Ռուսաստանը Բրազիլիային տեղեկացրել է, որ այժմ միջազգային կանոններով չի հետաքննի բրազիլական արտադրության Embraer ինքնաթիռի վթարը, որի հետևանքով զոհվել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։
Բրազիլիայի ինքնաթիռների հետաքննության մարմինը (CENIPA), ավիացիոն անվտանգությունը բարելավելու նպատակով, հայտարարել էր, որ կմիանա հետաքննությանը, եթե Ռուսաստանը միջազգային կանոնների համաձայն հետաքննությունն անցկացնի և իրենց ևս մասնակցելու առաջարկ անի:
ՄԱԿ-ի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության համաձայն, Ռուսաստանը պարտավորություն չունի միջազգային կանոնների համաձայն հետաքննություն անել, քանի որ Մոսկվայից դեպի Սանկտ Պետերբուրգ թռիչքը եղել է ներքին, այդպիսի թռիչքները չեն ենթարկվում միջազգային թռիչքների կանոններին։ Այնուամենայնիվ բրազիլական ինքնաթիռների հետաքննության մարմինը Ռուսաստանին հարցում էր արել հետաքննության անցկացման և Բրազիլիայի հնարավոր մասնակցության վերաբերյալ՝ Embraer ինքնաթիռի հնարավոր ապագա դժբախտ պատահարները կանխելու համար, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
«Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը զոհվել է օգոստոսի 23-ի ավիավթարից։