներին անվտանգության խորհրդի քարտուղարն էր պատմել։ Պաշտպանության նախարարությունն իր հերթին օտարերկրյա ռազմական կցորդներին էր հրավիրել՝ ներկայացնելու սահմանային իրավիճակը։ Այսօր նաև Արցախի ՊԲ-ը հաղորդեց ադրբեջանական ռազմական տեխնիկայի, սպառազինության ու անձնակազմի տեղաշարժի ու կուտակումների մասին։

Փաշինյանի այսօրվա հայտարարությանը անմիջապես հետևեց պաշտոնական Բաքվի արձագանքը։ ԱԳՆ-ը տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատման իր պայմանները հրապարակեց, թե հայկական կողմը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, վերջ դնի ռազմաքաղաքական սադրանքներին, դադարեցնի խոչընդոտներ ստեղծել խաղաղության պայմանագրի ճանապարհին:

«Տարածաշրջանում անվտանգության իրական սպառնալիքը Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքներն են, Ադրբեջանից տարածքային պահանջները, և հայկական զինված ուժերը, որոնք, հակառակ ստանձնած պարտավորությունների, դեռ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից», - նշում է պաշտոնական Բաքուն։

Սահմանային իրավիճակը կտրուկ լարվեց սեպտեմբերի 1-ին, երբ Սոքում ադրբեջանական գործողությունների հետևանքով 3 հայ զինվոր զոհվեց, 2-ը վիրավորվեց, ադրբեջանցիները երեք վիրավորի մասին հայտնեցին։

Ե՛վ Հայաստանում, և՛ Ադրբեջանում պահեստազորի զորահավաքներ են։ Այս օրերին նաև կտրուկ ավելացել են հրադադարի խախտումների մասին փոխադարձ մեղադրանքները։ Միայն այսօրվա ընթացքում Երևանը հաղորդեց Գեղարքունիքի Նորաբակի հայկական դիրքերի, Ստեփանակերտը՝ Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի վրա արձակված ադրբեջանական կրակոցների մասին։ ՊԲ-ն նաև հերքեց Բաքվի հաղորդումները, թե Քարվաճառի, Ասկերանի ու Մարտունու շրջաններում կանխվել են ամրաշինական աշխատանքներ։

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իրավիճակի սրման պատճառով չեղարկել է իր այցը Կիպրոս։

Քաղաքագետը ռազմական գործողությունների հավանականությունը շատ մեծ է համարում

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը շատ մեծ է համարում։

«Եթե մինչև այս պահն իրենց քաղաքականությունը նրան էր ուղղված, որ վաղ թե ուշ, կոպիտ ասած, արցախահայությունը զիջելու է կամ ուղղակի ոչնչանալու է, ըստ էության, ժամանակի սղության խնդիր չկար, ապա հիմա ավելացել է նոր մի էլեմենտ՝ միջազգային որոշակի կոնսոլիդացիան այս հարցի շուրջ: Ռուսաստանը հանած, մնացածները գնալով ավելի ու ավելի հստակ գնահատականներ են տալիս ու դա ինչ-որ պահի կարող է վերածվել տեսականորեն հստակ գործողությունների, Ադրբեջանը գնում է ավելի հստակ գործողությունների՝ փորձելու խնդիրը տեղում լուծել և փաստի առաջ կանգնացնելու», - ասաց քաղաքագետը:

Իսկ Հայաստանի դեպքում Ադրբեջանը, կարծում է, երկու հարց է ուզում լուծել. - «Մեկը, որ լինի միջանցքային տրամաբանությունը և երկրորդը, որ բոլոր հարցերը լուծվեն այդ 3+3 ձևաչափով, այսինքն, այստեղ չլինի ո՛չ եվրոպական առաքելություն, ո՛չ որևէ այլ մասնակցություն Արևմուտքից: Ռուսաստանը պատրաստ է, ըստ էության, տարածաշրջանը կիսել Թուրքիայի հետ, բայց պատրաստ չի կիսել Արևմուտքի հետ, ինչը, բնականաբար, Հայաստանին չի կարող ձեռք տալ»:

Խոսելով սահմանային լարվածությունից՝ վարչապետն այսօր ասաց՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն՝ տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար։

Երևանը մասնավորապես ի՞նչ է ակնկալում, ու արդյոք կա՞ արձագանք, հարցրինք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին:

«Այս իրավիճակում մեր կառավարությունն աշխատում է բոլոր գործընկերների հետ, որոնք կարող են որոշակի լծակներ օգտագործել և ճնշել Ադրբեջանին նաև, որպեսզի վերադառնա խաղաղության բանակցություններին կամ ավելի կոնստրուկտիվ լինի խաղաղության պայմանագրի շուրջ»:

«Ազատության» հարցին՝ «պատժամիջոցնե՞ր եք ակնկալում», Խանդանյանը պատասխանեց. - «Գործիքակազմը տարբեր է, կարող է նաև պատժամիջոց»:

Միջազգային դերակատարները Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ չեն քննարկում, ավելին՝ երեկ ԵՄ արտգործնախարար Բորելը հայտնեց՝ Եվրամիությունը չի դիտարկում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով Ադրբեջանի հետ անգամ էներգետիկ համագործակցությունը դադարեցնելու հարցը։

ռազմական գործողություններ կանխատեսող վարչապետ Փաշինյանն այսօր հատուկ շեշտեց՝ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին: Ասում էր՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամությունից Հայաստանը չի հրաժարվել, բայց նաև էական համարում միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն ու Լաչինի միջանցքի բացումը։

«Այս ամենի հենքի վրա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և ցանկանում է խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ», - ասաց վարչապետը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG