Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին Թագուհի Թովմասյանի հարցով ԱԺ արտահերթը


Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը «ամբողջությամբ քաղաքական և ընդդիմության վրա ճնշումներ գործադրելուն միտված» գործընթաց է համարում խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությունը։

Գործընթացը որակելով ապօրինի՝ ընդդիմադիր խմբակցությունը հայտարարում է, որ բոյկոտում է այդ հարցով այսօրվա արտահերթ նիստը՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ «այս ապօրինի գործընթացի ընթացքում Թագուհի Թովմասյանը զրկված է լսված լինելու իր իրավունքի իրացման հնարավորությունից»։

«Պատիվ ունեմը» նաև հայտարարում է, որ չի առաջադրելու հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու։

Ազգային ժողովի այսօրվա նիստին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը ևս «չի մասնակցելու այդ ապօրինի քննարկումներին»։

Թագուհի Թովմասյանն է Ֆեյսբուքում գրառում կատարել՝ տեղեկացնելով, որ այսօրվա ԱԺ նիստին չի մասնակցի՝ մինչև հուլիսի 15-ն անաշխատունակ է։

«Ինձ վերաբերվող նախագիծը կքննարկվի իմ լսված լինելու և իմ խոսքը ԱԺ ամբիոնից ընտրողներին հասցնելու իրավունքների կոպտագույն խախտմամբ», - գրել է Թովմասյանը՝ շարունակելով․ - «Իհարկե, հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն է հրահանգել ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ տեսնել, քանի որ 2020-ից հրաժարվեցի հայրենիք հանձնողների հետ ճանապարհ գնալ: Բայց ինձ չե՛ք վախեցնի, չե՛ք լռեցնի: Ազատ խոսքն ու քաղաքական ազատությունն ինձ համար անփոխարինելի արժեքներ են: Ասել եմ, ասելու եմ այն, ինչ մտածում եմ»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ցանկանում է ընդդիմադիր պատգամավորին զրկել Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ որպես հիմնական պատճառ նշելով Թովմասյանի բացակայություններն Ազգային ժողովի խորհրդի նիստերից։

Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին նախգծի քվեարկությունը կանցկացվի այսօր՝ փակ-գաղտնի ընթացակարգով։

Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո տասնօրյա ժամկետում պետք է նոր թեկնածուներ առաջադրվեն։ Ու եթե խմբակցությունը, որին վերապահված է թափուր պաշտոնը, թեկնածու չի առաջադրում, առաջադրելու իրավունքն անցնում է ամենամեծ խմբակցությանը՝ այս դեպքում իշխող «Քաղաքացիական պայմանագրին»։ Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու համար իշխող ուժը բավարար ձայներ ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG