Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացված ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը («Պատիվ ունեմ») այսօր դիմել է դատարան՝ իր լիազորությունները վերականգնելու պահանջով։
Նա իր պաշտոնանկությունն ապօրինի է համարում, հայտարարում է, թե զրկված է եղել իր փաստարկները ներկայացնելու իրավունքից. - «Ես ունեցել եմ անաշխատունակության թերթիկ, նախապես ներկայացրել եմ տեղեկություն գրավոր և' Ազգային ժողովի նախագահին, և' Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարին՝ նրանցից ակնկալելով, որ ինձ վերաբերելի հարցի քննությունը կհետաձգվի մինչև ես կկարողանամ ներկայանալ աշխատանքի։ Նրանք չեն լսել և իմ դիմումը անպատասխան են թողել և քննարկել են ու քվեարկել են ինձ լիազորություններից զրկելու հարցը»։
Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից իշխող ուժը Թովմասյանին հեռացրեց հուլիսի 11-ին՝ փակ գաղտնի քվեարկությամբ։ Իշխանականները հիմնավորում են, թե Թովմասյանը չի մասնակցել Ազգային ժողովի խորհրդի նիստերին, 46-ից 38-ը բաց է թողել, ինչը բացասաբար է ազդել հանձնաժողովի աշխատանքների վրա։ Պնդում են, թե նիստերից մեկում Թովմասյանն անտարբեր է եղել մարդու արժանապատվությունը ոտնահարող և վիրավորանք պարունակող հայտարարությունների նկատմամբ։
«Տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր իսկ նախագահությամբ ընթացող հանձնաժողովի նիստերի ընթացքում Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործունեությամբ նպաստելով դրանց կրկնությանը», - հայտարարել էր Հովիկ Աղազարյանը («Քաղաքացիական պայմանագիր»)։
Թովմասյանը համոզված է, որ դատարանի միջոցով վերականգնելու է նախագահի իր լիազորությունները, հակառակ դեպքում պատրաստ է նաև հայց ներկայացնել Մարդու իրավուքների եվրոպական դատարան. - «Նրանք, ինձ հեռացնելով հանձնաժողովի նախագահի պաշտոնից, չեն կարող լռեցնել։ Եվ ես իմ գործունեությունը շարունակելու եմ իբրև պատգամավոր։ Եվ ամեն անգամ իմ բոլոր գրությունները միջազգային ասպարեզ բերելուց և միջազգային դերակատարներին ուղարկելուց առաջ ես գրելու եմ՝ ապօրինաբար պաշտոնազրկված հանձնաժողովի նախագահ։ Որպեսզի միջազգային հանրության աչքին ժողովրդավարության շղարշով հանդես եկող և ժողովրդավարության պուչիկը փչած Նիկոլ Փաշինյանի ռեժիմը հասկանա, որ Հայաստանի խորհրդարանը զրկված է ընդդիմադիր պաշտոնյաներից»։
Թագուհի Թովմասյանը վերջին ընդդիմադիր պատգամավորն էր, որ խորհրդարանական հանձնաժողով էր ղեկավարում։ Ընդդիմությունն հայտարարել է, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու չի առաջադրի։ Իշխանությունից վստահեցնում են, թե իրենք ևս նպատակ չունեն թեկնածու առաջադրելու։
Եթե նոր թեկնածու չառաջադրվի, ապա, ըստ ԱԺ կանոնակարգի, նախագահի պարտականությունները կկատարի հանձնաժողովի փոխնախագահ, իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
«Իմ ակցիան կարճաժամկետ էր, և եթե ես շարունակեմ ստորագրահավաքը, ես վստահ եմ, որ միլիոնավոր ստորագրություն կհավաքեմ», - նշեց Թովմասյանը։
Ընդդիմադիր պատգամավորն այսօր ամփոփեց նաև մայիսից մեկնարկած Արցախի հարցով ստորագրահավաքի արդյունքները։ Ըստ Թովմասյանի, այս ընթացքում ավելի քան կես միլիոն ստորագրություն են հավաքել քաղաքացիներից, որոնք հաստատել են, որ դեմ են Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն, և պահանջում են Լաչինի միջանցքից ադրբեջանական ացնակետի հեռացումը. - «Դուք հասկանում եք, որ սա զուտ ստորագրահավաք չէ կամ զուտ այնպիսի իրավիճակ չէ, որը պիտի արձանագրենք և առաջ անցնենք, սա կոնկրետ ակցիա էր, կոնկրետ լակմուսի թուղթ, որ Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմության Արցախի հարցով և չունի լեգիտիմության պաշտպանելու այն թեզերը, որոնք որ նա առաջ է տանում»։
Ստորագրությունների տրցակներն այսօր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն Ազգային ժողով էր բերել։ Թագուհի Թովմասյանի խոսքով, այդ ստորագրությունները փաստում են, որ Հայաստանի վարչապետը չունի լեգիտիմություն Արցախի հարցով զբաղվելու։
Իշխող ուժի ներկայացուցիչներից այսօր չհաջողվեց արձագանք վերցնել ընդդիմադիր պատգամավորի հայտարարությունների վերաբերյալ։ «Քաղաքացիական պայմանագրից» մեր զանգերն անպատասխան են թողնում, խորհրդարանում էլ նրանց չհաջողվեց հանդիպել։