Մատչելիության հղումներ

«120 հազար մարդ սովի սպառնալիքի տակ է». Ստեփանակերտի բնակիչ


Ստեփանակերտցի Արշակ Աբրահամյանը վաղ առավոտից շրջում է խանութներով, տասից ավելի վաճառասրահ է մտել, միայն մի տեղ հաց է գտել ու մի քանի ոչ շատ օգտագործվող ապրանք:

«Հացից բացի հիմնականում եղել է այնպիսի բան, որ չի օգտագործվում այդքան շատ: Մի խանութում հանդիպել եմ մի քանի պաչկով կարմիր պղպեղ, ուկսուս, սոդա», - ներկայացրեց Աբրահամյանը:

Հացի խնդիր ստեղծվում է, քանի որ բենզին չկա հացը խանութներ հասցնելու համար, երկար հերթեր են փռերի առջև։ 120 հազար մարդ սովի սպառնալիքի տակ է, ասում է Արշակ Աբրահամյանը:

«Փորձում են, բնականաբար, իրենց քաղցը հագեցնել ձեռքի տակ եղած սննդամթերքի միջոցով՝ չնայած շատ քիչ քանակությանը: Որպես այդպիսին՝ սով նկարագրելը, բնականաբար, մի քիչ շատ ծայրահեղ կլինի, բայց արդեն իրավիճակը, օղակը սեղմվում է», - ասաց Ստեփանակերտի բնակիչը:

Արցախի պաշարման 214-րդ օրն է և մեկ ամիս է, ինչ ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին էլ թույլ չի տալիս որևէ բեռ անցկացնել Հակարիի իրենց անցակետով: Կաթնամթերք, քաղցրեղեն, միրգ, բանջարեղեն՝ ստեփանակերտցիները զրկված են այս ամենից:

Ստեփանակերտում գործող Շուշիի մանկապարտեզի տնօրենն ասում է՝ փոքրիկները նկարչության ժամին նկարում են այն, ինչի համը կուզեին տեսնել:

«Արդեն մրգի հարցը դժվարացավ, երեխաները զրկվեցին մրգից: Երբ ազատ նկարչություն ես հանձնարարում, երեխաները միրգ են նկարում, քանի որ դրան կարոտ են», - նշեց էմմա Աբրահամյանը:

Գյուղերում երանելի բանջարեղեն-միրգը գտնվում է, այգիներ կան, ու թեպետ ջրի խնդիրը հիմա սրվել է, այնուամենայնիվ, խոհանոց տանելու մթերք գտնվում է. - «Այգիներում կարտոֆիլը կա, վարունգը կա, լոբին կա, դդումը կա և այլն»:

Խրամորթցի Հասմիկ Անդրյանն ասում՝ յոլա են գնում նրանով, ինչ աճեցրել են, գյուղի խանութը դատարկ է վաղուց։

Միքայել Բալայանը Խրամորթի խանութպանն է, ներկայացնում է՝ խանութում ինչ կա. - «Հաց, օղի, չայ, սալֆետկա, տենց մանր-մունր բաներ էլի, սնունդ ոչինչ չկա»:

Խրամորթում ռուս խաղաղապահներ կան տեղակայված, Միքայել Բալայանն ասում է՝ նախկինում իր խանութից ռուսներն օգտվում էին, հիմա երևի գիտեն, որ դատարկություն է:

Խրամորթում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ամառային դպրոց է կազմակերպում 45 երեխայի համար։ Դպրոցի կազմակերպիչ Հասմիկ Անդրյանն ասում է՝ շատ երկար քննարկեցին, թե ինչպես են կերակրելու երեխաներին՝ գոնե մեկ անգամ, դպրոցում մնալու ժամերը կրճատեցին, որ այդ գործը գլուխ բերեն. - «Թեթևակի բաներ կտանք՝ վարունգ, եգիպտացորեն, հաց, պանիր, ժենգյալով հաց, էդ ա»:

Վարունգն ու եգիպտացորենը կհավաքեն Խրամորթի այգիներից, հաց ու պանիր Կարմիր խաչն է խոստացել բերել։

Արցախից տարածվող լուսանկարներում այժմ միայն հերթեր են՝ «Արցախկաթի» կոմբինատի մոտ բազմություն է առավոտյան 5-ից են հերթ պահում, այլ նկարում մի քանի ամսական Ավետիսն է մայրիկի գրկում՝ իր սիրելի կաթնախառնուրդին փոխարինող մի բանի սպասում։ Մեկում այլ լուսանկարում էլ բենզինի, գազի տրանսպորտի բացակայության պայմաններում՝ արցախցի մի տղամարդ ձիով է հասել Ստեփանակերտ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG