Մատչելիության հղումներ

Կյանքի ամեն մի օրը կարող է դառնալ վերջինը. Արթուր Թովմասյան


ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյան
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյան

«Կյանքի ամեն մի օրը կարող է դառնալ վերջինը», - ՄԱԿ անդամ պետությունների ղեկավարներին է դիմում Արցախի խորհրդարանի նախագահը։

Հումանիտար աղետ է, վտանգված է արցախցիների ֆիզիկական գոյությունը, 222 օր է իրենք բանտում են, իսկ հունիսի 15 ից մինչև այս պահը համակենտրոնացման ճամբարում. - «Սա մարդու համար չէ։ Համաշխարհային պատմության մեջ ունենք ֆաշիստական Գերմանիայի օրինակը, որի մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտվել են ողջամիտ աշխարհի կողմից»։

Թովմասյանը շեշտում է՝ Ադրբեջանի հետ պատրաստ են ապրել, բայց հավասարը հավասարի պես. - «Այդ դեպքում պատրաստ ենք տանկը փոխարինել տրակտորով, ինքնաձիգը՝ բահով»։

Արցախի խորհրդարանականներն այսօր հրավիրած արտահերթ նիստում ուղերձով դիմեցին Հայաստանին ու Միավորված ազգերի կազմակերպությանը. - «Անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ»։

Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանն էր ուղերձը ներկայացնում։ Այստեղ նշել են, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները միջազգային մանդատ չունեն, և դա կանաչ լույս է Ադրբեջանի համար։ Հրադադարի ռեժիմը խախտվում է պարբերաբար, Լաչինի միջանցքն արգելափակել են ու անտեսում են Ստրասբուրգի դատարանի, ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի որոշումները, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևերը։

Ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու թեմայով Հայաստանի վարչապետը խոսել էր լրագրողների հետ այս տարեսկզբի հանդիպմանը. - «Եթե պարզվի, որ Ռուսաստանի Դաշնությունը այդ պարտավորությունները չի կարողանում կատարի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ ինքը պետք ա դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կամ ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու, կամ նոր խաղաղապահ առաքելություն ուղարկելու Լեռնային Ղարաբաղ, բազմազգ առաքելություն, որը կապահովի արդեն իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված անվտանգային ճարտարապետությունը»։

Ադրբեջանական դրոշը տեղադրելու ձախողված փորձից հետո Բաքուն արդեն 37-րդ օր է ամբողջությամբ դադարեցված է շարժը Հակարիի ադրբեջանական անցակետով՝ Հայաստանն Արցախին կապող միակ Լաչինի միջանցքով։ Մինչև վերջին մեկ շաբաթը երբեմն երբեմն Կարմիր խաչի մեքենաներին էին թույլ տալիս ծայրահեղ ծանր հիվանդներին Երևան տեղափոխել , հուլիսի 14-ից հետո դա էլ արգելվեց։

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը երեկ Հանրայինի եթերում բացահայտեց, թե ինչ նոր նախապայմաններ ունի Բաքուն հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպության համար. - «Ադրբեջանի հնարամտությունը սահմաններ չունի։ Ի վերջո, մենք հասանք մի կետի, երբ անցակետում Ադրբեջանը նաև ադրբեջանցի բժիշկներ ներգրավեց և պայման դրեց Կարմիր խաչի առջև, որ Հայաստան մեկնող հիվանդները պետք է լրացուցիչ բուժզննության ենթարկվեն անցակետում»։

Ադրբեջանական բուժզննման պայմաններից է նաև՝ եթե պետք լինի, հիվանդներին մերկացնելը, ասաց պետնախարարը. - «Մերօրյա իրողությունների պայմաններում քաղաքացիները ադրբեջանցիների կողմից բուժզննության ենթարկվեն, ես նույնիսկ չեմ բացառում, ավելին՝ համոզված եմ, որ երբեմն էդ գործընթացը նույնիսկ տեսախցիկների ներկայությամբ ու դրանց տեսադաշտում»։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նոր նախապայմանների ու խոչընդոտների մասին չխոսեցին։ Հայաստանից ու աշխարհից կտրված Արցախը աղետալի վիճակում է, ահազանգում են տեղի իշխանությունները, իսկ մարդիկ ժամերով հերթերում են մեկ հացի ու մի տուփ կաթնասերի համար։ Այսօր այդ հերթում մի տարեց տղամարդ է վատացել։ Խանութներում ոչինչ չկա, գյուղերից բանջարեղենը Ստեփանակերտ չի հասնում, որովհետև վառելիք չկա։ Քաղաքում էլ հանրային տրանսպորտը մի քանի օր է դադարել է գործել , նույն վառելիքի պատճառով։ Միակ ավտոբուսն այնքան ծանրաբեռնված է, որ այստեղ երեկ երիտասարդ մի աղջիկ է ուշաթափվել։

Արցախի օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչը երկու օր է դատարկ խանութներից, շուկայից, կաթի ու հացի հերթերի մոտից անգլերենով աշխարհին պատմում է թե ինչ վիճակում են մարդիկ։

Մարդու իրավունքների պաշտպանը սոցցանցի իր էջում գրել է. - «Այլևս չգիտեմ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG