Մատչելիության հղումներ

Դեկտեմբերին Լարսով դեպի ՌԴ անցած մեքենաների քանակը մոտ 2000-ով ավելի շատ է, քան Հայաստանից դեպի Վրաստան. Քերոբյան


Լարսում, կարելի է ասել, որ շատ փոքր հերթ կա, թողունակությունն ավելացել է, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Լարսի մասին

«Լարսը փակ չէ և երբեք փակ չի եղել, թողունակության պատճառով եղել են հերթեր, խցանումներ, բայց մեր աշխատանքի շնորհիվ հունիս ամսին կարողացել ենք լավացնել աշխատանքները՝ թողունակությունը», - ասաց էկոնոմիկայի նախարարը՝ պատասխանելով այդ մասին հարցերից մեկին:

«Վերջերս ընդլայնվեց անցակետերի քանակը, ռենտգեն դարպաս դրվեց, դեկտեմբերի վերջին 20 օրվա ընթացքում Լարսով դեպի ՌԴ անցած մեքենաների քանակը մոտ երկու հազարով ավելի շատ է, քան Հայաստանից դեպի Վրաստան, այսինքն՝ պրակտիկորեն կարելի է ասել, որ այնտեղ շատ փոքր հերթ կա, կարող է մեկ-երկու օրվա հերթ լինի, մոտ 300-ից ավելի հայկական բեռներով մեքենա անցնում է դեպի Ռուսաստան, իսկ Հայաստանից դեպի Վրաստան՝ 200-250-ի կարգի», - նշեց Վահան Քերոբյանը:

Դիտարկմանը, որ Տարածքային կառավարության նախարարության տվյալներով՝ հենց երեկ Վրաստանի մի հատվածում շուրջ հազար մեքենա կար հերթի մեջ, նախարարը հերքեց՝ ասելով, որ ամեն օր հերթը մաշվում է, առավելագույնը 500 մեքենա կարող է լինել խցանման մեջ այս պահին:

«Խնդիր կա խոշոր ջերմոց ունեցող ընկերությունների հետ»

Գործադիրի մարմնի պաշտոնյան համաձայնեց, որ բեռնափոխադրողները այս ընթացքում վնասներ կրել են. «Նրանց հետ խոսում ենք ամեն օր, համարյա բոլոր կլասերի ապրանքների համար եթե ինչ-որ պահի եղել է վնաս, ինչ-որ պահի եղել է գերշահույթ, և ընդհանուր առմամբ արտահանող ընկերությունը չի կարելի ասել, որ տարին վնասով են փակում»:

Ըստ նրա՝ խնդիր կա խոշոր ջերմոց ունեցող ընկերությունների հետ, որի վերաբերյալ աջակցության ծրագիր է պատրաստվել:

«Կարծում եմ՝ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի, և մենք կկարողանանք սուբսիդավորվող վարկերի միջոցով շրջանառու կապիտալ տալ խոշոր ջերմոցներին, որոնք արտահանումներ են իրականացրել», - հավելեց Վահան Քերոբյանը:

«Մենք չենք կարող տարիներով սուբսիդավորել մի բան, որն ընդհանուր առմամբ ապագա չունի»

Ինչ վերաբերում է խաղողագործությանը, նա նշեց. «Մենք տեսնում ենք խաղողագործության զարգացումը Հայաստանում իր արտադրողականության բարձրացման միջոցով, մենք չենք կարող տարիներով սուբսիդավորել մի բան, որն ընդհանուր առմամբ ապագա չունի, և հետևաբար շատ նորմալ է, որ մարդիկ քանդեն իրենց այն այգիները, որտեղ աճում է բերք, որը ցածրարժեք է, և փոխարենը տնկեն այլ այգի, որը բարձրարժեք բերք կտա, կամ թեկուզև բանջարաբոստանային կուլտուրաներ ցանեն: Պետք է նկատի ունենան, որ գյուղատնտեսությունը բիզնես է, և այդ բիզնեսը եթե ինչ-որ բան վաճառելիս օգուտ չի տալիս, պետք է փոխել վաճառքի առարկան»:

«Եթե աճում է մի բան, որը ցածր գին ունի, պարզ է՝ պետք է փոխել և աճեցնել ուրիշ բան, որը բարձր գին ունի կամ ընդհանրապես գնալ այլ տիպի աշխատանք անելու, որը ավելի շատ եկամուտ կտա:

Մենք տեսնում ենք խաղողագործության ապագան Հայաստանում բարձրարժեք խաղողագործության մեջ, և այդտեղ գինեգործությունն է առաջին պլան գալիս», - հավելեց նա:

ՌԴ-ն խիստ սահմանափակել է մի կամրջի տակով նավարկությունները. նախարար

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր լաստանավայաին բեռնափոխադրումների մասին, որոնց վերաբերյալ խոստումներ եղել, սակայն դրանք դեռ կյանքի չեն կոչվել:

«Եղել են շատ խոստումներ, որոնց մեծ մասը տեղի է ունեցել, աշխատում ենք, կա դրա շուրջ խնդիր, որովհետև ՌԴ-ն խիստ սահմանափակել է մի կամրջի տակով նավարկությունները, որովհետև ապահովում են իրենց կամուրջը հնարավոր պայթյունից: Մենք աշխատում ենք մեր ռուս գործընկերների հետ, որ մեր բեռներով լցված նավերը կարողանան անցնել կամրջի տակով», - ի պատասխան ասաց նախարար Քերոբյանը:

Տնտեսական աճի ու գնաճի մասին

«Հավատո՞ւմ եք ձեր տնտեսական աճի տվյալներին, թվերն աճում են, մենք ավելի վատ ենք ապրում», - հետաքրքրվել էր մեկ այլ օգտատեր:

Վահան Քերոբյանը նախ նկատեց՝ անհավատներն, իհարկե, շատ են երկրում, ապա նշեց. «Այդ թվերը ես չեմ գրում, դա վիճակագրությունն է ըստ տվյալների, թվերը վստահելի են թե՛ մեզ համար, թե՛ միջազգային ֆինանսական ընկերությունների համար: Բնականաբար՝ տնտեսական աճը ինչ-որ ձև բաշխվում է տարբեր մարդկանց մեջ, և կա պրոբլեմ, որ բարձր տնտեսական աճը սովորաբար հարուցում է բարձր գնաճ: Եվ այս տարի մենք ունենք բարձր գնաճ՝ արտաքին գործոնների և նաև լրացուցիչ մեծ տեղական պահանջարկի արդյունքում ձևավորված, որը հանգեցնում է պարենային զամբյուղի կտրուկ թանկացման»:

«Եթե պարենային զամբյուղի կտրուկ թանկացումը քիչ ազդեցություն ունի ունևոր կամ լավ վաստակ ունեցող ընտանիքների համար, ապա, բնականաբար, մեծ ազդեցություն ունի խոցելի խավի մարդկանց համար: Եվ այստեղ կառավարության անելիքը գլխավոր կայանում է նրանում, որպեսզի այնպես անենք, որ վերաբաշխման միջոցով ապահովենք խոցելի խավի կենսամակարդակի առնվազն չնվազումը, բայց մեր գլխավոր նպատակն այն է, որպեսզի մարդիկ սկսեն ավելի լավ ապրել: Այս տարի ստեղծվել են 40 հազարից ավելի նոր աշխատատեղեր», - ասաց նախարարը:

«Մեր իշխանության ժամանակ էապես աճել են մարդկանց իրական եկամուտները: Այս տարի մեր մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը հասնելու է մոտավորապես 6600-6700 դոլարի, գուցե 6800-ի էլ հասնի: Դա նշանակում է, որ մենք մոտավորապես հավասարվում ենք Արևելյան Եվրոպայի այնպիսի երկրների, ինչպիսին է Ալբանիան, և այլն, և 50 տոկոսով մոտավորապես աճելու է, մենք առաջ ենք անցնելու, մեր հաշվարկներով, Իրանից, Թուրքիայից և այլն», - հայտարարեց Վահան Քերոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG