Մատչելիության հղումներ

Հայաստանը 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ


«Մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղին, սնունդ կյանքի համար»․ այսպիսի գրություններով՝ մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար այսօր Երևանից 400 տոննա հումանիտար օգնությունը կհասցնի Կոռնիձոր։

Նախատեսվում է, որ Կոռնիձորից բեռը, ռուս խաղաղապահների միջոցով, կփոխանցվի արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։

«Հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում ավելի է խորանում՝ հատկապես հունիսի 15-ից ԼՂ հումանիտար մատակարարումների լիակատար արգելափակման պայմաններում։ Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից հատկապես երեխաներին, ծերերին, խրոնիկ հիվանդներին աջակցություն ցույց տալու համար։ Այս պայմաններում որոշում է կայացվել, որ պետք է հումանիտար աջակցություն ցուցաբերվի 400 տոննայի չափով՝ սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Դիմել ենք ՌԴ խաղաղապահ ուժերին՝ հումանիտար առաջկցությունը ԼՂ առաքելու նպատակով», - ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

«Ազատության» դիտարկմանը, թե Բաքուն արդեն սադրանք է որակել Երևանի այս քայլը, Սարգսյանն արձագանքեց՝ «Երևանի առաջնային նպատակը, առաքելությունը, տվյալ պարագայում, հումանիտար բեռների՝ միանշանակ հումանիտար մղումներով միջոցատում իրականացնելն է»։

«Չեմ կարծում, որ ԼՂ-ում արդեն սովի և հումանիտար այս ծանր ճգնաժամի պայմաններում հումանիտար բնույթի ապրանքների տեղափոխումը կարելի է սադրանք որակել», - ասաց նա՝ հույս հայտնելով, որ Բաքուն խոչընդոտ չի հանդիսանա։

Հարցին, թե այնուամենայիվ երաշխիքներ կա՞ն, որ օգնությունը տեղ կհասնի, Սարգսյանը պատասխանեց․ -«Մենք ականտես ենք լինում, որ դեկտեմբերի 12-ից սկսած միջանցքը փակ է, հունիսի 15-ից սկսած արգելված է նույնիսկ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից մատակարարումների հարցը, էս իրավիճակում երաշխիքների մասով ավելորդ է խոսել»։

Երեկ Կառավարությունը հաղորդեց, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ: Կառավարությունը չէր մանրամասնել, թե ինչպես էր այդ օգնությունը հասցվելու պաշարված Արցախ։

Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, թե իբր հայկական կողմը Լաչինի միջանցքում «տարբեր տրանսպորտային միջոցների կուտակմամբ սադրանք է նախապատրաստում»՝ առանց մանրամասներ հայտնելու։

2022-ի դեկտեմբերի 12-ից, բնապահպանական պատրվակով, Ադրբեջանը փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այս տարվա ապրիլի 23-ից էլ Ադրբեջանը փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Արդեն ուղիղ 7 ամիս շրջափակված Արցախն այս պահին ընդհանրապես կտրված է Հայաստանից, հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այժմ կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ վերջին շաբաթներին արգելվել է բոլոր ապրանքների մատակարարումը։ Ապաշրջափակման պահանջով Արցախում հանրահավաքներ են մեկնարկել։

XS
SM
MD
LG