Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելն է. Նիկոլ Փաշինյան


Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելն է, և դա է պատճառը, որ, ըստ էության, արհեստական հումանիտար ճգնաժամ է ստեղծվել՝ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու միջոցով, հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական La Repubblica թերթի հետ հարցազրույցում:

«Դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ 5000 բնակիչ չի կարողանում վերադառնալ և նաև Լեռնային Ղարաբաղի մոտավորապես 30 հազար բնակիչներ նույնպես չեն կարողանում վերադառնալ, այս խմբի մեջ են այն մարդիկ, ովքեր 2020 թվականի պատերազմի ընթացքում լքել են իրենց բնակավայրերը, քանի որ դրանք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Բայց այս մարդկանց խնդիրը պիտի լուծված լիներ», - նշեց Փաշինյանը

Ընդգծելով, որ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին կայացրած որոշումը, որը վերահաստատվել է հուլիսի 6-ին, Փաշինյանը նշեց՝ դա գալիս է վկայելու նաև «միջազգային իրավակարգի ճգնաժամի մասին, որովհետև, եթե դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը չի կայացվում, նման հետևություններ կարող են լինել»:

«Ստացվում է, որ ռուս խաղաղապահները չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը»

Պատասխանելով ռուս խաղաղապահների վերաբերյալ հարցին, Հայաստանի վարչապետը նշեց՝ ստացվում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը:

«Սա լուրջ մտահոգության առիթ է: Եվ, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հիմնական նպատակներից մեկը հենց քաղաքացիական հասարակության, քաղաքացիական բնակչության անվտանգությունն է: Տվյալ դեպքում անվտանգությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը, չի ապահովվում, և դա իսկապես մտահոգիչ փաստ է», - հայտարարեց Փաշինյանը:

Պատասխանելով հարցին՝ ԼՂ վերահսկողությունը Ադրբեջանին հանձնելն այն գինն է, որը պետք է վճարվի խաղաղության համա՞ր, Հայաստանի վարչապետն ընդգծեց, որ այսօր Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկում են ԼՂ ընտրված ներկայացուցիչները, և այնտեղ են նաև ռուս խաղաղապահները:

«Եթե Հայաստանը և Ադրբեջանը չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, խաղաղություն երբեք չի լինի»

«Խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է, որ եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, դա նշանակում է, որ խաղաղություն երբեք չի լինի», - նշեց Փաշինյանը:

Լրագրողի հարցին՝ «ըստ Ձեզ, ի՞նչ երաշխիքներ կան, որ եթե Լեռնային Ղարաբաղն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, Ադրբեջանը կդադարեցնի իր տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետությունից», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. - «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն և երաշխիքներ լինեն»:

«Ինչ վերաբերում է մյուս՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների ճանաչման հարցին, եթե խաղաղության պայմանագիրն այդպիսի երաշխիքներ չունենա իր մեջ, չստեղծի, այդ խաղաղության պայմանագիրը կլինի անիմաստ: Եվ սա է պատճառը, որ մենք ուզում ենք ունենալ խաղաղության այնպիսի պայմանագիր, որը Ձեր նշած երաշխիքը կտա: Մյուս կողմից, դարձյալ ուզում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում՝ չափազանց կարևոր է մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու առումով», - հայտարարեց նա:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ դա առաջին հերթին Հայաստանի, Ադրբեջանի, նաև Լեռնային Ղարաբաղի անելիքն է, բայց մյուս կողմից մեր միջազգային գործընկերները պետք է առավել գործուն ջանքեր գործադրեն խաղաղությունը մեր տարածաշրջանում հնարավոր դարձնելու համար:

«Բայց նաև ժամանակակից աշխարհի առանձնահատկությունն այն է, որ աշխարհը շատ փոքր է, և մի տարածաշրջանում տեղի ունեցող թեկուզ փոքր իրադարձությունները կարող են բերել գլոբալ հետևանքների: Այս առումով, իհարկե, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը կարևոր է նաև գլոբալ անվտանգության տեսակետից», - ընդգծեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

«Հայաստանի հանրությունը խորը հիասթափություն է ապրում ՀԱՊԿ գործելակերպի վերաբերյալ»

Լրագրողի դիտարկմանը, որ դեռևս Հայաստանի որոշ տարածքներ օկուպացիայի տակ են Ադրբեջանի կողմից՝ «ինչպե՞ս եք բացատրում Ռուսաստանի չմիջամտելու և իր ՀԱՊԿ պարտավորությունները չկատարելու պահվածքը», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ «Ձեր նկարագրած իրավիճակը խոսում է ճգնաժամի մասին»:

«Հայաստանի հանրությունը խորը հիասթափություն է ապրել և ապրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործելակերպի վերաբերյալ, կարծում եմ՝ ակնհայտ է: Նաև սա է պատճառը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2022 թվականի աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը չվավերացրեց, չմիացավ մի շարք փաստաթղթերի, և քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այդ դեպքում որոշում չընդունվեց», - ընդգծեց վարչապետը:

«Մենք չենք ուզում կապել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ»

Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ վարչապետ Փաշինյանն ընդգծեց. «Մենք չենք կապում և չենք ուզում կապել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ»:

Ընդգծելով, որ հայկական կողմը կարևոր է համարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. - «Դա շատ կարևոր հարց է Հայաստանի համար, և Անկարա կատարած իմ վերջին այցելության և Թուրքիայի նախագահի հետ իմ ունեցած շփումների արդյունքում ես տպավորություն ունեմ, որ Թուրքիայի համար էլ շատ կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Եվ կարծում եմ, որ այստեղ էլ կան հնարավորություններ, իհարկե, կան նաև բարդություններ: Այդ բարդությունների մեջ է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, ահա, այսպիսի որակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG