Մատչելիության հղումներ

Էսպիսի ցուցանիշները բնականոն գործընթացների արդյունքում երբեք չեն գրանցվում. տնտեսագետ


Տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյան
Տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյան

Մինչ իշխանությունները հպարտությամբ հայտարարում են տարվա առաջին ինն ամիսների ընթացքում ավելի քան 14 տոկոսանոց տնտեսական աճի ու վերջին տարիների կտրվածքով աննախադեպ բարձր ցուցանիշների մասին՝ սա մեծ հաջողություն համարելով, քաղաքացիները պնդում են, որ իրենց կյանքը, չնայած այս ամենին, վատթարանում է։

«Ընդամենը յոլա ենք գնում։ Շատ ահավոր վիճակ, չես պատկերացնի...» - «Ազատությանն» ասաց երևանցի մի կին։

2022-ի համար ի սկզբանե կանխատեսված 7 տոկոսից երկու անգամ բարձր տնտեսական աճը հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմով է պայմանավորված։ Ռուսաստանցիների ու նրանց դրամական միջոցների մեծաթիվ ներհոսքը Հայաստան, հազարավոր նոր ընկերությունների հիմնումը, Ռուսաստանի դեմ արևմտյան խիստ պատժամիջոցները, որոնք նոր հնարավորություններ տվեցին տարածաշրջանի մյուս պետությունների համար։

«Վերջին հրապարկված ցուցանիշի մասով սեպտեմբերի դրությամբ 2,5 անգամ արտահանման ցուցանիշի աճ։ Էսպիսի ցուցանիշները բնականոն գործընթացների արդյունքում երբեք չեն գրանցվում։ Սա էս փոփոխությունների արդյունքում տեղի ունեցած կտրուկ հնարավորությունների օգտագործում է, էդ թվում դա կարող է լինել արտահանում», - ասում է Տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը։

Նա բացատրում է՝ չնայած այսչափ լավ ցուցանիշներին, տնտեսական աճն անհամաչափ է բաշխված. բնակչության մի մասը օգտվում է այս զարգացումներից, մյուսներն ընդհակառակը՝ տուժում. - «Օրինակ, էս շոկի արդյունքում անհամաչափորեն ավելի շատ են օգտվել Երևանում և Երևանի կենտրոնում ակտիվներ ունեցողները, ինչպես նաև որոշակի ծառայություններ մատուցողները։ Իսկ, ասենք, Երևանից դուրս, մարզերի բնակիչների համար շոկը կարող է անգամ բացասական հետևանքներ ունենալ»։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե «տնտեսական ամենամեծ աճն արձանագրվել է հեռավոր 2003 թվականին»՝ ըստ էության ակնարկելով, որ «ռեկորդը գուցե թարմացվի»։

Տնտեսագետ Նարեկ Կարապետյանը զուգահեռներ է անցկացնում՝ այն ժամանակ էլ նման պատկեր էր. - «Մենք 2000-ականներին ունեին մի իրավիճակ, երբ Երևանի շինարարական բում էր ապրում, ու մենք կրկին ունեինք երկնիշ տնտեսական աճ։ Բայց փոխարժեքի արժեվորման հետևանքով մեր արդյունաբերությունը կորցնում էր իր արտադրողական կարողությունները, կորցնում էր իր շուկաները, գյուղատնտեսության վրա էր բացասաբար ազդում։ Այսինքն՝ չնայած նրան, որ տնտեսությունը երկնիշ աճի փուլում էր, ընդհանուր առմամբ մի շարք ոլորտներ ու մի շարք տնտեսվարողներ շարունակաբար տուժում էին այդ զարգացումներից»։

Կառավարությունն ավելի վաղ կանխատեսել էր, որ տարին Հայաստանի կփակի 11 տոկոս տնտեսական աճով։ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, մինչդեռ, ավելի համեստ թվեր են կանխատեսել։ Ի՞նչ պատկեր կլինի տարեվերջին։

Սուրեն Պարսյան
Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ սահմաններին անվտանգությունն է որոշիչ լինելու. - «Եթե պահպանվի խաղաղությունը, և նոր ռազմական գործողություններ, պատերազմ չլինի, Հայաստանը այս տարին կավարտի երկնիշ տնտեսական աճով։ Եվ այդ աճը կշարունակվի նաև հաջորդ տարվա առաջին կեսին, եթե ռուսները մնան Հայաստանում և իրենց գումարները պահեն այստեղ»։

Տնտեսագետն ընդգծում է՝ այս ցուցանիշները մեծապես արտաքին գործոններով են պայմանավորված, կառավարությունն անցած տարի նույնիսկ երազել չէր կարող սրա մասին. - «Նրանք որևէ գործողություն չեն արել, որ այսպիսի տնտեսական աճ գրանցեն»։

«Ազատության» հետ զրույցներում քաղաքացիներին տնտեսական այս ցուցանիշները այդքան էլ չէին հետաքրքրում։ Նրանք անցնող տարվա ընթացքում միայն իրենց գրպանին հարվածող շարունակական թանկացումներն են զգում, որը դեռևս չի նահանջում։

Վերջին տվյալներով, սննդամթերքի գները 12 ամիսների ընթացքում ավելացել են շուրջ 14 տոկոսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG