Մատչելիության հղումներ

Ակնկալվում է, որ 2023-ին տնտեսական աճը ՀՀ-ում 7,2 տոկոս կկազմի՝ նախորդ տարվա 12,6-ի փոխարեն․ զեկույց


Առաջիկայում տնտեսական աճը Հայաստանում կպահպանվի, սակայն դրա տեմպերը տարեցտարի կնվազեն։ Դա են վկայում աշխարհի ամենահեղինակավոր վարկանիշային ընկերություններից մեկի՝ Fitch Ratings-ի օրերս հրապարակած զեկույցի տվյալները։

«Ակնկալվում է, որ 2023-ին տնտեսական աճը Հայաստանում 7,2 տոկոս կկազմի՝ նախորդ տարվա 12,6-ի փոխարեն։ 2024 թվականին տնտեսական աճը կկազմի 5,9 իսկ 2025-ին՝ 4 ու կես տոկոս», - կանխատեսում են Fitch-ի փորձագետները՝ նշելով, որ Հայաստանում աճի տեմպերը խթանող գլխավոր գործոնը հետխորհրդային երեք պետություններից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից արձանագրված զանգվածային ներգաղթն է։

2022-ից Հայաստանում 50-ից 65 հազար ներգաղթյալ է հաստատվել

«2022 թվականից՝ ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր, Հայաստանում 50-ից 65 հազար ներգաղթյալ է հաստատվել, ինչը հավասար է երկրի բնակչության ավելի քան երկու տոկոսին», - նշում են զեկույցի հեղինակները։

Վերջին մեկ տարում Հայաստանում արձանագրված տնտեսական բարձր ցուցանիշները հանգեցրել են նրան, որ Fitch Ratings-ի մասնագետներին բարելավել են մեր երկրի վարկանիշը այն B+-ից դարձնելով BB-՝ «կայուն հեռանկարով»՝ առաջին անգամ 2020 թվականից ի վեր։

Fitch Ratings-ի մասնագետները որպես Հայաստանի վարկանիշային կայունությանը նպաստող գլխավոր գործոններ մատնանշում են պետական պարտքի և հարկաբյուջետային ոլորտի կայունացումն, ինչպես նաև արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավումը։

Զեկույցի հեղինակների խոսքով, սակայն, արտաքին առևտրի ոլորտում նաև որոշակի ռիսկեր են առկա, որոնց հիմքում «մեծ կախվածությունն է ռուսաստանյան շուկայից»։

Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ևս նպաստել են հայաստանյան տնտեսության աշխուժացմանը

Fitch-ի փորձագետների պնդմամբ, 2023-ի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանման 49 տոկոսը և մեր երկիր ներմուծման 25 տոկոսը բաժին էր ընկնում հենց Ռուսաստանին։ Դրա հետ մեկտեղ արևմտյան մասնագետները արձանագրում են, որ ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ևս նպաստել են հայաստանյան տնտեսության աշխուժացմանը։

«Հայաստանը, թեև կարճաժամկետ կտրվածքով, բայց կշահի դեպի Ռուսաստան վերաարտահանման ծավալների կտրուկ աճից։ Դրա պատճառն այն է, որ պատժամիջոցների սահմանման հետևանքով դեպի Ռուսաստան տանող առևտրային այլ ուղիները փակվել են», - նշում են զեկույցի հեղինակները։

Fitch-ի փորձագետները անցած շաբաթավերջին հրապարակված այս զեկույցում գնահատել են նաև այն «աճող աշխարհաքաղաքական ռիսկերը», որոնց բախվում է հայաստանյան տնտեսությունը։

«Fitch-ի գնահատմամբ, Ադրբեջանի կողմից հարուցվող աշխարհաքաղաքական ռիսկերը տարեսկզբից աճել են։ Հուլիս ամսվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում գտնվող Լաչինի միջանցքի շրջափակումը արդեն յոթ ամիս է ինչ շարունակվում է, սահմանին էլ մահվան ելքով բազմաթիվ բախումներ են արձանագրվել», - կարդում ենք զեկույցում։

«Երևանի և Բաքվի միջև բանակցությունները հազիվ թե հանգեցնեն երկարաժամկետ համաձայնագրի կնքման»

Փաստաթղթի հեղինակները նաև նկատում են, որ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները Երևանի և Բաքվի միջև շարունակվում են, բայց չնայած դրան, ըստ Fitch-ի մասնագետների, դրանք հազիվ թե հանգեցնեն երկարաժամկետ համաձայնագրի կնքման։

Փորձագետների համոզմամբ, խաղաղ պայմանագրի կնքումը «տարածքային ճշգրտումների բացակայության պայմաններում քիչ հավանական է, իսկ այդ ճշգրտումները Հայաստանի համար քաղաքականապես դժվար ընդունելի են»։

Զեկույցի հեղինակները չեն բացառում նաև մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը՝ պնդելով, սակայն, որ դրանք հիմնականում կսահմանափակվեն Լեռնայի Ղարաբաղի տարածքով։

«Այդ դեպքում լայնածավալ մակրոտնտեսական հետևանքները Հայաստանի համար ևս սահմանափակ կլինեն», -համոզված են Fitch Ratings-ի մասնագետները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG